Անշարժ գույքի շուկան՝ պատերազմից հետո
Կապիտուլյացիայի տնտեսական հետևանքներն առայժմ ամբողջական վերլուծության ենթակա չեն: Տարածաշրջանային տնտեսական առաջընթացի իշխանական (ու հերթական) խոստումները ոչ մի բանով չեն տարբերվում նախկինում հնչեցված (ու իրականությունից կտրված) խոստումներից:
Այս պահին տնտեսական վիճակագրությունն արդեն արձանագրել է տվյալներ, որոնք կարող են տալ մեր երկրի տնտեսության իրական պատկերը: Թեկուզ առանձին դրվագի տեսքով:
Օրինակ, բավական բնութագրական կարող են լինել անշարժ գույքի շուկայի տվյալները: Իշխանափոխությունից հետո մեր ղեկավարությունը բոլորիս համոզում էր, որ անշարժ գույքի շուկայում բում է լինելու:
Խոստանում էին, որ իշխանափոխությունը ողջունած սփյուռքահայերն արտադրական ձեռնարկություններ ու տուն-բնակարաններ են գնելու: Խոստումներին նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը հավատաց և սկսեց հաշվառել մեր անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ կատարվող գործարքները: Հաշվառել ու հրապարակել: Բնականաբար: Բայց ամիսն ամսի վրա ակնհայտ էր դառնում, որ իշխանությունների կանխատեսումները չեն արդարանում:
Այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները հակված չեն Հայաստանում տուն-խանութ կամ որևէ արտադրական օբյեկտ ձեռք բերել: Սփյուռքահայերին՝ «եկեք պատմական ու ժողովրդավարական հայրենիքում տնից-բանից» գնելու նույնիսկ հականե-հանվանե դիմելը չօգնեց: Վիճակագրությունն արձանագրում էր, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գերադասում են վաճառել նախկինում ձեռք բերած գույքը, քան՝ նորը գնել:
Տնտեսական հստակ (կամ հոդաբաշխ՝ եթե կուզեք) քաղաքականության բացակայությանը նախ՝ համավարակը գումարվեց, ապա՝ խայտառակ կապիտուլյացիան: Հիմա ասածը դիտարկենք վիճակագրական տվյալներով:
Տնտեսագիտությունը պարտադրում է համեմատել համադրելի համարվող տվյալներ: Ուստի նշենք վերջին երեք տարում անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների քանակը նոյեմբեր ամսին:
2018թ․ նոյեմբերին կատարվել է 15 հազար 302 գործարք, 2019թ.՝ 17 հազար 433, իսկ 2020թ․ նոյեմբերին՝ 12 հազար 308 գործարք: Գործարքների ընդհանուր քանակի մեջ հատկապես կարևոր է առանձնացնել առքուվաճառքի գործարքների քանակը: 2018թ․ գրանցվել է 4485 առքուվաճառք, 2019-ին՝ 4984, իսկ այս տարվա նոյեմբերին՝ 2765: Իհարկե, կարելի է թվաբանորեն հաշվարկել անկումը՝ 45 թե 44 տոկոս է կազմում: Բայց նման մանրակրկիտ վերլուծությունը մեկ ամսվա տվյալի պարագային կարելի է ոչ պատեհ համարել: Ի վերջո, շատ ավելի կարևոր է պարզել, թե ինչ վարք դրսևորեցին (և կշարունակեն դրսևորել) օտարերկրացիները մեր անշարժ գույքի շուկայում: 2019թ․ նոյեմբեր ամսին օտարերկրացիները Հայաստանում գնել էին 226 անշարժ գույք և նույն ամսին վաճառել էին 424 անշարժ գույք: 2020-ի նոյեմբերին գնած 80 գույքի դիմաց օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 154-ը:
Նրանց առքուվաճառքի գործարքների կառուցվածքից պարզ նկատելի է, որ օտարերկրացիները մեր անշարժ գույքի շուկայում բիզնես-գույքով՝ արտադրական ու սպասարկման շինություն-տարածքներով, խանութներով, համարյա հետաքրքրված չեն: Անցած նոյեմբերին նրանց գնած անշարժ գույքի 74 տոկոսը բնակարան է (բազմաբնակարանային շենքերում) կամ առանձնատուն: Վաճառած անշարժ գույքի մեջ էլ բնակարան-առանձնատների տեսակարար կշիռն ամենամեծն է՝ 69 տոկոս:
Այլ կերպ ասած, անշարժ գույքի շուկայում գործարքների համարյա կրկնակի նվազումը և հատկապես օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գործարքների պակասելը կարելի է դիտարկել տնտեսական իրավիճակի վատթարացման առաջին դրսևորումներից, որ կարող է վերածվել հետպատերազմյան տնտեսական ճգնաժամի: