«Փոթորիկ» Ամերիկյան համալսարանում․ արշավ կարծիքի բազմազանության, խոսքի ազատության դե՞մ

Դեկտեմբերի 16-ին 168.amտեղեկացրել էր, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի թվով 45 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հրաժարականի պահանջի մեջ մասնավորապես նշվում էր.

«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը, պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը, ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրսբերումը, տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին, մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին»:

Թվում էր, թե ամեն բան կավարտվեր այսքանով, քանզի ժողովրդավարական երկրում կարծիք արտահայտելը հանցագործություն չէ, և վասնզի առաջին անգամը չէ, որ Ամերիկյան համալսարանն (այդ թվում՝ այլ համալսարաններ) արձագանքում է ընթացող քաղաքական իրադարձություններին՝ որոշ դեպքերում՝ նաև ուսանողների «շուրթերով», սակայն շարունակության մասին կարդացինք օրերս՝ «Քալիֆորնիա կուրիեր» թերթում: Բայց սրա մասին՝ քիչ ուշ:

Հիշենք՝ 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները դիմել էին Սերժ Սարգսյանին՝ «աղաղակելով» ժողովրդավարության հիմքում ընկած երկու հիմնական հասկացությունների` ժողովրդի կամքին և օրենքի գերակայությանը հասցված լուրջ սպառնալիքի մասին:

«Այս երկու սկզբունքները լուրջ սպառնալիքի տակ են գտնվում ապրիլ 22-ի առավոտյան ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունների պատճառով: Խաղաղ ցուցարարների և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի մեծամասշտաբ ձերբակալությունների օրինական հիմքերը չհիմնավորված են, կամ առնվազն պարզ չեն: Ոստիկանության կողմից անչափահասների նկատմամբ բռնությունը, առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը և մասնավոր սեփականության ոչնչացումը ևս մեկ անգամ փաստում են, որ առկա է կառավարությանը պատկանող հայեցողական իշխանության համակարգված չարաշահում»,- Հայաստանում, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության օրերին գործող իշխանություններին դիմելով՝ գրել էին նրանք իրենց բաց նամակում՝ պահանջելով պատասխանատու մարմիններին իրավաչափ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդին պատկանող սահմանադրական երաշխիքները պահպանելու նկատառումներով:

Այսպիսով, ժամանակին՝ 2018թ․, մարդիկ ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքը. շատերը՝ միացան հանրահավաքներին, կարծիքներ հրապարակեցին՝ և մամուլում, և սոցցանցերում, քննադատեցին այդ պահին գործող իշխանություններին, ու, թերևս, չենք լսել դեպքեր, երբ հիշյալ մարդիկ արժանանան ճնշումների սեփական տեսակետի համար:

Հիմա՝ «դարձ ի շրջանս իւր». «Քալիֆորնիա Կուրիեր» թերթում հունվարի 9-ին տեղ գտավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի հեղինակած «Գրաքննություն և կոռուպցիա Հայաստանի ամերիկյան համալսարանում» խորագրով հոդվածը:

Նկատենք՝ հոդվածի սկզբում խմբագրական ծանուցում էր արվել՝ նշելով, որ հեղինակի անունն իր իսկ խնդրանքով չի հրապարակվում. «Չնայած «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագրական քաղաքականությանը՝ անանուն որևէ կարծիք չհրապարակելու մասին, մենք բացառություն ենք արել այս պարագայում ՝ հեղինակին հնարավոր վնասներից պաշտպանելու համար»,- ասված էր խմբագրական տեքստում:

Իսկ հոդվածագիրը մասնավորապես տեղեկացնում է.

«Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) անհանգստացնող միջադեպ է տեղի ունեցել՝ մեր ազգի պատմության աղետալի էջի ֆոնին: Անգամ ՀԱՀ-ը զերծ չի մնում Փաշինյանի քարոզչամեքենայից: Վերջերս, «Կարծիքի բազմազանություն» խաբուսիկ խորագրի ներքո, ՀԱՀ Նախագահը և Ռեկտորի ժամանավոր պաշտոնակատարը խոսքի ազատության դեմ արշավ սկսեցին: ՀԱՀ վարչակազմը հանդես եկավ աննախադեպ զգուշացմամբ՝ ուղղված ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, անձնակազմին և ուսանողական կառույցին՝ չարտահայտելու կարծիք, որին համալսարանում որևէ մեկը կարող է չհամաձայնել՝ այն կեղծ հիմնավորմամբ, որ դա կարող է վատ անդրադառնալ իրենց գործընկերների կամ համալսարանի հեղինակության վրա: Դա չկատարելը կարող է հանգեցնել նկատողության կամ աշխատանքից ազատման. այլ կերպ ասած ՝ կա՛մ ինքնագրաքննություն, կա՛մ վտանգեք ձեր աշխատանքը»:

Հեղինակը նաև պատմում է ներհամալսարանյան կոռուպցիոն դրվագի մասին՝ նկատելով, որ ռեկտորի կինը աշխատանքի է անցել «փաթեթային գործարքի» արդյունքում, իսկ ներկայիս ռեկտորը նշանակվել է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, այնուհետև շտապ ստանձնել ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը՝ չնայած ՀԱՀ-ում 6 ամսից պակաս դեկան աշխատած լինելուն:

Այս հրապարակումը լայն քննարկումների առիթ դարձավ, ու դեպքեր եղան, երբ փոխարենը սլաքներն ուղղվեին բուն միջադեպին, հոդվածագրի վստահեցմամբ համալսարանում տիրող ռեպրեսիվ մթնոլորտին, շատերը դրանք ուղղեցին «Քալիֆորնիա կուրիեր» թերթին ու նրա խմբագրին:

168.am-ի հետ զրույցում թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նկատեց, որ շատերը, դժբախտաբար, սխալվում են իրենց քննադատությունների մեջ և սխալ տեղ են ուղղում դրանք. «Հրատարակել ենք Ամերիկյան համալսարանի դասախոսի գրությունը, և համալսարանի պաշտոնյաները դժգոհ են այդ գրությունից և ուզում են մեզ քննադատել՝ որպես հրատարակիչ: Այսինքն՝ եթե մեկը քեզ պատգամ է բերում ուրիշից, և այդ պատգամը չես հավանում, հարձակվում ես պատգամաբերի վրա, ինչը շատ սխալ է:

Հայտնի է, որ համալսարանում այժմ խնդիր կա, որն իմ գործը չէ (ես շատ չեմ ուզում խառնվել իրենց ներքին հարցերին), և իրենք իրար մեջ պետք է դա լուծեն և չպետք է մեղադրեն լրագրողներին, որոնք տեղեկանում են, թե ինչ է եղել և հրատարակում են լուրը: Լուր հրատարակողի հանցանքը չէ սա, սա իրենց ներքին խնդիրն է»:

Միջադեպի ու դրա հանրայնացման վերաբերյալ ցանկացանք լսել նաև Ամերիկյան համալսարանի դիրքորոշումը․ համալսարանից մեզ ուղղորդեցին իրենց ֆեյսբուքյան էջին, որտեղ մասնավորապես ասված էր.

«Ի պատասխան՝ 2021 թվականի հունվարի 9-ին «Քալիֆորնիա Կուրիեր» թերթում տպագրված «Գրաքննություն և կոռուպցիա Հայաստանի ամերիկյան համալսարանում» հոդվածի՝ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հոդվածը փաստացի անճիշտ է: Նախքան հոդվածը հրատարակելը, խմբագիրը (ները) չեն կատարել փաստերի ստուգման անհրաժեշտ քայլը: Համալսարանին երբեք չեն դիմել՝ որևէ տեղեկություն հաստատելու համար: Արդյունքում, հոդվածը սոսկ անհատական ​​ընկալման և կարծիքի արտահայտություն է, որը չի համապատասխանում իրականությանը»:

Հավելենք՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար համալսարանից խնդրեցին ներկայացնել գրավոր հարցում, որը, իհարկե, կուղարկենք՝ հաշվի առնելով անանուն հոդվածագրի ներկայացրած աղմկահարույց փաստերն ու փաստարկները:

Թեմայի շուրջ հարցադրումներ կհղենք նաև «Հայաստանի Ամերիկյան համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին՝ ծանոթանալու ՀԱՀ դասախոսների կողմից հրաժարականի պահանջի առնչությամբ նրա վերաբերմունքին, քանի որ այն իշխանությունը, որի մասն է կազմում նախարարը, մշտապես խոսում է կրթական համակարգի անկախությունից:

Տեսանյութեր

Լրահոս