Ժամկետային զինծառայողների ծնողները պարզաբանումներ ստանալու պահանջով կհանդիպեն Օնիկ Գասպարյանին
Ժամկետային զինծառայողների ծնողները ցանկանում են հանդիպել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար։
«Իհարկե, գիտենք, որ գործընթացը սկսված է, բայց հետաքրքիր է պարզաբանումը, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ հայաստանցի զինծառայողը 10 օրով է արձակուրդ գալիս, արցախցի զինծառայողը՝ 5 օրով է գալիս, պլյուս 2 օր, որը ճանապարհին է անցնում։ Այ, օրինակ, երեկվա հայտարարություններից հետո, մեր երեխաներն այնտեղ ինչպես են ապահովված, եթե զինծառայողը գնում է Լաչինում դիրքեր է կանգնում, որին թույլատրված չէ ՊՆ հագուստով հայտնվել այնտեղ, այս ի՞նչ է կատարվում։ Թող ասեն, որ երեխաները հիմա իսկապես ապահով են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի մայրը՝ Արմինե Ավագյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախի ու Հայաստանի տարբեր զորամասերից են եկել ժամկետային զինծառայողներ։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քորչարյանի խոստմանը, որ ժամկետային զինծառայողների պահանջների հետ կապված մեկ շաբաթից պարզաբանումներ կտա, մեր զրուցակիցն ասաց, որ իրենց փոխանցել են՝ առկա ներքաղաքական իրավիճակում հարցը դեռ օդում կախված է, սակայն ամեն ինչ քննարկում են։
«Նաև մեզ ասել է, որ մենք նույնպես այդ հարցերը պետք է բարձրաձայնենք։ Մենք եղել ենք նաև պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մոտ, նա մեզ առաջարկել է՝ դիմում ներկայացնենք ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովին, որպեսզի կազմկոմիտե կազմեն, որտեղ կլինեն նաև քաղաքացիական անձանց ծնողներից և կբարձրացնեն իրենց հուզող բոլոր հարցեր։ Այսօր նաև կհանդիպենք Նարեկ Զեյնալյանի հետ՝ առողջապահական հարցեր բարձրաձայնելու համար»,- եզրափակեց նա։