«Գլխավոր դատախազությունը գոյություն չունի մեր հանրապետությունում՝ որպես պետական ինստիտուտ». Հովհաննես Խուդոյան

«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները:

Նրա խոսքով՝ այժմ կա նման կարգավորում, երբ կարող է դատավորից գործ վերցվել, եթե դատավորը առողջական խնդիրների պատճառով չի կարող գործ քննել:

«Բայց հիմա խոսքը ոչ թե օբյեկտիվ անհնարինության մասին է, այլ դատարանի գործողությունները գնահատման ենթարկելու: Այսինքն՝ եթե որևէ դատավորի աշխատանք չի գոհացնում, կարելի է այդ գործը վերցնել ու տալ ուրիշ դատավորի՝ պատճառաբանելով, որ նա լավ չի տիրապետում: Խնդիրն այն է, որ այն դատավորը, որը լավ չի տիրապետում դատական պրոցեսներին, պետք է ընդհանրապես դատավոր չլինի: Եթե նա պարբերաբար խայտառակ խախտումներ է թույլ տալիս, կա համապատասխան ընթացակարգ՝ կարգապահական պատասխանատվության մեխանիզմներով»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն այս փոփոխությունների համաձայն՝ կարող է կամայական մի գործ համարել խիստ բարդ և որոշել դատավորների եռյակ, որոնցից վիճակահանությամբ որոշվելու է՝ ով է քննելու տվյալ գործը:

«Բայց ԲԴԽ-ն նախ պետք է գնահատի, որ այս գործը կարևոր է, պատասխանատու. ի՞նչ չափանիշերով է գնահատելու: Պիտի ծանոթանա գործի նյութերին, որը, ենթադրենք, բարդ, 100 հատորանոց գործ է ու գտնվում է Առաջին ատյանում, պիտի գնահատի՝ բա՞րդ է, թե՞ ոչ: Ընդ որում, ԲԴԽ-ն ամբողջական կազմով պետք է գնահատի գործի բարդությունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ ԲԴԽ-ն այս պարագայում պետք է կատարի Առաջին ատյանի դատարանի դեր:

Փաստաբանի կարծիքով՝ իրականում այս փոփոխությունների հետևում թաքնված է այն, որ այդ բարդագույն գործերը լինելու են այն գործերը, որոնք ունենալու են քաղաքական ենթատեքստ:

«Այո, գուցե խնդիր է, երբ առաջին օրը դատավոր դարձած անձին տալիս են քննելու պետական դավաճանության վերաբերյալ գործ: Հնարավոր է, որ այդ դատավորը պատրաստ չլինի նման գործ քննել, բայց եթե շարժառիթն անկեղծ է, ուղղակի կարելի է ստաժով որոշել, որ դատավորը կարող է ծանր հանցագործություններ քննել 2 տարի աշխատելուց կամ որոշակի վերապատրաստում անցնելուց հետո»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ այսպիսով դատական համակարգը հաստատ ավելի գրավիչ չի դառնալու, որովհետև ուղղակիորեն օրենքի այս փոփոխությունները կոչված են դատարանների անկախությունը խաթարելուն, քանի որ, եթե նույնիսկ ԲԴԽ-ն այն կառույցն է, որը պետք է վերահսկի ընդհանուր դատական համակարգի անխափան աշխատանքը, նման միջամտությունն առանձին վարույթներին ուղղակիորեն սպանում է դատական համակարգի անկախությունը, և իրեն հարգող որևիցե մասնագետ կրկին կմտածի՝ ինքը ցանկանո՞ւմ է դատավոր դառնալ, թե՞ ոչ:

Հաշվի առնելով այս փոփոխությունների՝ սահմանադրականության հետ խնդիրներ ունենալու ակնառու օրինակները, Հովհաննես Խուդոյանը հույս հայտնեց, որ այն ամեն դեպքում կվիճարկվի Սահմանադրական դատարանում:

«Այս բոլոր ապօրինությունների մեղավորությունը գալիս է իրավապահ համակարգի բուրգի վերևից, ոչ թե հիմքից, որովհետև Գլխավոր դատախազությունը գոյություն չունի մեր Հանրապետությունում՝ որպես պետական ինստիտուտ, որովհետև այնքան հանցագործություն, որ կատարվել է, ու աչք է փակվել դրա վրա, մատների վրա չես հաշվի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը ցավում է, որ իրավապահ համակարգում ապօրինություններ կատարած մարդիկ, բացի արժանապատվություն չունենալուց, չունեն նաև պարզ ինքնապահպանման բնազդ:

«Ծանր հանցագործություններ են կատարել, և սրանց համար պատասխան տալու ժամանակը մոտ ապագայում գալու է, հարցերը տրվելու են»,- նկատեց Հովհաննես Խուդոյանը:

Հարցին, թե ինչու է կոնկրետ աղմկոտ դրվագներով դատախազությունը ոչ թե անմիջապես գործ հարուցում, այլ դրանք ուղարկում կամ ԱԱԾ, կամ ՀՔԾ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ դատախազությունն այնքան է թաթախվել այս իշխանությունների ապօրինությունների մեջ, որ նույն թիմի մաս է կազմում:

«Քաղաքական, ռազմական և պետական ճգնաժամի պատասխանատուն ոչ այնքան գործադիր կամ օրենսդիր իշխանությունն է, որքան գլխավոր դատախազությունը: Երբ նայում ենք պետական ինստիտուտների՝ միմյանց հետ աշխատանքի հարաբերակցությանը, այն կառույցը, որը կարող է զսպել այս ամենը, ոչինչ չի անում: Հանրապետության վերջին 2-3 տարիների բոլոր պրոբլեմների պատճառը պետք է փնտրել գլխավոր դատախազության շենքում, որովհետև այնտեղ առաջնորդվում են ոչ թե իրավաբանությամբ, այլ քաղաքական իրավիճակով»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս