WSJ. ԱՄՆ-ում քննարկում են գրին-քարտի դիմորդների համար մինչև 100,000 դոլար գրավ սահմանելու հարցը
Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ հյուպատոսարանների միջոցով գրին-քարտի (մշտական բնակության իրավունքի) համար դիմող օտարերկրացիների մի մասի համար մինչև 100,000 դոլար գրավ սահմանելու հարցը։
Գումարը կարող է վերադարձվել ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո, սակայն դիմորդը ռիսկի է դիմում կորցնել այն, եթե տեղափոխվելուց հետո չկարողանա ինքնուրույն հոգալ իր ապրուստը։ Գրավի չափը կարող է կախված լինել կոնկրետ հայցվորի հանգամանքներից, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են ներգաղթել Միացյալ Նահանգներ, պետք է լինեն ֆինանսապես անկախ»,- ավելի վաղ հայտարարել էր Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոտը։
Համաձայն վարչակազմի ծրագրի՝ գրավը վճարելու են այն օտարերկրացիները, ովքեր գրին-քարտի փաստաթղթերը ներկայացնում են այլ երկրներում գործող ԱՄՆ հյուպատոսարանների միջոցով։ Նրանք կկարողանան հետ ստանալ իրենց միջոցները ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո, որի ձևակերպման գործընթացը սովորաբար տևում է առնվազն հինգ տարի։
Հունվարի 21-ից ԱՄՆ-ն անորոշ ժամկետով կասեցրել է 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների դիմումների մշակումը։ Սահմանափակումները վերաբերել են երկրում մշտական բնակություն հաստատելու համար նախատեսված վիզաներին, ներառյալ՝ ընտանիքի վերամիավորման դեպքերը։ Ընդ որում, ոչ ներգաղթային վիզաների՝ զբոսաշրջային, ուսանողական և գործնական, տրամադրումը շարունակվել է սովորական ռեժիմով։

