Տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ

Հունվարի 1-ից Թուրքիայի հետ պաշտոնապես տնտեսական նոր հարաբերությունների մեջ ենք: Խոսքն ամենևին էլ սահմանների բացման ու երկաթուղային կապի մասին չէ: Այդ մասին սիրում են խոսել «ճամպրուկի» կարգավիճակ ունեցող դեմքերը: Բացառապես: Անգամ կառավարության անդամներն են շրջանցում այս թեման: Գոնե առայժմ: Որովհետև կառավարությունը դեռ չի չեղարկել 2020թ․ հոկտեմբերի 20-ին ընդունած N 1705-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին»: Պաշտոնապես չի չեղարկել: Իսկ այդ որոշմամբ 2021թ․ հունվարի 1-ից գործում է «Ժամանակավոր արգելքը»: Որոշումն ընդունելու պահից իսկ հասկանալի էր, որ այն տնտեսական իմաստով էական բովանդակություն չունի:

Այն պահի տակ ընդունված ու հասկանալի քաղաքական որոշում էր: Բայց այդ պահն անցել է, ու արդեն կարելի է դիտարկել, թե առևտրական իմաստով ինչ ապրանքաշրջանառություն ունեինք Թուրքիայի հետ. «Դիտարկել ներմուծում-արտահանումների ծավալների փոփոխությունները» վերջին տարիներին և հատկապես 2018-ին և դրանից հետո:
Միանգամից արձանագրենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, Թուրքիայի հետ ապրանքափոխանակություն-առևտրի պատկերը շատ անհարթ է: Թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների մասով: Օրինակ, 2014թ․ Թուրքիայից ներմուծումների ծավալը կազմել է մոտ 232.3 մլն դոլար, իսկ մեկ տարի անց այն կտրուկ անկում է գրանցել՝ կազմելով մոտ 137 մլն դոլար: Նույն տարիների Թուրքիա արտահանումների ծավալը համարյա նույնն է եղել. 2014թ․՝ մոտ 1 մլն 495 հազար դոլար, 2015թ․՝ մոտ 1 մլն 496 հազար դոլար: Բայց տնտեսական վիճակագրությունն արձանագրում է մեկ, կարելի է ասել՝ անհասկանալի ու ոչ միայն տնտեսական վերլուծության արժանի փաստ:
Մեր տնտեսական ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է այն տարիներին, երբ երկրում ներքաղաքական լարված վիճակ ու քաղաքական փոփոխություններ են եղել: Այդ բնութագրմանն արժանի նախավերջին տարեթիվը, հարկավ, 2008-ն է: 2007թ․ Թուրքիայից ներմուծումները կազմել են մոտ 130 մլն դոլար: 2008թ․ ռեկորդային ցատկ-ցուցանիշ է գրանցվել՝ մոտ 268 մլն դոլար (հիշենք այս թիվը՝ այն տարօրինակ զուգադիպությամբ կրկնվելու է):
Երկրի ներքաղաքական վիճակի կայունացումից հետո թուրքական ծագման ապրանքների ներմուծման ծավալը կտրուկ նվազում է: 2009-ին ներմուծվել է մոտ 178 մլն դոլարի ապրանք:
Հիմա դիտարկենք վերջին 5 տարվա թվերը:
2015թ․ ներմուծումները, թերևս, ամենացածրն էին՝ մոտ 137 մլն դոլար: Բայց հաջորդող տարիներին այն սկսում է աճել: 2016-ին կազմում է մոտ 164 մլն դոլար: 2017-ը թռիչքաձև աճի արդյունքում արձանագրում է մոտ 223 մլն դոլար ցուցանիշ: 2018թ․ աճը շարունակվում է՝ մոտ 253 մլն դոլար: Իսկ այ, 2019-ը «կրկնում» է 2008-ի ռեկորդը:

Այդ տարի ևս մենք Թուրքիայից ներկրել ենք 268 մլն դոլարի ապրանք:  Փաստորեն, տարօրինակ զուգադիպությամբ, երկրի ներքաղաքական լարված իրավիճակը կրկին «ուղեկցվում» է թուրքական ներմուծումների ծավալի աճով: Ասենք, որ ներմուծումներին «համահունչ»՝ աճում է նաև արտահանումը Թուրքիա: 2017թ․ մենք արտահանել ենք մոտ 914 հազար դոլար արժեքի ապրանք:

Իսկ 2018-ին բաժին է ընկնում արտահանումների բարձրակետը՝ մոտ 2 մլն 528 հազար դոլար: 2019-ին այս ցուցանիշը մի փոքր նվազում է՝ 2 մլն 224 մլն դոլար: Արտաքին ապրանքաշրջանառության մեջ այդ տարիներին Թուրքիայի հետ առևտրի տեսակարար կշիռը համապատասխանաբար 9.8 և 9.2 տոկոս է:

Այդ երկիրը մեր արտաքին առևտրում ծավալով 4-րդն է (ծավալով նույնիսկ Իրանի հետ փոխադարձ առևտուրն է գերազանցում): 2020-ին մինչև պատերազմը մեր ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ կտրուկ նվազել էր: Անցած տարվա 11 ամիսների տվյալներով՝ Թուրքիայից ներմուծվել է մոտ 193 մլն դոլարի ապրանք: Իսկ արտահանումները կազմել են ընդամենը 495 հազար դոլար:

Դեպի Թուրքիա մեր արտահանումներն ընդհանուրի մեջ չնչին ծավալ են զբաղեցնում: Ի տարբերություն ներմուծումների: Առայժմ կարելի է եզրակացնել, որ այս երկրի հետ մեր տնտեսական հարաբերությունները կայուն միտումներ չունեն:

Արձանագրվում են թռիչքաձև աճ ու անկումներ: Տատանումներ, որոնց տնտեսական հիմք-պատճառները տեսանելի չեն: Կամ՝ չկան: Գուցե նաև քաղաքական վերլուծությունների կարիք ունեն:

Տեսանյութեր

Լրահոս