Բաժիններ՝

«Ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին չենք խոսում՝ դարերով ռուսի հետ ապրել ենք կողք կողքի և գիտակցել, որ ռուսը մեր բարեկամն է». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը զարմանալի և ֆանտազիայի ժանրից է որակում այն դրսևորումները, որոնք կապված են Արցախում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ, հատկապես, երբ ըստ նրա՝ լուրջ փոփոխություններ չկան, ընդամենը մի քանի շտկումներ են՝ Արցախում ռուսերենն օգտագործելի դարձնելու համար։

«Առ այսօր որևէ մեկին, պաշտոնյայի կամ քաղաքացու կարծես թե չէր հուզում այն հանգամանքը, որ Արցախում ամեն օր, ամեն վայրկյան օրենք է խախտվում՝ խախտվում է մինչև Սահմանադրություն։ Մենք այսօր ունենք նոր իրողություն, որը, ցավոք, մենք չենք ընտրել, հասկանալի է, թե ինչի հետևանքով մենք հայտնվեցինք այս իրավիճակում, և պետք է այդ իրողությունն ընդունել փաստացի, իջնել օդից և ամուր կանգնել գետնի վրա՝ հասկանալով, որ մեզ հետ ապրում են ռուսներ, որոնք հետագայում, հնարավոր է՝ այստեղ բերեն իրենց ընտանիքներին։ Ամեն օր մենք շփվելով իրենց հետ, այսպես թե այնպես, և՛ պաշտոնական գրությունների, և՛ խոսքի ձևով, խոսքս պետական պաշտոնյաներին է վերաբերում, այդ դեպքում մենք խախտում էինք օրենքը, քանի որ ստիպված էինք ռուսերենով ուղարկել գրությունները և դրանց տակ դնել մեր ստորագրությունները։

Ինձ համար անընդունելի է, երբ ասում են, թե բավական է, ինչի՞ հետևից եք ընկել, մի բուռ Արցախ է մնացել, օրենքի խախտումը ո՞րն է, անկախ այն հանգամանքից, թե Արցախն այս պահին քանի քառակուսի կիլոմետր է, այն մեր հայրենիքն է, մեր հայկական երկրորդ պետությունն է, և, բնականաբար, պետք է պահպանվեն բոլոր օրենքները, և որևէ բան, առավել ևս՝ հիմա, իրավունք չունենք խախտելու»,- 168.amի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի հեղինակի՝ Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյանի հետ հանդիպել է երկու-երեք անգամ, որի ժամանակ էլ իր տեսակետը բանավոր հայտնել է։

«Իհարկե, ես կողմ եմ, որ ռուսերենը կիրառելի դառնա Արցախում՝ ելնելով նոր իրողություններից, որպեսզի մենք արհեստական բարդություններ չստեղծենք շփման առումով, հետո հերոսաբար հաղթահարենք այդ բարդությունները։ Այդ պատճառով էլ ընդունելի է, որպեսզի լինի ինչ-որ փոփոխություն։ Սակայն ինձ համար ընդունելի չէ իրենց ընտրած տարբերակը, երբ օրենքում՝ 1-ին  հոդվածի երկրորդ մասում, գրված է, որ ԼՂՀ պաշտոնական լեզուներն են գրական  հայերենը և ռուսերենը։ Այս ձևակերպմանը համաձայն չեմ եղել, իմ կարծիքը հայտնել եմ, թե ինչու է շրջանառության մեջ դրվել հենց այդ տարբերակը, գուցե փաստարկները համոզիչ չեն եղել, այդ ցանկում իմ անունն էլ կա։

Ես պարոն Հարությունյանին գրավոր ներկայացրել եմ իմ առաջարկը, նշելով, որ նախագծի այդ հոդվածում կատարի փոփոխություն, այսինքն՝ այսպես ենք ձևակերպում, որ ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, և հայերենի հետ մեկտեղ՝ կարող է օգտագործվել նաև ռուսերենը։ Այսօր պարոն Հարությունյանին առաջարկել եմ, որպեսզի իմ ներկայացրած առաջարկն ուղարկի կառավարություն, քանի որ այդ  նախագիծն արդեն այնտեղ է»,- հավելեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ, եթե առաջարկը չընդունվի, ապա իր անունն այդ ցուցակից դուրս կգա, քանի որ նախագծի ներկայիս տարբերակում տեսնում է, որ ռուսերենը հավասարեցվել է հայերենին՝ որպես պաշտոնական լեզու։

«Այստեղ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին չենք խոսում, քանի որ երեկվանից արդեն պարզաբանումներ տարածվում են, որ նման մտադրություն չունենք։

Մենք դարերով Արցախում ու Հայաստանում ռուսի հետ ապրել ենք կողք կողքի և պարզ գիտակցել ենք, որ ռուսը մեր բարեկամն է։ Հետևաբար, ինչո՞ւ հիմա հանկարծ այս գունավոր իշխանափոխությունից հետո որոշվեց, որ ռուսն այլևս մեր բարեկամը չէ, այս միտքը պարտադրվեց այն աստիճանի, որ նույնիսկ հասարակության  որոշ հատված ռուսին ընկալեց՝ որպես հակառակ կողմում կանգնած։

Սա ընդունելի չէ, և միանշանակ մեզ կործանման է տանելու, ինչի ապացույցն էր նաև այն ամբողջ դաժանությունը, որի միջով մենք անցանք։ Այդ քննադատությունների ձեռագիրն արդեն շատ պարզ երևում է, դա Արևմուտքի ձեռնագիրն է, որը որպես գործիք՝ օգտագործում է ներկայիս իշխանությանը՝ Արցախի և Հայաստանի, քարկոծում են հենց իշխանությունները՝ իրենց երևացող ու չերևացող ուժերով։ Բնականաբար, իրենք իրենց տերերի առաջ հաճոյանալու խնդիր ունեն, և այս պարագայում իրենց համար կրկին կարևոր չէ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրի՝ Արցախում, Հայաստանում թե սփյուռքում, պետք է գիտակցի, որ այսօրվա երաշխավորը Արցախում, նաև Հայաստանում հայ զինվորն է, հայ ազգը, նաև ռուս խաղաղապահը։ Եթե մենք դարեր շարունակ ընդունել ենք, որ մեր անվտանգության երաշխավորը իշխանությունն է, ապա այս դաժան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները չեն եղել անվտանգության երաշխավոր»,- շեշտեց Մ. Հակոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս