Ինչո՞ւ է կարևոր ավելացնել գիտության պետական հատկացումները. «Գիտուժ»-ի հայտարարությունը
Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարների կողմից ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել գիտության պետական հատկացումներն ավելացնելու կարևորության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.
«Գիտուժ» նախաձեռնության անդամները, գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության և թռիչքային զարգացման համար, կոչ են անում Կառավարությանը և Ազգային ժողովին գիտատար տնտեսության և դրա համար անհրաժեշտ հզոր գիտության մասին բազմիցս կրկնվող խոսքերից անհապաղ անցնել կոնկրետ գործողությունների։ Մասնավորապես՝
- 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։
- ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. – բյուջեի առնվազն 2%, 2023թ. – բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած – բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
- Միայն առաջին և երկրորդ գործողությունները կատարելուց հետո լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:
Հայաստանի անկախացումից ի վեր պետության գիտական քաղաքականությունը փաստացիորեն բերել է գիտության գրեթե վերացմանը: Օրինակ՝
- Վերջին 30 տարիների ընթացքում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար հատկացվում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 0,25 տոկոսը։ Այս ցուցանիշով մենք մոտ ենք Ուգանդային և Բուրունդիին։ Իսկ, օրինակ, Բուրկինա Ֆասոն ծախսում է իր ՀՆԱ-ի 0.7%-ը, Իրանը՝ 0.8%, Սինգապուրը՝ 1,9%, Թուրքիան՝ 1%:
- Համապատասխան միջավայրի, պայմանների և պետության կողմից իջեցված խնդիրների բացակայության պատճառով գրանցվել է գիտնականների քանակի մոտավորապես 7-ապատիկ նվազում՝ հատկապես ուղեղների արտահոսքի արդյունքում։ Եթե նախկինում մեկ միլիոն բնակչի հաշվին ընկնող գիտնականների թվով Հայաստանն առաջնային դիրքեր էր գրավում աշխարհի երկրների շարքում, ապա այսօր մեր այդ ցուցանիշը 2 անգամ պակաս է Եվրոպայի միջինից:
- Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։
- Գրեթե իսպառ վերացել են կիրառական հետազոտություններով ու փորձարարական մշակումներով զբաղվող, այսպես կոչված, ճյուղային ինստիտուտները, որոնց գերակշիռ մասը եղել է պետական գերատեսչությունների անմիջական ենթակայության տակ, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից դուրս:
- Գիտաշխատողների միջին բազային աշխատավարձը մոտավորապես 100.000 դրամ է՝ Հայաստանի միջին աշխատավարձից գրեթե երկու անգամ քիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը ստանում է նվազագույն աշխատավարձ:
- Հասարակության մեջ տեղի է ունեցել գիտնականի վարկանիշի ահռելի անկում, որը, ցավոք, հաճախ դրսեւորվում է անհարգալից վերաբերմունքով, կարևորության նսեմացմամբ և քամահրանքով։
Ու թեև նշված պայմաններում Հայաստանում դեռ կան փոքր թվով նվիրյալներ, որ շարունակում են զբաղվել գիտական գործունեությամբ և տպավորիչ արդյունքներ գրանցել (Global Innovation Index 2020, էջ 218, “Scientific & technical articles/bn PPP$ GDP“ ցուցանիշ), սակայն նպատակը ոլորտի բարեփոխումն ու դրա զարգացման և շարունակականության ապահովումն է. ներկա ցածր աշխատավարձով և անբարենպաստ միջավայրում անհնար է գիտական կարիերայով հետաքրքրել մեր տաղանդավոր և ստեղծարար միտք ունեցող երիտասարդությանը:
Մեր կողմից առաջարկված առաջին գործողությամբ հնարավոր կլինի՝
- մասնակիորեն կանխել դեռ առկա գիտական ներուժի իսպառ վերացումը,
- սկսել գիտության երիտասարդացման գործընթացը,
- մեկնարկել գերակա, միեւնույն ժամանակ Հայաստանում բացակայող կամ թերզարագացած ուղղություններում գիտնականների ներգաղթ, մասնավորապես՝ հայրենադարձություն,
- բուհերում մշակել և սկսել իրականացնել արդիական կրթական ծրագրեր՝ մրցունակ և պահանջված ճարտարագետներ կրթելու համար,
- սկսել գիտական ենթակառուցվածքների արդիականացման և համակարգի առողջացման գործընթացը:
Մեր առաջարկած երկրորդ գործողությամբ Հայաստանը կամրագրի անվտանգ, գիտելիք ու հավելյալ արժեք ստեղծող երկիր դառնալու իր հանձնառությունը՝ գոյատևման և զարգացման միակ ճանապարհը 21-րդ դարում: Այդ հանձնառությունը և դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ ուժեղ մարդկային կապիտալ, որակյալ բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ապահովել մտավոր սեփականության մշտական հոսք դեպի տնտեսություն, տեխնոլոգիական և նորարարական միջազգային բարձր վարկանիշ և գրավչություն, և որպես հետեւանք՝ հզոր տնտեսություն և հզոր բանակ։
Վերոհիշյալ երեք գործողությունների հաջորդականությունը պայմանավորված է այն փաստերով, որ առաջին հերթին մենք այլեւս ժամանակ չունենք և երկրորդ՝ միայն պետության կոնկրետ քայլերից և հանձնառությունը վերցնելուց հետո հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերացնել պետական մարմինների ու գիտական համայնքի՝ արդեն երեսուն տարվա հակադրությունը, ստեղծել փոխըմբռնման և համագործակցային առողջ միջավայր, ձեռք բերել դաշնակիցներ, համատեղ աշխատել ռազմավարության մշակման ու կյանքի կոչման համար:
Հայաստանն ապագայում ուժեղ և մրցունակ տեսնելու համար պետք է ընդունել մինչ օրս կատարված սխալներն ու բացթողումները: Մի՞թե արցախյան 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստները և հետևանքները բավականաչափ սթափեցնող չեն, որպեսզի մենք մեկընդմիշտ գիտակցենք՝ հզոր տնտեսություն և ռազմարդյունաբերություն ունենալու համար մեզ պետք է գիտուժ, մեզ պետք են բարձրակարգ գիտնականներ և ճարտարագետներ՝ նորագույն գիտելիքներով զինված։ Իսկ գիտության առաջխաղացմանը նպաստող պայմանների և միջավայրի ստեղծողը պետությունն է, որն ընդամենը մեր կողմից վճարվող հարկերի ճիշտ վերաբաշխմամբ կարող է վերածնել հզոր գիտությունը Հայաստանում։ Եթե մենք այսօր չգիտակցենք այս պարզ ճշմարտությունը, վաղն արդեն իսկապես ուշ կլինի:
«Գիտուժ» նախաձեռնության