«Իսկանդեր»-յան սկանդալը չի հանդարտվում. Հայ-ադրբեջանական դեմա՞րշ Ռուսաստանի դեմ

Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման հարցը դարձավ այս պատերազմի ամենամութ, սակայն անկյունաքարային և վճռորոշ հանգրվաններից մեկը: Եվ դա պատահական չէ, քանի որ «Իսկանդեր» համակարգերը ՌԴ ուժային և միջուկային իմիջի ամենաառանցքային հենասյուներն են և ՀՀ զինանոցի ամենահզոր զենքը:

Ուշագրավն այն է, որ այս պատերազմում դրանց կիրառման վերաբերյալ բոլոր մեկնաբանություններն ավելի ու ավելի են շատացնում հարցերը, ոչ թե պատասխանում արդեն իսկ առկա հարցերին:

«Իսկանդերը» կիրառվել է Շուշիում

Նախ հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում բոլորին հետաքրքրող գլխավոր հարցերից մեկն «Ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվում» հարցն էր, որը, ելնելով իրավիճակից և ռազմական գաղտնիքի բաղադրիչից, լրագրողական հանրույթը չէր փորձում տորպեդահարել: Սակայն պատերազմից հետո այդ համալիրների կիրառման մասին առաջինը խոսեց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. ««7-ը նոյեմբերի, 2020 թ., 09:00: Շուշի վրա է ընկնում հայկական «Իսկանդերը»: Էդ պահին այնտեղ դեռ բազմաթիվ հայ զինվորներ կային…»:
Սա, իհարկե, շատ տարօրինակ և անվստահելի հնչեց այդ ժամանակ նաև այն պատճառով, որ ՀՀ ՊՆ-ն որևէ կերպ չէր մեկնաբանում «Իսկանդերի» կիրառման լուրը:

Դանիելյանի շրջանառության մեջ դրած լուրն ավելի ուշ հաստատեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ «Իսկանդերը» կրակել է, բայց թե որտեղ՝ չի ասի։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմին հաջորդած իր մեծ հարցազրույցում ևս ասաց, որ «Իսկանդերը» պատերազմի ընթացքում կիրառվել է։ «Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ»,- ասել էր նա՝ ենթադրելով, որ Ադրբեջանի ուղղությամբ չի կիրառվել, քանի որ իշխանությունը վախեցել է պատասխան հարվածից: «Այսինքն` Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է»,- նշել էր նա:

«Իսկանդերը» պայթել է, օրինակ, 10 տոկոսով». տարածաշրջանային սկանդալ

Արձագանքելով Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»: Ճշտող հարցին, թե այդպե՞ս էլ է լինում, նա պատասխանել էր․  «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»: Փաշինյանական մեկնաբանությունները դարձան իրական տարածաշրջանային սկանդալ և «Իսկանդերի» փայլուն իմիջին ուղղված հարված, որին արձագանքեցին թե հայ, թե ռուս, թե ադրբեջանցի և մի շարք միջազգային ռազմագետներ՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի ռազմական գիտելիքները և իմացությունն այդ գործից:

Սակայն այդ արձագանքներից ամենակարևորը ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի արձագանքն էր, որ «Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում, հավանաբար՝ Փաշինյանին մոլորության մեջ են գցել։ Եվ այս ամենին հաջորդեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային պաշտոնանկությունն «Իսկանդերի» մասին հայտնի կարճ հարցազրույցից հետո։

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը

Զարգացումները, իհարկե, այսքանով չսահմանափակվեցին, և տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ ԳՇ ոչ պակաս սկանդալային հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որի հետևանքով Փաշինյան-ԳՇ առճակատումը շարունակվեց մի քանի շաբաթ, և արագացան ներքաղաքական մի շարք գործընթացներ ՀՀ-ում: Այստեղ հարկ է նաև հիշեցնել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ քայլը դատապարտեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ այն որակելով նույնիսկ հեղաշրջման փորձ: Թերևս, լավ ենք հիշում՝ ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես հեռացավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և նշանակվեց Արտակ Դավթյանը: Բայց «Իսկանդերի» թեման, ինչպես և սպասվում էր, քննարկվեց նաև ամենաբարձր Փաշինյան-Պուտին մակարդակով սկանդալային հայտարարությանը հաջորդած հեռախոսազրույցում, որից հետո Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանեց՝ Ն․ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Սակայն այս զարգացումները միանշանակ սկսվեցին «Իսկանդերի» շուրջ բարձրացած աղմուկից:

Ադրբեջանը Շուշիում «Իսկանդերի» բեկորներ է գտել

Հետաքրքրականն այն է, որ եթե մինչ այս պահը դեռ անհասկանալի էր՝ կիրառվե՞լ են հրթիռներ, թե՞ ոչ, Ադրբեջանը, որի նախագահը Փաշինյանի սկանդալից հետո պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ ռուսական «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել, մասնավորապես՝ ադրբեջանական Ականազերծման գործողությունների (ANAMA) գործակալությունը նախօրեին էլ հայտնեց, որ ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր և մարտի 15-ին Շուշի քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների բեկորներ՝ հաստատելով ըստ էության ՀՀ-ից հնչող տեղեկությունները: Հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ի համար նման զգայուն հարցի վերաբերյալ Հայաստանից ու Ադրբեջանից տրվում են նույնական գնահատականներ և տեղեկություններ՝ ՌԴ-ի հետ չհամաձայնեցված կարգով:

Երևանն ու Բաքուն իրար մեջ խնդիրներ են լուծում

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամ»-ի հետ զրույցում բավականին բուռն ու զգացմունքային արձագանքեց այս թեմային՝ պնդելով, որ Ռուսաստանը նման տեղեկատվություն չունի, և տարածաշրջանում՝ Հայաստանից և Ադրբեջանից, այդ թեմայով խոսում են այն, ինչ ցանկանում են: «Մենք նման տեղեկատվություն չունենք, ուստի մեկնաբանելու բան էլ չունենք: Մեզ համար կարևորն այն է, թե ինչ է ասում պաշտոնական Մոսկվան: Իսկ թե որտեղ, ինչ ներկայացուցիչ ինչ է ասում՝ մեզ հետաքրքիր չէ»,- ասաց Տարասովը:

Նա հորդորեց այդ հարցը պարզել տեղում՝ երկու երկրների միջև: «Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը, ՌԴ-ն շատ հեռու է, ՌԴ-ն իր խնդիրներն ունի: Այս ամենը շահարկվում է ներքաղաքական օրակարգերից ելնելով՝ Երևանում և Բաքվում, Երևանի և Բաքվի միջև, լուծվում են ներքին խնդիրներ»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը:

Վերջինս ասաց, թե զգացողություն է, որ Ադրբեջանը ստացել է այն, ինչ ցանկանում էր, ստացել է Շուշին, ազատագրել է իր տարածքները: «Փաշինյանն ինչ կարողացել է՝ արել է Ադրբեջանի համար, ինչո՞ւ նրանք պետք է հանդես գան Փաշինյանի դեմ»,- ասաց Տարասովը:

Նա ասաց, որ չգիտի, օրինակ, թե ինչո՞ւ ավելի վաղ չի կիրառվել «Իսկանդերը», կամ ինչո՞ւ է Շուշիում կիրառվել՝ ասելով, որ այդ հարցին պետք է Հայաստանի ղեկավարները պատասխանեն․ «Ես կարող եմ մտածել այդ թեմայի շուրջ, բայց հորինել չեմ ցանկանում»:

Մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն էլ ասաց, որ ծայրահեղ բարդ է հստակ որևէ բան ասել այդ թեմայի վերաբերյալ, քանի որ կոնկրետ տվյալներ չկան, և կոնկրետ կտորտանքները, եթե դրանք ցուցադրվել են, ապացույց են: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ-ին, ըստ նրա, դեռ պետք է պարզել, թե որքանով է վերահսկում հայկական հրթիռները և կարող է դրանց կիրառման վերաբերյալ որևէ բան ասել:

Մեր դիտարկմանը, թե խնդիր չի տեսնում նրանում, որ այս մասով ՌԴ պաշտոնական կարծիքը չի համընկնում Երևանի և Բաքվի կարծիքներին, Խրամչիխինն ասաց, որ ներկայումս ողջ աշխարհում են նման հակասական հայտարարություններ լինում, և դրանից ոչինչ չի պատահում: «Չեմ կարող ասել նաև, թե ինչու է հիմա նման տեղեկատվություն տարածվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու է Շուշիում կիրառվել այդ համալիրը, Խրամչիխինը պատասխանեց, որ իր համար ընդհանրապես բարդ է հասկանալ ՀՀ ղեկավարության գործողությունների տրամաբանությունը, թե երբ, ինչ է կիրառել, և որքանով էր այն իսկապես պատրաստվում պատերազմել: «Խոսքը ՀՀ ղեկավարության և ոչ ԼՂ-ի մասին է, «Իսկանդեր» ունի միայն Հայաստանը, և եթե այն կիրառում է, ուրեմն ինքն է պատերազմում, քանի որ Ղարաբաղն այն չուներ և չէր կարող ունենալ: Դա կարող էր լինել զսպող գործոն, և գուցե վերջին փուլում են կիրառվել՝ արդեն որպես հուսահատ քայլ, բայց սա իմ ենթադրությունն է, կրկնեմ՝ ինձ համար, ինչպես դասական ֆիլմում, շատ բարդ է հասկանալ ոչ պրոֆեսիոնալի տրամաբանությունը: Փաշինյանը մարմնավորումն է այդ հայտարարության»,- ասաց Խրամչիխինը:

Նրա որակմամբ՝ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է խոսում, երբ խոսք է գնում ռազմական հարցերի մասին, թեև, ինչպես երևում է, նրա խոսքով, շատ տարբեր այլ հարցերի մասին ևս նա այդ ոճով է արտահայտվում:

«Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը սրանով՝ չգիտեմ, սակայն զինված է ռուսական սպառազինությամբ, և պետք է որ չցանկանա այն հեղինակազրկել»,- ասաց Խրամչիխինը: Նա գտնում է, որ այդ հրթիռների կիրառումը պատերազմի ընթացքը չի փոխել, քանի որ պատերազմի ընթացքը կփոխեր կիրթ ղեկավարությունը՝ իր կիրթ գործողություններով, ոչ թե մեկ «Իսկանդեր»:

«Իսկանդերի» կիրառման հարցը, անշուշտ, մեծ ռազմական բաղադրիչ ունի, սակայն ոչ պակաս աշխարհաքաղաքական նշանակություն, որը պայմանավորված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս