Համավարակի ծավալները շարունակում ենք չնկատել
Կառավարության վերջին նիստի ընթացքում (հինգշաբթի օրը) առողջապահության նախարարը հայտարարեց. «Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնց չենք կարողանում հիվանդանոցում տեղավորել»: Մի կողմ թողնենք այն, որ սույն նախարարի խոսքում քաղաքացին «հիվանդ» բառ-տերմինի հոմանիշ է: Կարևորը դա չի, այլ այն, թե որքանով է նախարարի խոսքը հավաստի:
«Արծրունապաշտոնական» որակի հավաստի տեղեկատվության արդյունքը տեսել ենք: Մարդկության մի մասը վաղուց է առավոտը սկսում «Worldometr» կայքի համավարակի էջի տվյալներն ընթերցելով: Հատկապես հիմա, երբ համավարակի երկրորդ ալիքն ահագնացել է:
Այս կայքի տվյալներով մեր երկիրը բնակչության քանակով (2 մլն 965 հազար 486 մարդ) երկրների ու տարածքների ցանկում 136-րդ տեղում է: Հայաստանում կովիդ-19-ի հաշվառման սկզբից պաշտոնապես արձանագրվել է 130 հազար 870 վարակված (նոյեմբերի 26-ի դրությամբ): Այս ցուցանիշով մեր երկիրն աշխարհում 51-րդն է: Մեզանից առաջ է Բուլղարիան, որ մոտ 7 մլն բնակչություն ունի: Իսկ մեզանից հետո Բելառուսն է՝ մոտ 7.5 մլն բնակչությամբ: Համավարակի համաշխարհային թվերը բավական մանրամասնություններ ունեն: Ու, ցավոք, այդ մանրամասները մեր պարագային տխուր պատկեր են ընդգծում:
Օրինակ, այն, որ մեր երկիրը թեստերի բացարձակ թվով 91-երորդն է աշխարհում: 1 մլն բնակչի հաշվարկով անցկացված թեստերով մենք 77-րդն ենք (1 մլն-ի հաշվարկով թեստավորվել է 169 հազար 997 մարդ): Այս ցուցանիշով մեզ նույնիսկ Վրաստանն է գերազանցում (46-րդ տեղ, 1 մլն-ից թեստավորվել է 284 հազար 433 բնակիչ): Համարյա անհավատալի է, բայց 1 մլն բնակչության շրջանում վարակվածների քանակով մեր երկիրն աշխարհում 10-րդն է:
Ընդ որում՝ մեզանից առաջ գտնվող հինգ երկիր 1 մլն-ից պակաս բնակչություն ունի: Ուստի այս երկրների «ներկայությունը» ցանցում որոշակի վիճակագրա-թվաբանական հնարք է: Փաստորեն, եթե այդ հնարքը կիրառված չլիներ, Անդորրան (77,3 հազար բնակիչ), Մոնտենեգրոն (628 հազար բնակիչ), Լյուքսեմբուրգը (630 հազար բնակիչ), Ֆրանսիական Պլինեզիան (281,5 հազար բնակիչ), և Արուբան (107 հազար բնակիչ) մեզանից առաջ չէին հայտնվի: Չէին հայտնվի, և մենք 1 մլն բնակիչներից վարակվածների հաշվով կլինեինք 5-րդ երկիրն աշխարհում: Սա՝ վարակվածների քանակով: Մենք միշտ որոշակի հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք խոսել մեր առողջապահական համակարգի մասին՝ ընդհանրապես, ու մեր բժիշկների մասնագիտական որակների մասին՝ մասնավորապես: Բայց միայն վարակվածների անհամամասնական մեծ մասշտաբը հուշում է, որ մխիթարական չպիտի համարվի կորոնավիրուսից մահացածների քանակը 1 մլն բնակչի հաշվարկով: Աշխարհի երկրների շարքում 1 մլն բնակչի հաշվարկով կորոնավիրուսից մահացածների քանակով Հայաստանը 21-րդն է (գրանցված 697 մահ):
Մեզանից առաջ «լուսավոր» Կոլումբիան է: Մեզանից հետո՝ նույնքան «լուսավոր ու պայծառ» Պանաման: Պարզ է, որ այս երկրներն իրենց առողջապահության պատմությունը միջնադարից, Մխիթար Հերացուց կամ Ամիրդովլաթ Ամասիացուց չեն սկսում: Իսկ մեր Առողջապահության նախարարությունը՝ որպես կառույց, իր պատմությունը հաշվարկում է Առաջին Հանրապետությունից (ավելի ստույգ՝ 1918թ. նոյեմբերից): Առաջին Հանրապետության շրջանի առողջապահության համակարգի պատմությունը հայտնի է մասնագիտական շատ նեղ շրջանակի:
Փոխարենը՝ մեր առողջապահության համակարգի խորհրդային շրջանի պատմությունը ստույգ արձանագրել է 1920-ից մինչև 1990թթ՝ Խորհրդային Հայաստանի 70-ամյա պատմության շրջանում այդ նախարարության ղեկավարներին: Նրանք հականե-հանվանե և պաշտոնավարման տարեթվերով հայտնի են: Ճիշտ այնպես, ինչպես հայտնի են անկախության շրջանի 30 տարվա նախարարների անունները: Խորհրդային 70 տարիներին ունեցել ենք 11 նախարար: Իսկ անկախության 30 տարիներին պաշտոնավարում է արդեն 11-րդ նախարարը, որի աշխատանքի հասարակական գնահատականը բավական հայտնի է: Գուցե այս փաստն ինչ-որ հարցի պատասխա՞ն է: