Բաժիններ՝

2000թ. եղած սպանդանոցների կեսը հետո վերածվեց ավտոլվացման կետերի․ նույն ճակատագիրը սպասվում է այս սպանդանոցներին. ՍԱՊԾ նախկին պետ

Հայաստանի Հանրապետությունում օր օրի ավելանում է սպանդանոցների թիվը: Սննդի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ 72 սպանդանոց կա, որից 38-ը ծառայություն է մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են:

Կան նաև շարժական սպանդանոցներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ սա ավելի շատ աչքակապություն է, որովհետև, ըստ նրա, միայն սպանդանոց սարքելով՝ խնդիրը չի լուծվում:

«Հայաստանում անասնաբուժական համայնքային ցանցն ու առաջին սպանդանոցները դեռևս 2000-ականների սկզբին են ստեղծվել, բայց, քանի որ այդ ժամանակ երկիրը քանդուքարափ վիճակում էր, դժվար էր ցանցը ներդնել:

Այդ սպանդանոցների կեսը հետո վերածվեցին ավտոլվացման կետերի, որովհետև մեխանիզմը չկար: Նույն ճակատագիրը սպասվում է այս սպանդանոցներին: Պետք է լինի համակարգ, վերահսկողության հետագծելիություն: Սպանդանոցներն ընդամենը կարող են վաճառողի օֆիսներ լինել, եթե միակ ապացույցն անասնաբուժական
5-րդ ձևն է: Ո՞վ է ստուգում՝ իրոք կենդանին սպանդանոցո՞ւմ է մորթի ենթարկվել, թե՞ ոչ: Թուղթ են տալիս, որը ծրագրով ստուգվում է: Ավտոմատ ծրագիր չէ, որի վրա ներգործություն չլինի: Սպանդանոցների քանակությունը դեռ չի նշանակում, որ աշխատանքը կազմակերպված է: Սպանդանոցները կառուցվում են, բայց դրանք գործարկելու և պետական համակարգի մաս դարձնելու համար պետք է առաջին հերթին լինի կենդանիների հետագծելիություն, և եթե դա չկա, որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ սպանդը կատարվել է սպանդանոցում: Դա ես չեմ հորինել, սննդամթերքի անվտանգության միջազգային պրակտիկան է և օրենքը: Ու որքան էլ ասեն, որ՝ տեսեք, այս սպանդանոցում է կատարվել մորթը, և այլն, դրա ապացույցները չկան, միայն 5-րդ ձևն է, որը ոչինչ չի նշանակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ շարժական սպանդանոցներն էլ նորմալ են այն երկրներում, որտեղ գործում է համակարգ:

«Եկեք պատկերացնենք՝ հիվանդ կենդանու մորթ է կատարվում, այդ շարժականը որտե՞ղ է օրգանները ոչինչացնում, որտե՞ղ է վնասազերծում: Շրջելու է և ինֆեկցիա տարածի: Ասենք՝ կենդանին աֆրիկյան ժանտախտով է վարակված, գիտե՞ք, որ աֆրիկյան ժանտախտն ամեն ինչով է տարածվում, և տեղում, առանց շարժելու պետք է ախտահանեն, վնասազերծեն: Պատկերացրեք, նման բան լինի, ու համայնքից համայնք շրջի, մեխանիկորեն տարածվում է: Հիվանդ կենդանին որ մտնում է սպանդանոց՝ ենթակա է հատուկ կարգի, որը մեր սպանդանոցներում չկա: Դրա համար կենդանիների հետագծելիություն ու հսկողություն է պետք: Մենակ տեսնեք՝ ինչով են աշխատում մեր սպանդանոցների անանսաբուժասանիտարական փորձագետները. դեռևս նախորդ դարի 50-60-ական թվականների նյութերով»,- նշեց ՍԱՊԾ նախկին պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս