«Առաջ, երբ նմանօրինակ զորավարժություններ էին տեղի ունենում, պաշտպանական համակարգի պատասխանատուները գոնե հայտարարում էին, որ ուշադիր հետևում են, վերլուծում են, հիմա անունը դնում ենք «անվտանգ», և վերջ». Վիտալի Մանգասարյան

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային զորավարժություններին, որոնք տեղի կունենան Կարսում փետրվարի 1-12-ը:

Զորավարժությանը ներգրավվելու են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահար խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հատուկջոկատայիններ և ուղղաթիռներ:

Առաջադրված խնդիրներից մեկը զորքերի մարտունակության ստուգումն է, այդ թվում՝ խորը ձյան պայմաններում և սառնամանիքին հրաձգությունը, ձմեռային պայմաններում պատրաստվածության մակարդակի բարձրացումը, հրամանատարական համակարգերի աշխատանքների ապահովումը և այլն:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասաց, որ տեղեկություններ կան նաև նորագույն տեխնիկական միջոցների ներգրավման մասին, ինչից կարող ենք ենթադրել, որ օդուժի, ՌԷՊ ստորաբաժանումների և ԱԹՍ-ների մասնակցություն նույնպես լինելու է։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը փաստացի գրանցած հաջողություններից հետո շարունակում է պատրաստվել, հղկել և բարելավել իր ռազմական պոտենցիալը, ինչը, բնականաբար, մեզ պետք է առնվազն անհանգստացնի։ Սակայն, հետևելով մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, տպավորություն է ստեղծվում, որ իրենք չեն էլ նկատում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ Անդրանիկ Քոչարյանը, ով զբաղեցնում է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը` հայտարարում է, որ անհանգստանալու բան չկա, «անվտանգ» զորավարժություն է: Առաջ, երբ նմանօրինակ զորավարժություններ էին տեղի ունենում, մեր պաշտպանական համակարգի պատասխանատուները գոնե հայտարարում էին, որ ուշադիր հետևում են, վերլուծում են և այլն, իսկ հիմա անունը դնում ենք «անվտանգ», և վերջ։ Հասկանում եմ, որ առաջվա վստահությունը ո՛չ պաշտպանական գերատեսչությունն ունի, ոչ էլ, առավել ևս` Անդրանիկ Քոչարյանը, սակայն ասել, թե իբր անվտանգ զորավարժություններ են անում, երկրների մասին, որոնք ընդամենը ամիսներ առաջ մեր զինվորներին էին գլխատում, խաղաղ բնակիչների գնդակահարում իրենց տներում, ֆոսֆորային ռումբեր գցում, հազարավոր մարդկանց անտուն թողնում, ուղղակի զավեշտալի է։

Այս փուլում գուցե թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մոտիվացիա չկա կռիվ սկսելու, քանի որ, ինչպես տեսնում ենք՝ ինչ ուզում են, հայկական կողմը խելոք կատարում է, սակայն պետք է հասկանանք՝ զորավարժությունները երկարաժամկետ կտրվածքով են խնդիրներ լուծելու։ Այս փուլում ուժերի վերականգնման խնդիրներ ունեն, ինչո՞ւ չէ՝ ձմեռային բարդ պայմաններում հարձակողական բնույթի տակտիկական հնարքներ սերտելու, նոր զինատեսակների, կապի և կառավարման միջոցներին տիրապետելու խնդիր ունեն»,- նշեց ռազմական փորձագետը:

Վիտալի Մանգասարյանի խոսքով, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ թուրք-ադրբեջանական զորքերի ցանկացած կուտակում ինքնին վտանգավոր է, և քայլեր իրականացնի դրանից բխող տրամաբանության մեջ, ոչ թե ի սկզբանե հայտարարի, թե վտանգ չի ներկայացնում, և կարևոր գործերը թողած՝ «թիթեռ նկարի»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսելով փետրվարին կայանալիք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից՝ հորդորել է չվախենալ և չանհանգստանալ:

«Այդ զորավարժություններից շատ մի վախեցեք։ Ռազմատենչ հայտարարությունները երևի դուր են գալիս Ալիևին, ինքը հաղթող կողմ է և շարունակում է հաճույք ստանալ դրանցից։ Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որևէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարություններն իրագործելու»,- հայտարարել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս