Դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Անի Դանիելյանը կայացրել են իրենց որոշումը, իսկ մյուսնե՞րը…
Ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր՝ Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:
Հիմա փաստացի Կենտրոն նստավայրի դատավոր Անի Դանիելյանը քննիչին պարտավորեցրել է վերացնել Վեհափառի վերաբերյալ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, փաստաբան Հարութ Ակլունցն էր տեղեկացրել, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանն է բավարարել քննիչի և դատախազի գործողությունների դեմ իր բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:
Ընդհանուր առմամբ, 168.am-ի տեղեկություններով՝ սրբազանների վերաբերյալ 5 բողոք է ներկայացվել, որից երեքը մերժվել է, իսկ երկուսի՝ Վեհափառ Հայրապետի ու Հայկազուն սրբազանի վերաբերյալ բերված բողոքները բավարարվել են, և նախ դատավոր Արման Հովհաննիսյանը, ապա դատավոր Անի Դանիելյանը ճանաչել են նրանց իրավունքների խախտումները և պարտավորեցրել վերացնել դրանք:
Ընդ որում, դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ քննության առնվեց իրավունքի խախտումը վերացնելու հարցը և հաղթահարվեց այն իրավական միտքը, որ բացակայելու արգելք խափանման միջոցը չի կարելի այդ փուլում խախտում ճանաչել:
Արման Հովհաննիսյանի որոշումը փաստացի խնդրահարույց չէր, քանի որ Անի Դանիելյանը վարվեց ճիշտ նույն կերպ՝ ճանաչելով Կաթողիկոսի իրավունքների խախտման փաստն ու պարտավորեցնելով վերացնել դրանք:
Ի դեպ, երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը չի նահանջում, և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։
Հավանաբար Աննա Վարդապետյանի համար խիստ սկզբունքային հարց է Վեհափառի невыездной լինելը:



