Ինչպե՞ս հաղթահարել «ամառային» առողջական խնդիրները․ մանկաբույժ Էդմոնդ Մղդսյանի խորհուրդները

Ծնողները հաճախ են առնչվում երեխաների «ամառային խնդիրներին»՝ արևայրուք, արևահարություն, սննդային թունավորումներ։ Մանկաբույժները ևս նշում են՝ նմանատիպ խնդիրներով ամռանը բժշկական օգնության դիմելիությունը զգալիորեն ավելանում է։ Այդ դեպքերի համար մինչև բժշկական խորհուրդները՝ մանկաբույժ Էդմոնդ Մղդսյանը մեկ խորհուրդ ունի՝ «կանխարգելում»։

«Ամառային խնդիրների մեծ մասը հնարավոր է կանխել, եթե երեխան բավարար հեղուկ է օգտագործում, խուսափում է արևի ամենաուժեղ ժամերից (մոտավորապես 11:00–16:00-ն), կրում է թեթև, մարմինը ծածկող հագուստ և գլխարկ, օգտագործում է արևապաշտպան քսուք, իսկ սնունդը պահվում է ճիշտ պայմաններում։ Կարևոր է նաև երբեք երեխային չթողնել փակ մեքենայի մեջ, նույնիսկ մի քանի րոպեով»,- 168am-ի հետ զրույցում նշեց մասնագետը:

– Արև, մաշկ և տապ ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել արևից, և ո՞ր դեպքում է, որ արևն այլևս օգտակար չէ։ Ինչպե՞ս ճիշտ ընտրել և ինչքա՞ն հաճախ թարմացնել արևապաշտպան քսուքը։

– Արևի լույսը կարևոր է օրգանիզմի համար, սակայն ավելորդ ուլտրամանուշակագույն ճառագայթումը երեխաների համար ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ։ Ժամանակակից միջազգային ուղեցույցները խորհուրդ չեն տալիս հատուկ արևայրուք ընդունել վիտամին D ստանալու նպատակով: Անհրաժեշտության դեպքում վիտամին D-ի պակասն անվտանգ լրացվում է դեղորայքով։

Կարդացեք նաև

Երեխաների համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-16:00-ն, կրել լայնեզր գլխարկ, թեթև, երկարաթև հագուստ և արևապաշտպան ակնոց, մինչև 6 ամսական երեխաներին հնարավորինս չպահել արևի ուղիղ ճառագայթների տակ։

Արևապաշտպան քսուքը պետք է լինի SPF 30 կամ ավելի բարձր (ցանկալի է՝ SPF 50),

ունենա պաշտպանություն՝ ինչպես UVB, այնպես էլ՝ UVA ճառագայթներից («Broad Spectrum» կամ UVA նշումով)։ Քսուքը պետք է քսել դուրս գալուց 15-30 րոպե առաջ, այնուհետև թարմացնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր լողից, ուժեղ քրտնելուց կամ սրբիչով մաշկը չորացնելուց հետո։

– Որո՞նք են արևահարման նշանները և դրանք սովորաբար ե՞րբ են ի հայտ գալիս։ Կարո՞ղ են արևահարության նշանները (ջերմություն, սրտխառնոց) ի հայտ գալ ժամեր անց՝ ուշ գիշերը, և ինչպե՞ս տարբերել դա վիրուսից։

– Այո, գերտաքացման կամ արևահարման ախտանիշները կարող են զարգանալ ոչ միայն անմիջապես, այլ նաև մի քանի ժամ անց՝ նույնիսկ երեկոյան կամ գիշերը։

Առաջին նշաններն են՝ արտահայտված թուլություն, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց կամ փսխում, ուժեղ ծարավ, քնկոտություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Ծանր արևահարության դեպքում կարող են առաջանալ՝ մարմնի ջերմաստիճան 40°C-ից բարձր, գիտակցության խանգարում, շփոթվածություն, ցնցումներ, գիտակցության կորուստ։

Վիրուսային վարակից հիմնական տարբերությունն այն է, որ ախտանիշներն ունեն հստակ կապ երկարատև շոգի կամ արևի ազդեցության հետ։ Եթե երեխայի վիճակը չի բարելավվում սառեցնելուց և հեղուկների բավարար ընդունումից հետո, կամ միանում են հազ, հարբուխ, երկարատև լուծ կամ այլ ախտանիշներ, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ բացառելու վարակը։

– Ի՞նչ է պետք անել, ու ի՞նչ չի կարելի անել արևահարության կամ մաշկի այրվածքի դեպքում։

– Եթե երեխան գերտաքացել է, անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել նրան զով վայր,

հանել ավելորդ հագուստը, սկսել մարմնի սառեցումը սառը (ոչ սառցե) ջրով, խոնավ սրբիչներով կամ օդափոխիչի օգնությամբ, եթե երեխան գիտակից է, հաճախակի փոքր կումերով տալ ջուր կամ ռեհիդրատացիոն լուծույթ։

Չի կարելի՝ երեխային ընկղմել սառցե ջրի մեջ, ստիպել խմել, եթե գիտակցությունը խանգարված է, հույս դնել միայն ջերմիջեցնող դեղերի վրա. գերտաքացման դեպքում դրանք գրեթե ազդեցություն չունեն։ Արևայրուքի դեպքում օգտակար են սառը կոմպրեսները, խոնավեցնող միջոցները և բավարար հեղուկի ընդունումը։

Չի կարելի՝ բացել առաջացած բշտիկները, մաշկին քսել յուղ, կարագ, թթվասեր կամ սպիրտ պարունակող միջոցներ, շարունակել արևի տակ մնալ մինչև մաշկի լիարժեք ապաքինումը։

Եթե այրվածքը տարածուն է, կան բազմաթիվ բշտիկներ, կամ երեխայի ընդհանուր վիճակը վատանում է, անհրաժեշտ է բժշկական օգնություն։

– Տաք եղանակի պայմաններում որքա՞ն ժամանակ կարող է սնունդը մնալ սառնարանից դուրս՝ մինչև կդառնա վտանգավոր։ Ծնողների համար ո՞րը պետք է լինի առաջին ահազանգը սննդային թունավորման դեպքում և առաջին դեղատուփը՝ սննդային թունավորման առաջին նշանների ժամանակ։

– Սննդամթերքի անվտանգությունը մեծապես կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից։ Միջազգային ուղեցույցների համաձայն՝ արագ փչացող սնունդը

սենյակային պայմաններում չպետք է մնա ավելի քան 2 ժամ, եթե օդի ջերմաստիճանը 32°C-ից բարձր է, ապա ավելի քան 1 ժամ։ Սա հատկապես վերաբերում է մսին, ձկանը, թռչնամսին, կաթնամթերքին և պատրաստի ուտեստներին։ Կարևոր է հիշել, որ սնունդը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ արտաքին տեսքը, հոտը կամ համը չեն փոխվել։

Երեխաների մոտ ամենամեծ վտանգը ոչ թե փորլուծությունն է, այլ ջրազրկումը։

Անհապաղ բժշկի դիմելու պատճառ են՝ քիչ միզելը, չոր շուրթերն ու լեզուն, լացի ժամանակ արցունքների բացակայությունը, արտահայտված թուլությունը կամ քնկոտությունը, խմելուց հրաժարվելը, արյունը կղանքում, բազմակի փսխումները, բարձր ջերմությունը, ուժեղ որովայնային ցավը։

Տնային դեղատուփում ցանկալի է ունենալ՝ ռեհիդրատացիոն լուծույթ, ջերմաչափ, տարիքին համապատասխան պարացետամոլ կամ իբուպրոֆեն՝ անհրաժեշտության դեպքում։

Հակաբիոտիկներ և փորլուծություն դադարեցնող դեղերը երեխաներին ինքնուրույն տալ խորհուրդ չի տրվում։ Դեպքերի մեծ մասում դրանք ոչ միայն անհրաժեշտ չեն, այլ երբեմն կարող են վնասել։

– Ինչպե՞ս տարբերել մոծակի հասարակ խայթոցը վտանգավոր ալերգիկ ռեակցիայից և ինչո՞վ մշակել մաշկը։ 

Սովորական մոծակի խայթոցը սովորաբար արտահայտվում է փոքր կարմրությամբ, թեթև այտուցով և քորով, որոնք անցնում են մի քանի օրվա ընթացքում։ Օգնել կարող են՝ սառը կոմպրեսը, հակաքորային տեղային միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցները։ 

Վտանգավոր ախտանիշներ են՝ արագ տարածվող այտուցը, շուրթերի, լեզվի կամ կոկորդի այտուցը, շնչառության դժվարացումը, ամբողջ մարմնով տարածվող եղնջացանը, գիտակցության կորուստը։ Այս դեպքերում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ օգնություն, քանի որ խոսքը կարող է լինել անաֆիլաքսիայի մասին։ 

– Ի՞նչ վարակներ կարող է երեխան բերել բաց ջրամբարներից կամ հանրային լողավազաններից, և ինչպե՞ս կանխարգելել դրանք։ 

Ամենահաճախը հանդիպում են՝ աղիքային վարակները (ջուրը պատահաբար կուլ տալու հետևանքով), արտաքին ականջաբորբը («լողորդի ականջ»), կոնյուկտիվիտը, մաշկային որոշ վարակներ։ 

Կանխարգելման հիմնական կանոններն են՝ լողալ միայն մաքուր և թույլատրելի ջրամբարներում, հնարավորինս կուլ չտալ ջուրը, լողալուց հետո լոգանք ընդունել, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, փորլուծության դեպքում չայցելել լողավազան, չլողալ, եթե մաշկի վրա կան բաց վերքեր։ 

Ճիշտ ախտահանվող հանրային լողավազանները, որպես կանոն, ավելի անվտանգ են, քան պատահական բաց ջրամբարները, սակայն նույնիսկ այդ դեպքում հիգիենայի կանոնների պահպանումը շարունակում է մնալ լավագույն պաշտպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031