Բաժիններ՝

Հայ աֆերիստ Սանին, ով 17-րդ դարում կարողացավ մատների վրա պտտացնել եվրոպացիներին

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ 20-րդ դարում հայ իրականության մեջ արարված մի շարք բացառիկ գրքեր անտեսված են հանրության և անգամ գիտական համայնքի կողմից։ Ժամանակներն են փոխվել և դրան զուգահեռ՝ փոխվել են նաև մարդկանց նախասիրությունները։ Հիմա անգամ ընթերցողների համար ձանձրալի է թերթել 1930-ականների մի շարք բացառիկ հրատարակություններ, որոնք խմբագրել են Չարենցի նման հանճարեղ անհատները։

Այս ամենին զուգահեռ՝ պետք է փաստել, որ նախորդ դարում ստեղծված մի շարք բացառիկ գրքերում ամփոփված են տեղեկություններ, որոնք անգամ հիմա կարդացողներն ապշում են։ Մասնավորապես, նմանատիպ տեղեկություններ կան պահպանված հայ իրականության մեջ ստեղծված ամենակարևոր և բացառիկ գրքերից մեկում՝ Հրաչյա Աճառյանի «Անձնանունների բառարան»-ում։

Ընդհանրապես այս գիրքն իր ճակատագրով և կայացման ուղիով բացառիկ է։ Աճառյանի ձերբակալությունից հետո նրա կինը մեծ դժվարությամբ գիտնականի աշխատասենյակից գողանում է գրքի ձեռագիրը, հետո այն թաղում են ծառի տակ և Աճառյանի ազատ արձակվելուց հետո հանում են ձեռագիրն ու ուրախանում մանկան նման, քանի որ այն ամբողջությամբ պահպանվել էր։ Այս բացառիկ պատմությունը կարդալուց հետո պարզ է դառնում, որ Աճառյանն այդ գրքում ամփոփել էր այն, ինչը չէին արել իր նախորդները։ Հատկանշական է, որ վերոնշյալ բառարանում տեղ են գտել մի շարք բացառիկ մարդկանց անուններ, որոնց շուրջ հյուսված են ֆենոմենալ պատմություններ։

Այդ բացառիկ անհատներից մեկը 17-րդ դարում ապրած Սանի անունով հայ մարդն էր, ում Աճառյանն անվանում էր աֆերիստ։ Պետք է փաստել, որ այդ բացառիկ անհատի մասին հայկական այլ աղբյուրներում ինչ-որ տեղեկություններ չկարողացանք գտնել, սակայն պետք չէ բացառել, որ կան ինչ-ինչ տեղեկություններ։ Գեղեցիկ արտաքինով Սանին 17-րդ դարի Դոն ժուանն էր, ով կարողանում էր իր արտաքինով հրապուրել գեղեցիկ կանանց և հասնել իր նպատակներին։ Եթե զուգահեռներ ենք տանում, ապա Սանիի անցած ուղին ու կերպարը շատ է նման միջնադարյան հայտնի ֆրանսիացի բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնի կյանքին և կենսագրությանը։ Վիյոնը բացառիկ պոետ լինելուց զատ՝ նաև բացառիկ ավազակ էր։ Որբ տղան մեծանալով և հասունանալով՝ արդեն իսկ 23 տարեկանում աղջկա համար կռվի է բռնվում և սպանում է իր դեմ կռվող վանականին։ Հետագայում Վիյոնը պետք է թալաներ Նավարայի քոլեջը, իրականացներ այլ գողություններ, խուսափեր պատժից, հետո նորից ծեծի բռնվեր նոտարի հետ, ձերբակալվեր և նորից ներում ստանար։ Վիյոնի ողբերգական և հանճարեղ կյանքը ստանում է այն ընթացքը, որ 1463 թվականին բանաստեղծին մահապատժի փոխարեն՝ արտաքսում են Փարիզից, և նա անհետանում է։ Ի տարբերություն Վիյոնի՝ Սանին աչքի էր ընկնում միայն կենսագրական տաղանդով։ Նա կարողանում էր Եվրոպայում երկրից երկիր տեղափոխվել և իր կերպարով մատների վրա խաղացնել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աճառյանի բառարանում Սանիի մասին կարդում ենք․

«Սանի (Sani). Նշանավոր հայ աֆերիստ։ 1669 թվին գնաց Պարիս, ուր իրեն կոչում էր Sani և հայտարարում էր Սպահանի Աբասաբադ թաղի ոստիկանապետ։ Երիտասարդ և գեղեցիկ, կարողացավ հրապուրել շատերին։ Մտերմացավ Tavernier անունով անձի հետ, որ Հնդկաստանի ճամփորդությունից նոր էր վերադարձել, և նրա միջոցով կարողացավ օգնություն և պաշտպանություն գտնել։ Նրան «մկրտեցին» և կոչեցին Philippe. Իր կնքահայր եղավ Monsieur d’ Orleans-ը. Արքայական հրացանակիրների գունդը մտավ և  ամուսնացավ Tavierner-ի պառավ ու տգեղ քրոջ հետ։ Սա լինելով գալվինական, Նանտի հրովարտակի զորությամբ, ամուսնու հետ վտարվեց Շվեյցարիա։ Philippe այստեղից գնաց Ամստերդամ, ուր արքայական հրացանակրի հագուստներ պատրաստել տալով, գնաց Մոսկուա։ Այստեղ հայտարարեց իրեն Ֆրանսիայի թագավորի պատվիրակ, որ ուղարկվում է Պարսկաստան, այնտեղ կազմակերպելու համար հրացանակիրների մի գունդ։ Չկարողանալով մտնել  Պարսկաստան, անցավ Գերմանիա, ուր շատ խարդախություններ արավ, ապա անցավ Շվեդիա, ուր երկրորդ անգամ ամուսնացավ պալատական մի օրիորդի հետ։ Մի քանի ամսից Շվեդիայից գնաց Լեհաստան և այստեղից էլ Պարսկաստան։ Մի անգլիացի վաճառականի խաբած լինելով, ձերբակալվեց ու տարվեց Կարին»։ (Հրաչյա Աճառյան «Հայոց անձնանունների բառարան», հատոր Դ, Երևան, 1948 թվական, էջ 395)։

Հատկանշական է, որ Աճառյանը բացառիկ հիացմունքով է գրում Սանիի մասին և տարբեր տեղերում նրան ներկայացնում է՝ որպես աֆերիստի ու խարդախի, ով կարողանում էր իր գեղեցկությամբ և հնարամիտ ուղեղով անել այն, ինչ իրեն պետք էր և ցանկանում էր։ Եթե զուգահեռներ ենք տանում, ապա Վիյոնի ու Սանիի մոտ կենսագրության թելն ավարտվում է ձերբակալությունից հետո։ Վիյոնին արտաքսում են Փարիզից, իսկ Սանիին տանում են Կարին։ Աճառյանի ձեռամբ գրված այս բացառիկ տեղեկությունները հետաքրքիր գծապատկեր են տալիս 17-րդ դարում հայերի՝ Եվրոպայում կատարած արկածախնդրությունների մասին։ Եվ եթե անկեղծ լինենք, ապա դարեր անց գրեթե ոչինչ չի փոխվել։ Ինչ-որ պահի մենք լսում են Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայի մասին, ով այդ ամենն անում է իր բացառիկ՝ «աֆերիստ» ազգային բնավորության հաշվին։ Ժամանակներն անցնում են, սակայն հայ մարդն այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր ներսում գտնվող աֆերիստ տեսակին։

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս