«Ես, օրինակ, կասկածում եմ, որ ինքս կկարողանայի Ռուբեն Վարդազարյանի փոխարեն լինելու դեպքում՝ տիրապետել ինձ». Արթուր Վանեցյան
Դատարանը քիչ անց կհրապարակի Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորելու մասին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով, բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կատարվածը գնահատեց՝ որպես հետապնդում Արա Սաղաթելյանի նկատմամբ իր քաղաքական հայացքների համար, ապա հավելեց. «Արա Սաղաթելյանն իմ ընկերն է, և ես այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկերոջը»:
Հարցին, թե երբ ԱԱԾ տնօրեն էիք, վարչապետի կողմից հանձնարարական ստացե՞լ եք ֆեյքեր որսալու կամ մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու, որոնք քննադատում էին իշխանություններին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այդ հանձնարարությունը եղել է հրապարակային. եթե հիշում եք, կառավարության նիստի ընթացքում եղավ հերթական մի անհեթեթ հանձնարարություն, և ես լրագրողներին պարզաբանում տվեցի, որ, այսպես կոչված, ֆեյք օգտատերեր որսալը նախ՝ ԱԱԾ գործառույթի մեջ չի մտնում, և երկրորդը՝ անանուն հանդես գալը և մտքեր արտահայտելը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից է, որը խախտել ուղղակի չի կարելի:
Եթե գրառումների մեջ չկան հստակ տարրեր, որոնք կպարունակեն հանցակազմ, ուղղակի որսալ ֆեյք օգտատերերի կամ ցանկացած որևէ մեկին, որը գրում է մտքեր, որոնք հաճո չեն իշխանության ականջին, դա դեպի բռնապետություն տանող առաջին քայլերից է»:
Ըստ Արթուր Վանեցյանի՝ այս ձերբակալումը որոշակի առումով նաև ունեցել է «դրական» մի կողմ, որովհետև շատերը, ովքեր չէին ճանաչում Արա Սաղաթելյանին՝ որպես Ադրբեջանի դեմ հակաքարոզչություն իրականացնող մարդու, ճանաչեցին. «Տեսան, թե պարոն Սաղաթելյանն ինչքան աշխատանքների հեղինակ է, որոնք ջարդում են ադրբեջանական պրոպագանդայի հիմնական թեզերը: Նա իր գործունեության ընթացքում եղել է այն մարդկանցից, որոնք գտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների, ադրբեջանական մեդիադաշտի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ուշադրության կենտրոնում վատ առումով, որովհետև նրա գործունեության արդյունքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր:
Եվ այսօր ինչ կատարվում է մեր երկրում, հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ Արա Սաղաթելյանին, հնարավոր է, ձերբակալել են, որպեսզի հաճոյանան նաև ադրբեջանական իշխանություններին: Չունենք նման փաստեր, բայց այն երևույթները, որոնք տեղի են ունենում, եթե վերլուծում ես, նման ենթադրություն կարելի է անել»:
168.am-ի խնդրանքով Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե՝ «Վանեցյանը հայտարարեց, որ, եթե ինքն իշխանություն լինի, երկու օրում հարցը կլուծի, բայց ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանն ազնիվ չէր, որովհետև գերիների հարցը երկու օրվա լուծելիք չէ, մենք նույնիսկ ունենք խնդիրներ դեռ առաջին պատերազմից սկսած: Դե, թող կապերն օգտագործի, բա էդ կապերն ո՞ւմ են պետք, այսինքն՝ էդ կապերն ուզում է ծախի՞ մեր ժողովրդին, որ իշխանություն վերցնեն, այդ կապերը պետք են այն ընտանիքներին, որոնք օր առաջ կորցրել են և սպասում են և հույս ունեն, որ կարող է այդ գերիների մեջ անհետ կորած իրենց երեխան լինի: Կարծում եմ, որ դա անթույլատրելի է՝ նման շահարկումներով մտնել քաղաքական դաշտ»:
ԱԱԾ նախկին տնօրենը մասնավորապես ասաց. «Իմ հայտարարությունը վերաբերում է այլի. ես ասում եմ, որ այս իշխանությունները, որոնք պարտվել են պատերազմում, որոնք Ադրբեջանի հետ ստորագրել են նվաստացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր, որոնք չեն կարողանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի շահերը, ուղղակի չունեն որևէ հնարավորություն՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, և ո՛րևէ մեկ այլ հնարավորություն՝ լուծել գերիների հետ կապված հարցը:
Ես ասում եմ՝ երբ լինի իշխանափոխություն, նոր իշխանությունները կկարողանան արդեն այլ դիրքերից խոսել Ադրբեջանի իշխանությունների հետ, և շատ կարճ ժամանակում՝ մի քանի օրվա ընթացքում, հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին: Այն կեղծ պնդումները, որոնք այս իշխանությունները տարածում են՝ ասելով, որ գերիների վերադարձին խանգարում են «Հայրենիքի փրկության շարժման» կողմից իրականացվող բողոքի ակցիաները, ուղղակի ստոր և կեղծ պնդում է, որպեսզի որևէ կերպ կարողանան իրենց անկարողության մեղքը բարդել ինչ-որ մեկի վրա: Նրանք ուղղակի չեն կարողանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը:
Եթե մենք գնանք հետ և նայենք 2.5 տարուց ավել այս իշխանությունների կառավարման որակը. նրանք գրեթե որևէ ոլորտում հաջողության չեն հասել, նրանք ապացուցել են, որ իրենք չունեն ունակություններ աշխատելու, ուղղակի, պարզ լեզվով ասած՝ ապաշնորհ են և այդ տրամաբանության մեջ չեն կարողանում նաև լուծել մեր գերիների հարցը:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ, այո՛, իշխանափոխության պարագայում, երբ իշխանության կգան ազգային ուժեր, ՀՀ շահերը պաշտպանող ուժեր, և մարդիկ, որոնք ունեն նաև անձնական հարաբերություններ ձևավորելու հնարավորություն կամ ունեն անձնական հարաբերություններ այս կամ այն երկրի ազդեցիկ շրջանակների հետ, կկարողանան մի քանի օրվա ընթացքում լուծել մեր գերիների վերադարձի հարցը»:
Անդրադառնալով վերջին օրերին ԲԴԽ նախագահի վրա ճնշումներին, և կրկին Անդրանիկ Քոչարյանի այն պնդումներին, թե Արթուր Վանեցյանն իր ընկերոջ՝ Ռուբեն Վարդազարյանի վրա ազդեցություն է ունեցել, նշեց, որ իշխանական պատգամավորի պնդումները հիմնազուրկ են, ապա հավելեց. «Այո՛, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է. ես շատ հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր, և կցանկանայի, որպեսզի շատ մարդիկ ևս ունենային նրա պես ընկեր:
Ռուբեն Վարդազարյանի հետ, ցավոք սրտի, իմ աշխատանքից ազատվելուց հետո գրեթե չեմ շփվել, չեմ շփվել՝ մեկ պատճառով, որպեսզի չշահարկվեն իմ և պարոն Վարդազարյանի շփումները:
Բայց, պարոն, Վարդազարյանի պահվածքն ԱԺ-ում ուղղակի գովասանքի է արժանի. Ես, օրինակ, կասկածում եմ, որ ինքս կկարողանայի Ռուբեն Վարդազարյանի փոխարեն լինելու դեպքում՝ տիրապետել ինձ: Պարոն Վարդազարյանը ցուցադրեց բարձր կամային հատկություններ, ցուցադրեց զսպվածություն, և ոչ միայն մեր անձնական հարաբերությունների հետ կապված եմ ասում, որ հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր, ես նաև հպարտ եմ, որ այսօր դատական իշխանության գլխին կանգնած է պարոն Վարդազարյանի պես պրոֆեսիոնալ և սկզբունքային մարդ»:
Մանրամասները՝ տեսանյութում