Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Անի Հովսեփյանը:
Վերջինիս հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:
«Մենամարտը կլինի 8 ռաունդից բաղկացած ու հաղթանակի դեպքում արդեն հաջորդ մենամարտս կարող է լինել գոտու համար»,-ասաց Հովսեփյանը:
Անի Հովսեփյանի նախորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում եղել է 2025 թվականի հոկտեմբերին: Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:



