Արևմտահայ գրականության ամենահայտնի կին գրողը, Կիլիկիայի մեծ սարսափների պատմիչն ու հրապարակախոսը
«Տիկին Զապել Եսայանը թուրքահայ կամ լավ է ասել՝ պոլսահայ նորագույն գրականության անվանի դեմքերից մեկն է: Երկու տասնյակ տարի է՝ նրա պատմվածքները, մանրավեպերը տպագրվում են թուրքահայ համարյա բոլոր թերթերում: Առաջին անգամ Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում տպագրվեց տիկին Եսայանի մի արձակ բանաստեղծությունը, երբ հեղինակը 17 տարեկան մի դեռատի օրիորդ էր:
Այնուհետեւ Զապել Եսայանը մինչեւ 1902 թ. ապրել է Փարիզում՝ որպես գրականության ուսանողուհի, ապա վերադարձել Կ. Պոլիս, նվիրվել գեղեցիկ գրականության: Միմյանց հետեւից լույս ընծայելով իր «Սպասման սրահին մեջ», «Կեղծ հանճարները», «Հլուները եւ ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» վեպերն ու վիպակները՝ հեղինակն իր վրա դարձրեց մտավոր շրջանների եւ քննադատների թե հիացումները եւ թե հարձակումները՝ մանավանդ «Շնորհքով մարդիկ» վեպի մեջ արտահայտված գաղափարների համար: Ադանայի սարսափների դադարումից վերջը, տիկին Զապել Եսայանը գնաց Կիլիկիա՝ անձամբ տեսնելու եւ գաղափար կազմելու այն անսահման թշվառությունների մասին, որոնց ենթակա էր եղել տեղական հայ ժողովուրդը: Տիկնոջ այդ ճամփորդության արդյունք եղավ նրա «Ավերակներուն մեջ» վերնագիրը կրող շահեկան գործը, որի մեջ գեղարվեստորեն եւ սիրուն ոճով նկարագրված են դեպքերն ու դեմքերը Կիլիկիայի մեծ սարսափների…»:
«Մշակ» թերթ
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական իր հատկությունները զարգացնելու համար: Ինքզինքնին հարգող բոլոր կիներուն իդեալը,- գրել է տաղանդավոր վիպասանը,-միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլա, այլ երկրիս վրա գործոն տարր մը դառնալը…»:
Այս հավատամքով ապրած ու իր մնայուն գրականությամբ մեր բառուբանի գանձարանը հարստացրած հայուհին ծնվել է 1878 թ. փետրվարի 4-ին, Պոլսի «Սիլիհտարի այգի» կոչված թաղամասում: Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա ավարտել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: Մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին, այնուհետեւ ուսման գինն ու նշանակությունը քաջ գիտակցող հոր հորդորով մեկնել Փարիզ, այնտեղ մասնակցել Լուսինյանի բառարանի կազմմանը՝ իբրեւ խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Կոլեջ դը Ֆրանսի գրականության եւ փիլիսոփայության դասընթացները:
Փարիզում թղթակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականներին, երկու լեզվով գրել բազմաթիվ հոդվածներ, արձակ գործեր, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջագիտակ ու արդեն ճանաչված գրողը 1902 թ. վերադառնում է ծննդավայր եւ շարունակում իր գործունեությունը: Սակայն ընդամենը երեք տարի անց՝ 1905 թ. սուլթան Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է ազգային-քաղաքական ճնշման ու հալածանքների մի սեւ շրջան, եւ գրողը ստիպված նորից է մեկնում Փարիզ ու այնտեղ ապրում մինչեւ 1908 թվականը՝ մինչեւ օսմանյան սահմանադրության հռչակումը:
Անկախ երկրում առկա հեղձուկ մթնոլորտից, գրողի հորդաբուխ տաղանդը շարունակում է արարել իր արձակ գործերը: 1905-1907 թթ. հրատարակվում են «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները եւ ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» վիպակները: Բայց գալու էին ավելի վատթար ժամանակներ.1909 թ. ապրիլին, եղբայրություն ու բարեկամություն խոստացած երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայության զանգվածային կոտորած, որին զոհ է գնում 30 հազար մարդ: Հայ գրողներից, գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են ողբերգության վայրերը: Նրանց թվում էր նաեւ Զապել Եսայանը: Գրողը շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե եւ այլ բնակավայրերում, հանդիպում կոտորածների ականատես ու մահապուրծ մարդկանց, հետագայում դրանց հենքով գրում հոդվածներ, մի շարք գեղարվեստական գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը նկարագրել է հատկապես «Ավերակներուն մեջ» մեծարժեք գրքում, «Անեծք» վիպակում, «Նոր հարսը» եւ «Սաֆիե» պատմվածքներում:
1910 թ. նրանց ընտանիքը նորից Փարիզում էր: Հոր ծանր հիվանդության պատճառով կարճ ժամանակ անց վերադառնում են ծննդավայր, այստեղ մնում երեք տարի, ու կրկին հետ է կանչում Ֆրանսիան: Սակայն բռնկված առաջին աշխարհամարտը պատճառ է դառնում կրկին տունդարձի: 1914 թ. Պոլսում լույս է տեսնում «Երբ այլեւս չեն սիրեր» ժողովածուն:
1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, որի անունը նախապես գրված է եղել ոճրագործների ցուցակում, Զապել Եսայանն էր: Գրողը, հրաշքով մազապուրծ յաթաղանից, երեք ամիս փախստականի կյանք է վարում, ապա կարողանում է մեկնել Բուլղարիա, անցնել Ռումինիա, իսկ եղեռնի տարեվերջին գալիս Կովկաս: Հայահոծ Բաքվում, Թիֆլիսում մոտիկից շփվում է հայ հասարակության հետ, հանդես գալիս արեւմտահայ գրողների եւ գրականության, արեւմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ ելույթներով ու դասախոսություններով, հոդվածներով:
1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսի մեջ» վերնագրով, մարտի 12-ին՝ Բաքվում Հայ գրողների ընկերության հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ՝ ժամանակակից արեւմտահայ գրականության եւ գրողների մասին: Այնուհետեւ Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով մեկնում է Պետերբուրգ եւ Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի եւ գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը, ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը:
Զապել Եսայանի համար ճակատագրական էր լինելու Երեւանի համալսարանից ստացված աշխատանքային հրավերը 1933 թվականին: Ժամանակներն աղետալի էին՝ ստալինյան բռնություններ, հալածանքներ, բանտեր ու մահապատիժներ: 1936 թ. Գրողների միությունում գրողի ելույթին հաջորդում է այդ տարիներին չարագուշակ դարձած երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը: Բաքվի բանտից գրած նամակները մնալու էին որպես վերջին ձեռագիր-մասունքներ եւ վկայելու նրա տոկուն ու խիզախ պահվածքի մասին: Առայսօր որոշակի ստույգ տվյալներ չկան ամենաբեղմնավոր արեւմտահայ կին արձակագրի եղերական մահվան հանգամանքների ու տարեթվի մասին: Բարեբախտաբար, նկարիչ Տիգրան Եսայանի հետ ժամանակին ընտանիք կազմած գրողը թողել է ժառանգներ՝ մեկ տղա եւ մեկ աղջիկ: Իսկ մահվան տարեթիվը, ըստ որոշ տեղեկությունների, 1943-ն է:
Հավելենք, որ ամերիկյան պարբերականները նրան համարել են աշխարհի ամենախիզախ կանանցից մեկը, բնութագրել որպես 20-րդ դարի ամենահայտնի հայ կին գրողի, հրապարակախոսի ու հումանիստի:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ