«Գոնե այս անցումային փուլում պետությունը պետք է կարողանա որոշակի վերահսկողություն ունենալ բուհերում». Հովհաննես Հովհաննիսյան

Այսօր «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են  ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» քննարկման ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողի հարցին, թե կան պնդումներ, որ այս օրենքի նախագծով պետությունը ձևավորում է  «գրպանային ռեկտորների համակարգ», պատասխանեց, որ օրենքը նոր չէ, այն քննարկման է դրվել  դեռևս նախկին իշխանության օրոք և մերժվել է մեկ-երկու դրույթի պատճառով:

«Հիմնականում ռեկտորների տարիքը դարձավ խնդիր, որոնք այն ժամանակ կարողացան կանխարգելել օրենքի ընդունումը, դրանից հետո օրենքը բավականին երկար քննարկումների ենթարկվեց, խորհրդարանական լսումներ եղան, լսումների ժամանակ 25 տարբեր փոփոխություններ արվեցին՝ հատկապես հավատարմագրման հետ կապված, որը կծանրաբեռներ բուհերին, լիցենզավորման պահանջի հետ կապված փոփոխություններ կատարվեցին, բայց բովանդակային քննարկում, թե ի՞նչ կտա օրենքը զուտ կրթության բովանդակության տեսանկյունից, հիմնականում չլսեցինք ԱԺ քննարկման ժամանակ:

Կենտրոնացանք մեկ-երկու հարցերի վրա, որոնցից մեկը բուհերի կառավարման խնդիրն էր: Ես ավելի կարևորում եմ պրինցիպների փոխանցելիությունը, ճկուն համակարգը, լրիվ կամ մասնակի ծանրաբեռնվածությամբ ուսումնառությունը, և այլն: Օրենքն ունի բազմաթիվ դրույթներ, որոնց իրավակիրառությունը եթե լավ լինի, և ռեկտորները կարողանան ճիշտ կիրառել և համարձակ փոփոխություններ անել, հնարավոր է՝ դա բերի փոփոխությունների: Սրանով է նաև պայմանավորված պետության որոշակի դերակատարումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը պնդեց, որ պետության դերը բուհի կառավարման մեջ միշտ էլ մեծ է եղել, սակայն իրենց իշխանության օրոք դա այդքան էլ այդպես չի եղել:

«Եկեք ազնիվ լինենք և ասենք, որ պետությունը միշտ ունեցել է վերահսկողություն բուհերի նկատմամբ, բայց հեղափոխությունից հետո նույնիսկ Կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամները ոչ միշտ էին քվեարկում միաձայն, ինչպես, օրինակ՝ ուսանողների պարագայում, ինչպես նախորդ իշխանության պարագայում, երբ 16 ձայնը 16 ձայն էր, և որևէ շեղում հնարավոր չէր պատկերացնել: Այս պարագայում տեսնում ենք, որ տարբեր մարդիկ են, չուղղորդված և քվեարկում են հաճախ իրենց կամքի և մտքի համաձայն, որի արդյունքում երբեմն չէին ընտրվում ռեկտորները, ունենում էինք խնդիրներ, մասնավորապես՝ ԵՊՀ-ում, Շիրակի պետական համալսարանում: Խորհուրդներում ներգրավված են եղել քաղհասարակության ներկայացուցիչներ, նրանք դարձել են բուհի խորհուրդների նախագահներ՝ Վանաձորում, Շիրակում, և այստեղ ասել, որ իշխանությունն իր ձեռքն էր վերցրել, նշանակում է՝ այդ մարդկանց ուղղակի վիրավորանք հասցնել: Հստակ նշված է, որ քաղաքական գործիչներ ղեկավար մարմնի  և պաշտոնյաներ չեն կարող լինել խորհրդի կազմում, լինելու են կրթության և գիտության հատվածի ճանաչված մարդիկ և գործարարներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ օրենքի փոփոխությունների նախագծի՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմը կսահմանափակվի մինչև 9 հոգի, որոնցից 5-ը կնշանակվեն պետական լիազորված մարմնի կողմից, իսկ 4-ը՝ բուհից: Միևնույն ժամանակ՝ պետական կամ քաղաքական գործիչների անդամակցությունը բուհերի կառավարման խորհուրդների կազմում կարգելվի: Հովհաննիսյանը նշեց, որ բուհի կառավարման ճիշտ մոդելը եռաստիճան համակարգն է:

«Այսինքն՝ հոգոբարձուներ, որոնց հիմնական խնդիրը գումարներ հայթայթելն է բուհի համար, ինչպես, օրինակ, Ամերիկյան համալսարանի պարագայում, որտեղ խորհրդի անդամ են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք, երկրորդը կլիներ կառավարման խորհուրդը, երրորդը՝ ակադեմիական խորհուրդը: Մենք լիազորությունների շատ-շատ հատվածներ տեղափոխել ենք ակադեմիական խորհուրդ, և ակադեմիական խորհրդում նույն ուսանողներն ունեն 25 տոկոս մասնակցություն, ինչը պահպանվել է, իսկ բուհին տրված 4 տեղերի մեջ, մենք ազատությունը տվել ենք բուհին, թե ինչ համամասնությամբ են ուզում ներկայացված լինել այստեղ, իհարկե, որոշակի սահմանափակումներով՝ վարչական պաշտոնների համար: Ես կարծում եմ, որ գոնե այս անցումային փուլում պետությունը պետք է կարողանա որոշակի վերահսկողություն ունենալ, որովհետև բոլոր բուհերը պետական գույք են տնօրինում և պետությունից ֆինանսավորվում են, պետությունը ուղղակի չի կարող ձեռքերը լվալ և ասել, որ ես որևէ կերպ մասնակցություն չեմ ունենում»,- ասաց Հովհաննիսյանը:

Բուհերի ինքնավարություն մասին պատգամավորն ասաց.

«Տարբեր երկրների փորձ է բերվում, ես էլ բերեցի եվրոպական փորձը, որտեղ ուղղակի նշանակվում է ռեկտորը, և որևէ հարց առաջ չի գալիս: Ես ուղղակի կերազեի, որ չիմանայի, թե ո՞վ է իմ ԿԳՄՍ նախարարը, իմ բուհի ռեկտորը, զբաղված լինեի իմ գործով, իմ ակադեմիական ազատությունը որևէ մեկը չոտնահարեր, երբ ես որևէ հոդված էի գրում, կարծիք էի արտահայտում, ինձ ճնշումների չենթարկեին, իսկ նման բաներ շատ են եղել տարիներ շարունակ բոլոր բուհերում: Որոշ ռեկտորներ դեռ շարունակում են այդ պրակտիկան»:

Նա նշեց, որ ԱԺ իրենց հանձնաժողովի և ԿԳՄՍՆ-ի կարծիքները շատ հարցերում չեն համընկել, եղել են քննարկումներ, որոշակի փոփոխություններ նախատեսվում են նաև օրենքի նախագծի առաջին և երկրորդ քննարկումների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս