«Ոչ մի հեղափոխություն ոչ մի նորմալ բանի երբևէ չի բերել, և մենք հիմա ճաշակում ենք սրա արդյունքները». Ալբերտ Պողոսյան
«21 տարեկան էի, բժշկական ինստիտուտի ուսանող, ուսանողական ջոկատների կազմում մասնակցեցի Շուշիի ազատագրմանը և հետագայում՝ նաև Ղարաբաղի հյուսիսային հատվածի ազատագրման գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, այժմ ամերիկաբնակ բժիշկ Ալբերտ Պողոսյանը:
Նա այս պատերազմի առաջին օրերին կրկին շտապել է հայրենիք՝ բարեգործական նախաձեռնությամբ՝ բժշկական և հումանիտար մեծաքանակ օգնություն հասցնելով բանակին. «Ամբողջ հայ ժողովուրդը մի մարդու նման ոտքի կանգնեց՝ օգնելու հայրենիքին՝ առանց հաշվի առնելու սպիտակներ, սևեր, բոլշևիկներ, կարմիրներ, կուսակցական պատկանելություն:
Այն հակասական ինֆորմացիան, որ ես և իմ ընկերները ստանում էինք օգնության վերաբաշխման, տեղաբաշխման առումով, անհանգստացնելու տեղիք տվեց, և ես որոշեցի անձամբ գալ և զբաղվել այն օգնության վերաբաշխմամբ, որը հասնում էր Հայաստան»:
Նա թյուրիմացություն է որակում պարտության մեղքը բանակի, ժողովրդի ու անհատների վրա գցելու փորձերը. «Պետք է ուղղակի նայել փաստերին՝ ինչ է տեղի ունենում մեզ հետ և ինչու տեղի ունեցավ: Ինքս անձամբ որևէ տեսակի հեղափոխության դեմ եմ. իրականում կարող եմ ասել, որ երիտասարդ տարիքից, ծանոթ լինելով հեղափոխական կազմակերպությունների, կուսակցությունների… ոչ մի հեղափոխություն ոչ մի նորմալ բանի երբևէ չի բերել, և մենք հիմա ճաշակում ենք սրա արդյունքները, ինչո՞ւ, որովհետև ցանկացած երկրում, եթե կա փոփոխություն, պետք է լինի օրինական հիմքի վրա:
Մեղադրվում է բանակը. աբսուրդ, ուրիշ բառ ես ասել չեմ կարող:
Մենք չենք սովորում մեր պատմությունից, ցավոք սրտի, և մի ալիքից մյուսին փոխվելով՝ փորձում ենք մեր տեղը գտնել՝ առանց հասկանալու, որ պետք է լինեն ազգային արժեքներ, որ մենք պետք է լինենք հայամետ,այլ ոչ թե արևմտամետ, ռուսամետ, թուրքամետ, չգիտեմինչամետ:
Եվ քանի մենք թշնամի ենք ման գալիս ուրիշների մեջ, փորձում ենք մեղադրել ուրիշներին՝ փոխարենը պատասխանատվություն վերցնելու մեր արարքների համար, մեր ճակատագիրն ու մեր վիճակը պետք է կրկնվի՝ ինչպես եղավ սրանից 100 տարի առաջ: Չեմ ուզում ասել, որ 100 տարի հետո էլ նույնը կլինի, որովհետև հավատում եմ վաղվա ապագային, հավատում եմ, որ մեր երկիրն ավելի լավն է լինելու: Վերջապես, ինչո՞ւ, եթե կարող ենք օտար մեխանիզմներում լավագույն ոսկե մաս կազմել, մեծացնել, ուժեղացնել, հարստացնել այդ երկրները, ինչո՞ւ չենք կարող անել մերը, որովհետև միգուցե չունենք գլուխ, հավաքական միտք. պետք է սովորել դասեր քաղել»:
Հրադադարի եռակողմ համաձայնագիրը, որը հաճախ որակում են կապիտուլյացիայի փաստաթուղթ, Ալբերտ Պողոսյանը համարում է քաղաքական պարտություն և մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկը. «Կապիտուլյացիան վերաբերում է մեր քաղաքական ղեկավարությանը, քաղաքական էլիտային, որոնք անցկացրին այդ բանակցությունները, բայց ոչ երբևէ բանակին և այն զինվորներին ու այն տղաներին, որոնք դեռ սահմանին կանգնած են ու հավատում են, որ ինչ-որ մի բան լինելու է»:
Նախկին ազատամարտիկը վստահ է՝ սա մեր վերջին պատերազմը չէ, ու հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի նոր պատերազմին՝ համախմբմամբ ու հաղթանակին միտված լուրջ քայլերով:
Մանրամասները՝ տեսանյութում