Բոլոր կարմիր գծերն այս իշխանությունն անցել է․․․ Չեմ բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանն օգնեն այդ եվրոբոնդերը տեղաբաշխելու հարցում

Հունվարի 27-ին Գլոբալ Կապիտալ հարթակից տեղեկացանք, որ Հայաստանը 750 միլիոն դոլարի նոր՝ 10 տարի ժամկետով պարտատոմս է թողարկել շուրջ 3.6 % արժողությամբ: 168.am-ը տեղեկությունը հաստատող որևէ տեղական-պաշտոնական աղբյուր չկարողացավ գտնել, մինչդեռ սա չափազանց կարևոր գործընթաց է՝ իր հնարավոր ռիսկերով, և սրան առնչվելու է պետության յուրաքանչյուր քաղաքացի:

Սա կկոչենք եվրոբո՞նդ, թե՞ պարզ՝պարտատոմս, այն վերջնարդյունքում պետական պարտք է՝ պետության ու քաղաքացու ուսերին: Իսկ պարտքը, առհասարակ, արժեք է խելոքի ձեռքին. տնտեսական ձևակերպմամբ՝ պարտքի կառավարման քաղաքականությունից է կախված, թե այդ պարտքն ի՞նչ է դառնալու մեր դեպքում:

Ռիսկային չէ՞ արդյոք սոցիալ-տնտեսական այս պայմաններում սկսել նման գործընթաց՝ հետաքրքրվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանից։ Ի պատասխան՝ նա նշեց, որ ցանկացած նոր պարտքի ներգրավում Հայաստանի Հանրապետության համար ռիսկային է նաև միջազգային չափանիշերով՝ հաշվի առնելով այն, որ պարտքը մոտենում է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսին: Իսկ շուրջ 750 միլիոն եվրոբոնդերի թողարկման վերաբերյալ տնտեսագետը նկատեց, որ այն խնդրահարույց է ոչ միայն բուն տնտեսական անվտանգության տեսանկյունից, այլև՝ ազգային անվտանգության. «Նախ՝ ընդհանրապես պարզ չէ, թե այդ եվրոբոնդերն ինչպես են տեղաբաշխվելու, և, թե այդ հավաքագրված գումարներն ինչպե՞ս են ծախսվելու: Դրա հետ կապված՝ ունեմ իմ վստահ կարծիքը (որևէ երկիմաստություն չկա իմ ասածի մեջ). հաշվի առնելով գործող վարչախմբի թուրքական շահի սպասարկումը` չեմ բացառում, որ նաև թուրքական կապիտալը  գա, մտնի այդ ճանապարհով: Այսինքն՝ օգնեն դրա տեղաբաշխման հետ կապված:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս վիճակում՝ պատերազմը տանուլ տված, ծանր սոցիալական բեռի տակ մտած վիճակում,  մի հատ էլ եվրոբոնդ է թողարկում (եվրոբոնդի տեղաբաշխումն ինքնին լուրջ խնդիր է այս իրավիճակում), չեմ բացառում, որ այդտեղ օգնության հասնի թուրք-ադրբեջանական կապիտալը»:

Հայկ Ֆարմանյանը հիմնավորելու համար իր այս համոզումը՝ համեմատությամբ ներկայացրեց գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ պետության ներսում առկա խնդիրների լուծման ժամանակ.

«Գույքահարկն ավելանալու է: Եթե մենք նայում ենք նպատակի տեսանկյունից,  նպատակն այն է, որ այդ գումարները պետք է ծախսվեն տվյալ համայնքի  բարեկարգման և այլ ուղղություններով: Այսինքն՝ մենք չենք տեսնում կոնկրետ ծրագիր, թե ո՞ր ուղղությամբ է այդ գումարը ծախսվելու, և շարքային  քաղաքացիներն իրավունք ունեն ենթադրելու, որ դա  դարձյալ ուղղվելու է պարգևավճարների  տրամադրմանը, բյուջեն մսխելուն (կապ չունի՝ համայնքայի՞ն բյուջե, թե՞ ընդհանուր բյուջե):

Հիմա նույն  տրամաբանությամբ՝ մի կողմից՝ պարզ չէ, թե ինչպես են այդ եվրոբոնդերը տեղաբաշխվելու, մյուս  կողմից՝ պարզ չէ, թե տեղաբաշխելուց հետո այդ գումարները ո՞ր ուղղությամբ են ծախսվելու: Եթե մի երկրում համահայկական հիմնադրամի գումարներն են ուղղվում պետական բյուջե, փոխանակ հակառակը լինի՝ բյուջեն օգնի այս կամ այն հիմնադրամին… այսինքն՝ բոլոր կարմիր գծերն այս իշխանությունն անցել է, հետևաբար՝ ամեն ինչ ենթադրելու իրավունք ունենք. հաշվի առնելով նաև այսօրվա իրողությունները, ես չեմ բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանն օգնեն այդ եվրոբոնդերը տեղաբաշխելու հարցում»:

Անդրադառնալով պետական պարտքին առնչվող այլ ռիսկերի՝ տնտեսագետը հավելեց. «Այսօր արտագաղթի կանխման ուղղությամբ որևէ քաղաքականություն չի իրականացվում մեր երկրում:

Դիցուք՝ 2018 թվականին մեր հասարակության  մի խավ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին (ես չեմ ընտրել իրեն), այդ մարդիկ այսօր պոտենցիալ արտագաղթողներ են:  Հիմա հարց է առաջանում՝ այդ պարտքը դուք ո՞ւմ վրա եք թողնում.  Մեզ՝ Հայաստանում ապրողներիս վրա՞ եք այդ պարտքը թողնում, ո՞վ է մարելու»:

Նշենք, որ 168.am-ն այսօր գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հետևյալ հարցադրումներով.

1. Ինչո՞ւ պարտատոմսերի թողարկման մասին չկա որևէ պաշտոնական տեղեկություն:

2. Որո՞նք են այս խոշոր գումարի ներգրավման պատճառները:

3. Ինչպե՞ս եք պատկերացնում այդ եվրոբոնդերի տեղաբաշխումը. որո՞նք են տեղաբաշխման երաշխիքները՝ հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, և ովքե՞ր են պոտենցիալ գնորդները:

4. Հավաքագրված միջոցները ո՞ր ուղղությամբ են ծախսվելու:

Տեսանյութեր

Լրահոս