Ռուս-ադրբեջանական երկխոսության նոր փուլը. ի՞նչ է թաքնված Բայրամովի մոսկովյան այցի հետևում

Մինչ հայ-ռուսական հարաբերություններում փակուղային իրավիճակ է, կարգավորման նշաններ են ի հայտ գալիս ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, նախատեսված է հանդիպում ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուլիսի 16-17-ն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն, և տեղի կունենան նրա բանակցությունները ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ն այցին ընդառաջ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են։ Ինչպես նախկինում՝ մենք պատրաստ ենք տրամադրել պահանջվող աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- ասվում է  ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս գործընթացների ճանապարհային քարտեզները ներառված են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում։

Բացի այդ, հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին միավորող 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակն էական  ներուժ ունի։ Այս մեխանիզմը կոչված է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների կողմից տարածաշրջանային ցանկացած խնդրի և մարտահրավերի լուծմանը նպաստելու  համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ-ն Ջեյհուն Բայրամովի այցը դիտարկում է ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակականության և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հայտնել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ։ Հուլիսի 17-ին նա բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ուշագրավ է, որ այս այցից բառացիորեն մի քանի օր առաջ, Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում ելույթ ունենալով, Ալիևը նշել էր, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են:

Նա նաև ասել էր, թե  Բաքուն մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և ուշադրությամբ հետևում է նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններին։ «Մենք տեսել ենք Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ըստ որոնց՝ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ընդունել է, որ հարաբերություններում եղել են որոշ դժվարություններ, սակայն, նրա խոսքով, այդ փուլն արդեն անցյալում է։

«Կասեի, որ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են»,- հայտարարել էր նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ Նա նկատել էր՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում կառավարությունների, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ընդգրկում է՝ ինչպես ավանդական, այնպես էլ՝ ապագայում ձևավորվելիք նոր ուղղություններ, որոնց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն տրանսպորտի, առևտրի և հումանիտար համագործակցության ոլորտները։

Սրա հետ մեկտեղ՝ Ալիևն այդ մեդիաֆորումի ընթացքում Մոսկվայի համար խիստ տհաճ հայտարարություն էր արել, նշելով, որ Բաքուն «անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Ալիևը նաև կոչ էր արել պաշտոնական Կիևին՝ «չհամակերպվել ուկրաինական հողերի օկուպացիայի հետ»։

Սրան արձագանքելով ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր. «Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետը սխալ է»:

Նա նաև հստակեցրել էր, որ ՌԴ-ն բոլոր խողովակներով հետևողականորեն և հիմնավորված ձևով կբացատրի, թե ինչու է [Ալիևի մոտեցումները] սխալ համարում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բայրամովի մոսկովյան այցին հաջորդելու է նրա այցը Ուկրաինա, որն Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, բալանսավորման փորձ է:

Բայրամովի մոսկովյան այցը և դրան նախորդած՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերը գիտակցաբար փորձում են փակել վերջին շրջանում առկա լարվածության փուլը և հարաբերությունները վերադարձնել գործնական համագործակցության տրամաբանությանը։

Հատկանշական է, որ Մոսկվան այցին ընդառաջ ոչ միայն ընդգծեց ռուս-ադրբեջանական «վստահելի քաղաքական երկխոսության» շարունակականությունը, այլև հատուկ շեշտեց 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափի կարևորությունը։ Սա հերթական անգամ վկայում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր քաղաքական ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում՝ հենց այն օրակարգերի միջոցով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար դուրս  մղվեցին արևմտյան  ակտիվության հետևանքով։

Այդ համատեքստում Բաքուն իր հերթին՝ պատրաստակամություն է ցուցաբերում չխորացնել տարաձայնությունները և հարաբերությունները վերադարձնել կանխատեսելի համագործակցության դաշտ:

Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ նույնիսկ Ալիևի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ Մոսկվայի համար զգայուն հայտարարություններից հետո ռուսական արձագանքը մնաց զուսպ և սահմանափակվեց քաղաքական անհամաձայնության արձանագրմամբ։

Կրեմլը խուսափեց կոշտ քայլերից, իսկ դրանից ընդամենը մի քանի օր անց արդեն հայտարարվեց Բայրամովի պաշտոնական այցի մասին։ Սա խոսում է այն մասին, որ երկու մայրաքաղաքներում էլ ռազմավարական հաշվարկը գերակշռում է ընթացիկ տարաձայնությունների նկատմամբ։

Ադրբեջանը, պահպանելով արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունը և շարունակելով բազմավեկտոր քաղաքականությունը, միաժամանակ փորձում է չվտանգել Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Այս ֆոնին առավել ընդգծված է դառնում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս պատկերը։ Եթե ռուս-ադրբեջանական ուղղությամբ կողմերը հրապարակայնորեն խոսում են երկխոսության, համագործակցության ընդլայնման և փոխադարձ վստահության վերականգնման մասին, ապա հայ-ռուսական հարաբերություններում նման քաղաքական ազդակներ առայժմ չեն դիտարկվում։

Ավելին, վերջին ամիսներին Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի քաղաքական շփումների սահմանափակ բնույթը, փոխադարձ քննադատական հայտարարությունները և հիմնարար տարաձայնությունները ցույց են տալիս, որ հարաբերությունները շարունակում են մնալ բարդ փուլում։ Այդ պայմաններում Ռուսաստանը, փաստացի, փորձում է Հարավային Կովկասում պահպանել գործընկերային հենարանը, որն այսօր տեսնում է Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Հետևաբար, Բայրամովի մոսկովյան այցը դժվար է  դիտարկել միայն որպես հերթական դիվանագիտական շփում։ Այն ավելի լայն քաղաքական ազդակ է, որ Բաքուն շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացմամբ և չի ցանկանում, որ առանձին հակասություններն ազդեն երկկողմ ռազմավարական համագործակցության վրա։

Մոսկվան էլ, իր հերթին, պատրաստակամություն է ցուցաբերում ընդունել այդ մոտեցումը՝ Հարավային Կովկասում սեփական դիրքերի պահպանման և տարածաշրջանային գործընթացներում ներգրավվածությունը վերականգնելու նպատակով։ Սակայն, թե որքանով այս այցը և ադրբեջանառուսական համագործակցությունը կբավարարի ռուսական ակնկալիքները, ցույց կտա ժամանակը:

Այսպիսով, եթե հայ-ռուսական ուղղությամբ դեռևս գերակշռում է փոխադարձ անվստահության մթնոլորտը, ապա ռուս-ադրբեջանական հարաբերություններում այսօր արդեն նկատվում են հարաբերությունների վերականգնման և լարվածության մեղմացման հստակ քաղաքական ազդակներ, որոնք առաջիկայում կարող են վերածվել ավելի առարկայական համագործակցության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031