Ժաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Արվեստագետը պարգևատրվել է՝ ի նշանավորումն համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:
Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։
Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Փառատոնի շրջանակում հուլիսի 16-ին և 17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու երկու սերիայից բաղկացած ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որը պատմակենսագրական դրամա է, և որում Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի դերը։

