«21-րդ դարում պաքարում ենք հնամաշ «գազելների» համար, որի դռները կարող են պոկվել. պայքարում ենք մեր բաժին վարորդի ու «գազելի» համար». Վանաձորի բնակիչ

Արդեն երկու ամիս է՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Տարոն 1» մեծ թաղամասի բնակիչները զրկված են հանրային տրանսպորտից։ Այս ընթացքում թաղամասի բնակիչները պատկան բոլոր մարմինները դռները թակել են, փորձել են հանդիպել մարզպետի հետ՝ խնդիրը ներկայացնելու և լուծումներ փնտրելու համար, սակայն չի հաջողվել։

Թաղամասի բնակիչ Լուսինե Սարգսյանի խոսքով՝ իրականում իրենք այս խնդրին բախվում են արդեն մեկ տարի, նախկինում երթուղին կար, բայց անկանոն էր աշխատում, իսկ վերջին 2 ամիսներին առհասարակ տրանսպորտը դուրս է բերվել երթուղուց։

«Օրինակ, նախկինում վարորդը կարող է բնակիչներին սպասարկեր, հետո գծից դուրս գար ու չսպասարկեր, անկանոն էր ամեն ինչ։ Հետո կարող է իմանայինք, որ նույն վարորդն այս տրանսպորտային միջոցով էքսկուրսիա է տարել Գառնի ու Գեղարդ։

«Տարոն 1» թաղամասը երկրաշարժից հետո կառուցված առաջին թաղամասն է, ընդ որում, դա առաջին թաղամասն է, որտեղ բնակեցրել են երկրաշարժի ժամանակ զոհեր ունեցող ընտանիքներին։ Այս թաղամասում շատ են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ ու հենց դրանից ելնելով էլ՝ նախկինում երթուղի են դրել թաղամասում, որպեսզի մարդիկ կարողանան թաղամասից հասնել քաղաքի այլ հատվածներ։

Նախորդ տարվա ապրիլին մենք թաղամասի բնակիչներով ստորագրահավաք արեցինք, 100-ից ավելի մարդ միայն շենքերից միացան ստորագրահավաքին, հետո նաև սեփական տներից միացան ու այդ ստորագրությունը տվեցինք համայնքապետարանին։ Մարդիկ գնում են շուկա, բեռնավորված գնում են կանգառ, որ տուն հասնեն, բայց տրանսպորտ չկա, հետո իմանում ենք, որ այդ տրանսպորտով մարդ են էքսկուրսիա կամ ծառատունկի տարել»,- 168.am հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը։

Ստորագրահավաք իրականացնելուց հետո, Վանաձորի համայնքապետարանը բնակիչներին փոխանցել է, որ աշխատանքներ են տանում երթուղու աշխատանքները կանոնակարգելու համար։ Սակայն կանոնակարգելու փոխարեն, արդեն 2 ամիս է՝ երթուղին առհասարակ դադարել է գործել։

«Համայնքապետարանից ասում են, որ իբր 3 անգամ մրցույթ են հայտարարել, բայց որևէ ընկերություն չի ցանկացել շահագործել այդ թաղամասը սպասարկող երթուղին։ Ընդ որում, ասեմ, որ մենք հունիսի 1-ին եղել ենք Վանաձորի համայնքապետարանի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ, ու նա մեզ նման պատասխան է տվել:

Նախ ասաց, որ վարորդ չի կարողանում գտնել և մրցույթի են դրել. շահութաբեր չլինելու պատճառով որևէ մեկը չի ցանկանում երթուղին շահագործել։ Մեզ որևէ լուծում չեն առաջարկել, մենք ծայրահեղ ծանր վիճակում ենք, խնդիրը հրատապ է։ Մեզ ասում են՝ մենք ի՞նչ կարող ենք անել, 3 անգամ մրցույթի ենք դրել, բայց որևէ մեկը չի ուզում շահագործի։

Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ Վանաձորի երթուղիների մեծ մասը սպասարկում են Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորներին պատկանող ընկերություններին, այնտեղ մրցույթներ էլ չեն անցկացնում, ուղղակի «տաբլիչկաները» ժամանակ առ ժամանակ փոխարինվում են, որ իբր այսինչ երթուղին սպասարկում է այսինչ ընկերությունը, բայց երբ նայում ես դրանց՝ բոլորի տակ նույն հեռախոսահամարն է գրված»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղյա՞կ է խնդրի մասին, նա պատասխանեց՝ տեղյակ է, սակայն իրենց տարբեր պատճառաբանություններով չի ընդունել։

Լուսինե Սարգսյանը նշեց, որ մարզպետը քարոզարշավի ժամանակ ասել է, որ քարոզարշավից հետո կհանդիպի, հետո ասել է՝ արձակուրդ է մեկնում։ Արձակուրդից հետո բնակիչները կրկին դիմել են, սակայն մարզպետը պատասխանել է, որ գործեր ունի կուտակված, հետո կընդունի, և այդպես էլ չի ընդունել։

«Հասկանալի է, որ ուզում է իրավիճակը հասցնել այնպիսի կետի, որ ասելու բան ունենա։ Երեկ հոլովակ էր հրապարակել, որ իբր մինչև տարեվերջ ունենալու ենք 45 նոր ավտոբուսներ, կասկածում եմ, որ մեր թաղամասն այդ ամենի մեջ մտնում է, որովհետև մեր թաղամասի փողոցները փակ են՝ դժվար ավտոբուս բերեն։

Լավ, եթե ավտոբուս չկա, արդյոք պետք չէ՞ գոնե ժամանակավոր լուծում ապահովեն։ Ես մեքենա չունեմ, և եթե օրվա ընթացքում երկու անգամ որոշեմ գնալ իմ գործերով, ապա առնվազն 5000 դրամ պետք է տաքսու գումար ունենամ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ մայրուղուց բարձրացող թաղամասի ճանապարհը զառիվեր է, մենք ենք դժվարանում բարձրանալ, ուր մնաց թե՝ հաշմանդամություն ունեցող անձինք կամ տարեցները»,- շեշտեց բնակիչը։

Նա նաև նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ մյուս քաղաքական ուժերն իրենց թաղամաս չեն գնացել, բնակիչները սկսել են կասկածել, որ իրենց թաղամասի տեղը որևէ մեկը չգիտի։

«Եթե Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը չգիտի թաղամասի տեղը, մյուսներից ի՞նչ պետք է ակնկալենք։ Իրեն ինչ զեկուցում են, ինքը «հալած յուղի տեղ» ընդունում է։ Մենք իրեն հարցնում ենք՝ դուք այդ փողոցների տեղը գիտե՞ք, փողոցները նեղ են, ավտոբուս կմտնի՞, մեզ պատասխանում է՝ դուք չգիտեք, մենք ամեն ինչ հաշվարկել ենք։

Արդյոք թաղամասում բնակվող տարեցները կամ հաշմանդամություն ունեցող անձինք ֆինանսապես ի վիճակի՞ են ամեն օր օգտվել տաքսիներից։

Ամենամեծ աբսուրդն այն է, որ պատճառաբանում են, թե ուղևոր չկա, դրա համար էլ որևէ մեկը չի ուզում երթուղին շահագործի. 3-րդ թաղամասով է անցնում մեր երթուղին, որի սկզբնակետը մեր թաղամասն է, իսկ վերջնակետը «Վանաձորի» ԲԿ-ն: Հավատացնում եմ, եթե իրենք նորմալ աշխատեն, ապա բացառում եմ, որ ուղևորների պակաս լինի»,- վստահեցրեց Լուսինե Սարգսյանը։

Նա խոսքով՝ այս խնդրի մասին տեղյակ է նաև Տարածքային կառավարման նախարարությունը, բայց ցավալին այն է, որ չեն փորձում խորանալ այդ խնդիրների լուծման մեջ, հատկապես այն դեպքում, որ Վանաձորը հանրապետության թվով 3-րդ քաղաքն է։

«21-րդ դարում մենք պաքարում ենք հնամաշ «գազելների» համար, որի դռները կարող են պոկվել, նստատեղերն են պոկված, բայց նույնիսկ դա չունենք այսօր և շարունակում ենք պայքարել մեր բաժին վարորդի ու «գազելի» համար»,- ընդգծեց Լուսինե Սարգսյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վանաձորի համայնքապետարանի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031