Բաժիններ՝

«Հարկ վճարողի օր սահմանելու գաղափարի տակ մենք տրամաբանություն ու իմաստ ենք դրել». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ երկրում տնտեսական վիճակը գնահատելու համար պետք է հետևել վիճակագրական տվյալներին, կոնկրետ ՊԵԿ-ի մասով՝ հարկերի հավաքագրման ստացակարգին և տարբեր ոլորտներում տիրող իրավիճակին, հատկապես՝ առևտրաշրջանառության ծավալներին։

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից, այո, փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում հարկ վճարողի օր սահմանելուն, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ օրը սահմանել են ոչ թե նրա համար, որ հարկերն ավելանա, այլ այդ օրն իր լուրջ ազդեցությունը կունենա։

«Հարկ վճարողի օր սահմանելու գաղափարի տակ մենք տրամաբանություն ու իմաստ ենք դրել։ Իսկ ինչո՞ւ հարկ վճարողը տարվա մեջ իր օրը չունենա, ինչո՞ւ այդ օրվա ընթացքում չմատնանշվեն այն օրինապահ հարկ վճարողները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի սահմանաված կարգով պետական բյուջե վճարեն հարկեր»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ ուսումնասիրո՞ւմ են շուկան` հասկանալու համար՝ թուրքական ապրանք ներկրվո՞ւմ է Հայաստան, թե՞ ոչ, քանի որ նման տեղեկատվություն է շրջանառվում, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հարցին վերջերս բազմիցս անդրադարձել է, այդ թվում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, լրագրողները կարող են դրան հետևել։

Ինչ վերաբերում է Իրանից վարունգ և լոլիկ ներկրելուն, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ ներկրումներ կան, սակայն չի կարող ասել, թե օրվա կտրվածքով  քանի տոննա է ներկրվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս