«Ալիևը ոչ մի պատճառ չունի գերիներին վերադարձնելու համար». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե երեկ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ Բաքվից Երևան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած՝ տեղանքի ուսումնասիրությունը: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետն ասաց, որ Մեղրիի միջանցքի մասին խոսակցություններն ընտրություններից առաջ լուրջ չեն:
«Գործող իշխանության տեսանկյունից՝ ընտրություններից առաջ ավելորդ անհանգստություն առաջացնել, ուղղակի որովհետև չեն կարող սպասել 3 ամիս, ողջամիտ չէր լինի, դրա համար ես կարծում եմ, որ դժվար թե նման բան լինի, առնվազն մոտակա ժամանակում: Ընդհանրապես մենք, իհարկե, հասկանում ենք, որ ճանապարհների մասին խոսակցություններն ընթանում են, իսկ երբ խոսքը վերաբերում է ճանապարհներին, դա հիմնականում Մեղրիի մասին է, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջը Մեղրիի միջանցքն է, և խոսքը ոչ թե Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան ճանապարհի մասին է, այլ Ադրբեջանից Թուրքիա»,- ասաց Իսկանդարյանը և ավելացրեց՝ քանի որ կոմունիկացիաները բացելու մասին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ունեն տարբեր պատկերացումներ, և այդ ճանապարհների մասին բոլոր համաձայնագրերը կնքված չեն, դժվար թե պատվիրակություն գա տեղանքը որոշելու:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթն առցանց սեմինարի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին օգնել հաստատել երկարատև խաղաղություն, եթե նրանք համաձայնեն: Իսկանդարյանի խոսքով՝ նման հայտարարություններ հնչում են Արցախյան հարցի ծագման պահից, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի ավարտից հետո բազմիցս ասել է, որ Արցախյան խնդիրը լուծված է, հետևաբար՝ իրեն որևէ օգնություն պետք չէ:
«Ադրբեջանը հայերի մոտ փնտրում է ցավոտ կետեր և խփում է այդ ցավոտ կետերին: Դրանք երեքն են. մարդիկ՝ գերիներ, տարածքներ, որոնք Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմանին են, և երրորդը կոմունիկացիաներն են: Իսկ սահմաններին հետաքրքիր է հետևել, ես արդեն հասցրել եմ գնալ տեսնել սահմանները, ադրբեջանցիները հաճախ վերցնում են 100 քմ տարածք, որն ակնհայտորեն իրենց ոչ մի տեսանկյունից պետք չէ, ոչ ստրատեգիական, ոչ այլ, ուղղակի վերցնում են հայերին զայրացնելու համար, քաղաքականություն է այդպիսի, Իրենց պետք է Հայաստանի տարածքով միջանցք դեպի Թուրքիա, որը չեն հսկի հայերը»,- ասաց Իսկանդարյանը:
Քաղաքագետի պնդմամբ՝ դժվար է ասել, թե ի՞նչ պայմաններով և ինչպե՞ս է գործելու այդ ճանապարհը, սակայն պարզ է, թե ինչ նախագիծ է սա:
«Նախագիծը բացառապես քաղաքական է, տնտեսության հետ որևէ կապ չունի: Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի երկաթուղի, այն անցնում է Վրաստանով և չի աշխատում»,- ասաց նա:
Իսկանդարյանի կարծիքով՝ չնայած Իլհամ Ալիևի պնդումներին, թե Արցախյան հարցը լուծվել է, այդ հարցը կախված է օդում, քանի որ դրա լուծման երկու տարբերակ կա՝ կա՛մ ոչնչացնել Արցախում ապրող հայերին, ինչը չի կարող անել, քանի որ այնտեղ խաղաղապահ զորք կա, կա՛մ խոսել հայերի հետ, ինչն Ադրբեջանը չի ցանկանում անել:
«Պատերազմն ավարտվել է, այն փաստաթուղթը, որը ստորագրել են նոյեմբերի 9-ին, Արցախյան հարցի մասին փաստաթուղթ չէ, դա կրակի դադարեցման մասին է, այնտեղ Արցախյան հարցի, կարգավիճակի, երաշխիքների մասին ոչ մի խոսք չկա: Խնդիրը մնացել է, ինչ էլ ասի Ալիևը»,- ասաց քաղաքագետը և պնդեց, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հարցի կարգավորման համար ցանկանում են պահպանել Մինսկի խմբի ձևաչափը:
Անդրադառնալով պատերազմից հետո Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններին՝ Իսկանդարյանն ասաց, որ Թուրքիան մտել է Հարավային Կովկասի անվտանգային դաշտ և լինելու է այստեղ: Նրա խոսքով՝ սա կարող է լինել և՛ ուժի ցուցադրություն, և՛ հոգեբանական ազդեցության համար արվող քայլ:
«Պատերազմ, մոտակա տարիներին, դժվար է պատկերացնել, քանի որ ռուսները գտնվում են տարածաշրջանում, թուրքերի համար այս տարածաշրջանում պատերազմելը նշանակում է՝ պատերազմել ոչ թե հայերի, այլ ռուսների հետ»:
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր համատեղ նոր ատոմակայանի կառուցման մասին: Ալեքսանդր Իսկանդարյանն այս խոսակցությունը կապեց նախընտրական շրջանի հետ և ասաց, որ Փաշինյանը Պուտինի հետ կարող էր քննարկել անգամ տիեզերանավի կառուցում: Անդրադառնալով Փաշինյանի բարձրացրած մյուս հարցին՝ գերիների խնդրին, Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանը որևէ լծակ չունի ազդելու Ադրբեջանի վրա:
«Հույսն ինչի՞ վրա դնել, Ադրբեջանի բանակցելու կարողությա՞ն, Ադրբեջանի ողորմածությա՞ն: Ալիևի ողորմածության վրա հույս դնելու հնարավորությունը, կարծում եմ, մեծ չէ, բանակցելու կարողությունն էլ, հետևաբար՝ մենք ունենալու ենք այն, ինչ ունենք: Ես չգիտեմ, թե Ալիևը գերիների դիմաց ի՞նչ է ուզում Փաշինյանից, կարող եմ ենթադրել, բայց չգիտեմ, օրինակ՝ Մեղրի, կամ ինչ-որ նման բան, բայց սա անպատասխանատու հայտարարություն կլինի իմ կողմից, որովհետև ապացույցներ չունեմ: Ալիևը ոչ մի պատճառ չունի գերիներին վերադարձնելու համար, սա ակնհայտ է: Ինձ համար հասկանալի է, որ կարելի է հույս դնել միայն նրա վրա, որ կամաց-կամաց, երրորդ երկրի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, որևէ այլ երկրի միջոցով հնարավոր է հաջողվի Ադրբեջանից կորզել մեկ, երկու, երեք մարդու (գերու): Սպասել, որ Ալիևը մի օր կարթնանա և կհիշի, որ նոյեմբերի 9-ին համաձայնագիր է ստորագրել ու պետք է վերադարձնի գերիներին, չի լինելու նման բան»,- ասաց Իսկանդարյանը: