Սերխիո Ռամոս և Ֆլորենտինո Պերես․ արժեքների հակամարտություն
Սերխիո Ռամոսը էքսցենտրիկ մարդ է, բայց նրան հասկանալու համար պարզապես անհրաժեշտ է նայել այն «ռեզյումեին», որը ծածկում է նրա ամբողջ մարմինը: Նրա ծնկների վրա կան 35, 19 և +90 համարները, որոնք վերաբերում են «Սևիլիայում» և Իսպանիայի ազգային հավաքականում կրած մարզաշապիկներին, և ցուցատախտակին նշված ժամանակին, երբ նա «Ռեալի» հետ վերցրեց պատմության տասներորդ Չեմպիոնների լիգան:
Նույն ձեռքի վրա են նրա չորս որդիների ծննդյան ամսաթվերը: Մոտավորապես նույն մասում են նաև նրա ծնողների անունները: Ձախ թևի վրա նշվում է այն օրը, երբ նա միացավ «Ռեալին» (2005 թ. օգոստոսի 31), իսկ ձախ մասում պատկերված է Իսպանիայի հետ նվաճած Աշխարհի գավաթը։
Միակ բանը, որ բացակայում է, կարմիր քարտի պատկերներն են՝ նա իր կարիերայում ունեցել է 26 կարմիր քարտ։
Մնում է տեսնել, թե 2021 թվականին նրա մարմնում ինչ հետք կմնա: Այս ամառ 35-ամյա պաշտպանը հավանաբար կմնա առանց պայմանագրի: Առայժմ ոչինչ չի հուշում, որ նրան նորը կառաջարկվի: Դա արդեն տեղի է ունեցել, բայց նախկինում լեգենդար ավագը երբեք այդքան մոտ չի եղել լքել իր սիրելի թիմը:
Ռամոսը անցած 15 տարիների մեծագույն պաշտպաններից մեկն է: Նա Մադրիդի «Ռեալի» հաղթանակի հավերժ ցանկության խորհրդանիշն է: Բայց որքան էլ նա բերեր կամային հաղթանակներ, նրա նկատմամբ վերաբերմունքը միշտ երկակի էր: Անգամ ակումբի ղեկավարությունը, որի պատիվը նա եռանդորեն պաշտպանում էր:
Սերխիո Ռամոսը, ով դարձավ 64 տարվա ընթացքում ազգային հավաքականի ամենաերիտասարդ դեբյուտը, հաղթեց, կարծես, ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, հինգ չեմպիոնություն, մեկ աշխարհի առաջնության և Եվրոպայի երկու առաջնություն: Ինչպե՞ս է նա դա անում: Այստեղ մենք պետք է շնորհակալություն հայտնենք բնավորությանը և հարմարվել չկարողանալուն։
Ռամոսը ցլամարտի սիրահար է, իսկ իր կյանքում նա օգտագործում է ցլամարտի սկզբունքները: Նրա համար սխալները ճանապարհորդության բաղկացուցիչ մասն են: «Մենք որոշում ենք ոչ թե մեր սխալներով, այլ նրանով, թե ինչպես ենք գլուխ հանում մեր առաջադրանքներից»,- ասում է նա իր սոցիալական ցանցերում:
Դժվար է հիշել այլ պաշտպանների, ովքեր յուրաքանչյուր խաղում այդպիսի ազդեցություն կունենային երկու տուգանային հրապարակների վրա: Նա այս դարում Մադրիդի «Ռեալի» յոթերորդ լավագույն ռմբարկուն է, իսկ 2005 թվականից նա ամենաշատ գոլ խփած պաշտպանն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում։
891 խաղում նա խփել է 126 գոլ: Անցած մրցաշրջանում նա թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն էր, ում հաջորդում էր Կարիմ Բենզեման: Սա նրա լավագույն արդյունքն է։
Պակաս հետաքրքիր չէ Ռամոսի կյանքը խաղադաշտից դուրս: Տաբլոիդները նրան ներկայացնում են որպես էքսցենտրիկ միլիոնատեր: Իսպանացիները սիրում են քննարկել նրա ոճը կամ այն, թե ինչպես է նա բեմադրել հոլիվուդյան հարսանիք կամ գնել 12 միլիոն եվրո արժողությամբ առանձնատուն:
Ինչպես ցույց է տալիս Amazon-ի «Սերջիո Ռամոսի սիրտը» վավերագրական ֆիլմը, նա ուժեղ կամքի տեր մարդ է, որը կարող է միայնակ փոխել իրադարձությունների ընթացքը և ծնվել է որպես կապիտան: Երբ 19 տարեկան հասակում նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» «Սեւիլիայից», նա անմիջապես ասաց, որ ցանկանում է դառնալ Ֆերնանդո Հիերոյի նման ավագ:
Եվ ինչո՞ւ ընդհանրապես կասկածներ կան նրա ապագայի վերաբերյալ:
Ռամոսն արդեն կարող է բանակցություններ սկսել այլ ակումբների հետ: Բայց նա ասաց, որ ուզում է մնալ: Նույնն ասացին ղեկավարության ներկայացուցիչները:
Դե ինչ, բոլորը համաձայն են, ինչ խնդիր կա: Եկեք պայմանագիր կնքենք:
Ցավոք, Մադրիդի «Ռեալի» պես ակումբներում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Մենք արդեն տեսել ենք այդպիսի տեսարաններ։ Ավաղ, այս իրավիճակը հաճախ առաջանում է Ֆլորենտինո Պերեսի ղեկավարության ներքո: Պարզապես նախկինում բանակցությունները երբեք այսքան ձգձգված չեն եղել:
Ըստ Ռամոսի ներկայացուցիչների՝ նրան ընդհանրապես պայմանագիր չեն առաջարկել: Նա արդեն իսկ ասել է ուրիշներին, որ չի ուզում հեռանալ, և չի հետաքրքրվում ուրիշների առաջարկներով: Առայժմ Նա ցանկանում է կարիերան ավարտել «Սանտիագո Բեռնաբեուում» և հուսով է, որ ընթացիկ պայմաններով կնքվի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:
Բայց այս ամենը դատարկ խոսակցություն է: Նա Պերեսի հետ զրուցել է Էլչիի հյուրանոցում, հանդերձարան գնալու ճանապարհին կամ մարզաբազայում, բայց սրանք բոլորը ոչ պաշտոնական զրույցներ են: Նա նույնիսկ առաջարկեց Մադրիդի «Ռեալին» չշտապել վճարումներ կատարել և վճարել իրեն ավելի ուշ ՝ համաճարակից հետո, առանց տոկոսադրույքի: Ասում են, որ Ժերարդ Պիկեն համաձայնության եկավ «Բարսելոնայի» հետ հենց այդպես։
Աղբյուրները պնդում են, որ Ռամոսին նոր պայմանագիր կառաջարկվի միայն այն դեպքում, եթե նա համոզի իր թիմակիցներին համաձայնվել աշխատավարձի 10% կրճատման հետ (արդեն երկրորդ նման կրճատումն է) ճգնաժամի պայմաններում: Ակումբը չի ցանկանում Ռամոսին վճարել այնքան, որքան հիմա է վճարում՝ ամեն անգամ, երբ նա հարցնում է, պաշտպանին ասում են, որ փող չկա:
Այս ամենը հասկանալի է… լավ, ամեն ինչ, բացառությամբ այն բանի, որ պաշտպան Դանի Կարվախալը բարձրացրեց իր աշխատվարձը 4.5 միլիոնից 8 միլիոնի: Թոնի Կրոսը նույնպես սկսեց ավելին վաստակել:
Որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան ավելի շատ բացատրություններ են հայտնվելու: Լրատվամիջոցներն արդեն քննարկում են այն տեղեկությունները, թե իբր ղեկավարության մեջ տարաձայնություններ կան՝ մինչ Պերեսը ցանկանում է, որ ավագը մնա (չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարի առաջ նա ցանկանում էր ազատվել ինչպես իրենից, այնպես էլ Ռոնալդուից), գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը երկարաձգել պայմանագիրը չի պլանավորում:
Մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչպիսին է իրավիճակները: Մադրիդի «Ռեալն» ասում է, որ պայմանագիրն առաջարկվել է դեռ 2020-ի մարտին: Ընտրություն կար՝ կամ պայմանագիրը մեկ տարով երկարաձգել նույն աշխատավարձով, կամ համաձայնվել կրճատման, բայց ակումբում մնալ ևս երկու տարի: Ո՞ւմ հավատալ: Ոչ ոք չգիտի։ Ամեն դեպքում մադրիդյան ակումբը արդեն փնտրում է հավանական փոխարինողներին։
Պերեսի ու Ռամոսի հարաբերությունները վաղուց բարդացել են: Նախագահը երկար ժամանակ չէր համակերպվում, թե որքան մեծ արժեք է դարձել Ռամոսը, և թե ինչպես է նա կարողանում ազդել հանդերձարանում տիրող տրամադրության վրա: Բայց նա հիմար չէ, և հասկանում է, որ առանց ավագի շատ ավելի վատ կլիներ: Այստեղ գործում է «ձեր թշնամիներին ավելի մոտ պահեք» սկզբունքը:
Ռամոսը արագորեն ծերացող խաղացողների խմբի ղեկավարն է, ովքեր գնալով դժվարանում են ուժ գտնել` պայքարելու մեկ այլ գավաթի համար: Եվ Պերեսը գիտի, որ Ռոնալդուի հեռանալուց հետո նա միակ իրական առաջնորդն է: Առանց նրա ամեն ինչ կքանդվի: Բայց երբ գա փետրվարը, ինչ-որ բան պետք է որոշվի: Ռամոսն արդեն սպառնացել է բանակցություններ սկսել այլ ակումբների հետ: Շատ ցավալի կլինի, եթե Մադրիդի «Ռեալը» այսպիսի լեգենդ կորցնի:
Սիրարփի Աղաբաբյան