Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում
Ամառային և քաղաքական հանգստի պայմաններում Հայաստանում տեղի են ունենում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում դիալեկտիկորեն կապված գործընթացներ: «Ժողովրդավարական բաստիոնի» պիտակով ավտորիտար երկրում մեծ թափով ընթանում է մասնավոր սեփականության պետականացման գործընթաց:
Ընտրություններից հետո իշխանությունն ակտիվացրել է Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) պետականացման թեման, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քաղաքական հաշվեհարդարին զուգահեռ՝ սկսվել է նրան պատկանող «Արարատցեմենտի» և այլ ընկերությունների պետականացման գործընթացը:
Այս իշխանությունը կանգ չի առնելու և, մեծ հավանականությամբ, առաջիկայում պետականացման շքերթը շարունակելու է՝ ընչաքաղց զանգվածի համար ապահովելով «արդարության վերականգնման» տեսարաններ, իշխանության համար՝ փող, մեծ փող: Այլ պայմաններում տեղի ունեցողը շատ հարաբերականորեն հնարավոր կլիներ համարել խոշոր կապիտալի վերաբաշխում, որն այս կամ այն դրսևորմամբ հատուկ է Հայաստանի տիպի երկրներին: Բայց խնդիրն այն է, որ մինչ պետականացման անվան տակ իշխանությունն ամենաբռնի կերպով խլում է մարդկանց պատկանող բիզնեսը, զուգահեռաբար տեղի է ունենում պետության ապապետականացման գործընթացը՝ պետությանը ներհատուկ բովանդակության ու գործառույթների իմաստով:
Պետական կառավարման համակարգը, բոլոր իրավապահ մարմիններն այլևս անվերապահորեն ծառայում են իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին, ինչպես ավտորիտար ռեժիմներում:
Բայց այս հարցում Հայաստանը ևս տարբերվում է դասական օրինակներից այն առումով, որ պետության ապապետականացման շահառուն ոչ միայն և ոչ այնքան՝ իշխող ռեժիմն է, որքան նրա արտաքին հովանավորները՝ հավաքական Արևմուտքը՝ ուղղակիորեն, Ադրբեջանն ու Թուրքիան՝ դեռևս անուղղակիորեն, բայց ոչ պակաս չափաբաժնով: Արդյունքում, հայ գործարարներին պատկանող խոշոր բիզնեսը «պետականացվում է» մի իշխանության կողմից, որի շահառուները Հայաստանից դուրս են, այսինքն՝ այդ բիզնեսները երբևէ դառնալու են ոչ թե Հայաստանի պետության, այլ բոլոր նրանց, գուցե ոչ թղթային, սեփականությունը, որոնք հովանավորում են այսօրվա գործընթացները: Բիզնեսի պետականացումը տեղի է ունենում հասարակության ապազգայնացման գործընթացին զուգահեռ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: Իշխանությունը հայկական խոշոր կապիտալի դեմ պայքարից շատ ավելի վաղ սկսել էր ու շարունակում է պայքարն ամենայն ազգայինի դեմ. ինքնությունից՝ մինչև խորհրդանիշներ, Հայ Առաքելական եկեղեցուց՝ մինչև պատմական հիշողություն:
Սրանք փոխադարձաբար կապված գործընթացներ են և հանդիսանում են մեկ ընդհանուր նախագծի տարբեր մասերը: Հայկականությունից զրկված, ապազգային հասարակություն, պետականացվող խոշոր կապիտալ՝ պետականազերծ պետության պայմաններում՝ բոլոր հնարավոր արտաքին շահառուներով ու բաժնետերերով: Բայց կարևորն, իհարկե, հանգիստն է: Ոչ միայն ամառային, այլ նաև քաղաքական, որը ևս մի քանի սեզոն շարունակվելու դեպքում հանգեցնելու է պետության հանգստին: Վերջնական հանգստին:
Հարություն Ավետիսյան

