Ես ՀԱՀ ողջ համայնքին ուղարկել եմ էլեկտրոնային նամակ, որում ևս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանն ապաքաղաքական կառույց է. Ամերիկյան համալսարանից արձագանքում են
Օրերս 168.am-ն անդրադարձել էր հունվարի 9-ին «Քալիֆորնիա Կուրիեր» թերթում տեղ գտած՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսի հեղինակած «Գրաքննություն և կոռուպցիա Հայաստանի ամերիկյան համալսարանում» խորագրով հոդվածին: Նկատենք՝ հոդվածում շարադրված իրադարձությունները հաջորդել էին դեկտեմբերի 16-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի 45 դասախոսների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Իսկ հոդվածագիրը մասնավորապես տեղեկացնում էր. «Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) անհանգստացնող միջադեպ է տեղի ունեցել՝ մեր ազգի պատմության աղետալի էջի ֆոնին: Անգամ ՀԱՀ-ը զերծ չի մնում Փաշինյանի քարոզչամեքենայից: Վերջերս, «Կարծիքի բազմազանություն» խաբուսիկ խորագրի ներքո, ՀԱՀ Նախագահը և Ռեկտորի ժամանավոր պաշտոնակատարը խոսքի ազատության դեմ արշավ սկսեցին: ՀԱՀ վարչակազմը հանդես եկավ աննախադեպ զգուշացմամբ՝ ուղղված ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, անձնակազմին և ուսանողական կառույցին՝ չարտահայտելու կարծիք, որին համալսարանում որևէ մեկը կարող է չհամաձայնել՝ այն կեղծ հիմնավորմամբ, որ դա կարող է վատ անդրադառնալ իրենց գործընկերների կամ համալսարանի հեղինակության վրա: Դա չկատարելը կարող է հանգեցնել նկատողության կամ աշխատանքից ազատման. այլ կերպ ասած ՝ կա՛մ ինքնագրաքննություն, կա՛մ վտանգեք ձեր աշխատանքը»: Հեղինակը նաև պատմում էր ներհամալսարանյան կոռուպցիոն դրվագի մասին՝ նկատելով, որ ռեկտորի կինն աշխատանքի է անցել «փաթեթային գործարքի» արդյունքում, իսկ ներկայիս ռեկտորը նշանակվել է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, այնուհետև շտապ ստանձնել ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը՝ չնայած ՀԱՀ-ում 6 ամսից պակաս դեկան աշխատած լինելուն:
Այս հրապարակումը լայն քննարկումների առիթ դարձավ, իսկ համալսարանը հոդվածին արձագանքել էր ֆեյբուքյան էջում կարճ գրառմամբ՝ այն որակելով՝ «սոսկ անհատական ընկալման և կարծիքի արտահայտություն, որը չի համապատասխանում իրականությանը»:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար համալսարանից խնդրել էին ներկայացնել գրավոր հարցում: 168.am-ը հարցադրումները հղեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսին:
Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք իր և ակադեմիական հարցերով փոխնախագահի կողմից եղել է զգուշացում՝ կարծիք չարտահայտելու մասին, որի հետ համալսարանում որևէ մեկը կարող է չհամաձայնել, Ամերիկյան համալսարանի նախագահը նշել է. «Ո՛չ, Համալսարանը երբեք զգուշացում չի տալիս այն դեպքում, երբ մարդը հայտնում է կարծիք, որի հետ մյուսները կարող են չհամաձայնել: Իրականում, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) խրախուսվում է անհատական կարծիքների արտահայտումը, ինչպես նաև տարբեր կարծիքների փոխանակումը: ՀԱՀ-ում բաց քննարկումն ու ակադեմիական ազատությունը խթանող մթնոլորտն ակնհայտորեն երևում է մեր վարած թափանցիկ քաղաքականության մեջ և հանդիսանում էր նաև ՀԱՀ նախագահի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀԱՀ համայնքին ուղղած նամակի հիմնական ուղերձը: «ՀԱՀ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ իր քաղաքական դիրքորոշումը, և մենք խրախուսում ենք բոլորին քննարկել, մշակել և հաղորդակցվել իրենց տեսակետներով՝ հարգելով մնացածինը։ Այնուամենայնիվ, հարգելով մեր համայնքում առկա տարակարծությունը՝ որպես հաստատություն՝ մենք չենք կանգնում ոչ մի քաղաքական հայացքի կողքին»,- գրված է նամակում։
Կարին Մարկիդեսը նաև հերքել է հոդվածագրի այն պնդումը, թե իր մասնակցությամբ եղել է համալսարանի ֆակուլտետի խորհուրդ, և այնտեղ անդրադարձ է եղել վարչապետի հրաժարականը պահանջած 45 դասախոսներին.
– Արդյո՞ք այդ դասախոսների հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք համալսարանի հաղորդակցության տնօրենի և Ձեր լուռ ներկայությամբ, ինչպես պնդում է հեղինակը:
– Տեղյակ ենք, որ դասախոսների երկու խմբի միջև, ովքեր ունեցել են քաղաքական տարբեր հայացքներ, տեղի են ունեցել նամակագրություններ, մտքերի փոխանակում և երկկողմանի հուզական բռնկումներ։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 23-ին, Համալսարանի դիրքորոշումը հաստատելու համար ես ՀԱՀ ողջ համայնքին ուղարկել եմ էլեկտրոնային նամակ, որում ևս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը ապաքաղաքական կառույց է, և հստակ ընդգծվել է, որ ՀԱՀ-ը խրախուսում է կարծիքների ազատ արտահայտումը, եթե, իհարկե, դրանք արտահայտում է դասախոսը, աշխատակիցը կամ ուսանողն իբրև անհատ՝ հանդես չգալով Համալսարանի անունից։
– Արդյո՞ք ճիշտ է պնդումը, որ փոխնախագահի կինն աշխատանքի է անցել «փաթեթային գործարքի» արդյունքում, իսկ ներկայիս փոխնախագահը նշանակվել է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, այնուհետև շտապ ստանձնել փոխնախագահի ժ/պ-ի պաշտոնը՝ չնայած ՀԱՀ-ում 6 ամսից պակաս դեկան աշխատած լինելու հանգամանքին:
– Դր. Բրայան Էլիսոնն ընդունվել է ՀԱՀ 2019 թվականի հուլիսին՝ որպես Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան։ Նա այժմ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը։ Նախքան Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան նշանակվելը դր. Էլիսոնն ուներ բարձրագույն կրթության ոլորտում 20 տարվա ղեկավարման փորձ, որը ձեռք էր բերել Միսսուրիի պետական համալսարանում, Չարլսթոնի քոլեջում, Ապալաչյան պետական համալսարանում և Այդահոյի համալսարանում:
Ակադեմիական հարցերով փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ներքին մրցույթ հայտարարվեց, երբ նախկին փոխնախագահ դր. Ռանդալ Ռոդեսը հայտնեց 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ՀԱՀ-ում իր աշխատանքը թողնելու մտադրության մասին: Այդ ժամանակ դր. Էլիսոնն արդեն մեկ տարի պաշտոնավարում էր՝ որպես Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան: Նա փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքի համար միակ ներքին դիմորդն էր: Այժմ համատեղության կարգով աշխատում է՝ որպես Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան և ակադեմիական հարցերով փոխնախագահ։ Հարկ է նշել, որ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատարը պարտականություններն իրականացնում է ժամանակավորապես, հստակ սահմանված ժամկետում, այս դեպքում՝ մեկ տարի: ՀԱՀ-ում փոխնախագահի հաստիքի համար թեկնածուների որոնումն ընթացքի մեջ է, և այն կավարտվի մինչ 2021 թվականի գարնանային կիսամյակի վերջ:
Ինչ վերաբերում է փոխնախագահի կնոջը, նշենք, որ ՀԱՀ-ում մենք ունենք՝ ինչպես լրիվ դրույքով, այնպես էլ՝ ժամավճարով այցելու դասախոսներ, և մենք շատ ուրախ ենք, որ դր. Էլիցա Կոցևան միացել է ՀԱՀ-ի դասախոսական կազմին՝ որպես անգլերենի համակից պրոֆեսոր, քանի որ նրա նման մասնագետ ունենալը բխում է Համալսարանի շահերից: Նա բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (PhD) է ստացել 2019 թվականին, Վաշինգտոնի պետական համալսարանից։ Դր. Կոցևան թափուր պաշտոնը զբաղեցրել է Անգլերենի և հաղորդակցման ամբիոնի դասախոսների հաստատմամբ. գործընթաց, որն ընթացել է ակադեմիական հարցերով նախկին փոխնախագահ դր. Ռոդեսի գլխավորությամբ: Դր. Կոցևան ունի համապատասխան որակավորում և աշխատանքի է ընդունվել ՀԱՀ-ի ներքին քաղաքականությանը համապատասխան: ՀԱՀ-ը մշտապես փնտրում է դր. Կոցևայի նման բարձր որակավորում ունեցող մասնագետների, ովքեր կարող են դիմել և համալրել ՀԱՀ-ի դասախոսական կազմը։
– Քանի՞ ամիս է աշխատել նա ՀԱՀ-ում դեկանի պաշտոնում:
– Ընդհանուր առմամբ 17 ամիս։ Նա արդեն 12 ամիս աշխատում էր այդ պաշտոնում, երբ նշանակվեց՝ որպես ակադեմիական հարցերով փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Հ․Գ․ Այս պատասխաններից հետո, սակայն, նոր հարցադրումներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես, դոկտոր Մարկիդեսը նշում է. «Տեղյակ ենք, որ դասախոսների երկու խմբի միջև, ովքեր ունեցել են քաղաքական տարբեր հայացքներ, տեղի են ունեցել նամակագրություններ, մտքերի փոխանակում և երկկողմանի հուզական բռնկումներ։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 23-ին, Համալսարանի դիրքորոշումը հաստատելու համար ես ՀԱՀ ողջ համայնքին ուղարկել եմ էլեկտրոնային նամակ, որում ևս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը ապաքաղաքական կառույց է, և հստակ ընդգծվել է, որ ՀԱՀ-ը խրախուսում է կարծիքների ազատ արտահայտումը, եթե, իհարկե, դրանք արտահայտում է դասախոսը, աշխատակիցը կամ ուսանողը՝ իբրև անհատ՝ հանդես չգալով Համալսարանի անունից»։
Հետաքրքիր է՝ երբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները՝ ասել է թե՝ Ամերիկյան համալսարանի անունից 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ դիմում էին Սերժ Սարգսյանին՝ «աղաղակելով» ժողովրդավարության հիմքում ընկած երկու հիմնական հասկացությունների` ժողովրդի կամքին և օրենքի գերակայությանը հասցված լուրջ սպառնալիքի մասին, արդյո՞ք ՀԱՀ նախագահությունը նմանատիպ նամակներ հղել է ՀԱՀ համայնքին: