
Հայաստանում այլևս օրենքի գերակայություն չկա. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան

Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը ռուսական «Russia Today»-ում հրապարակված իր սյունակում անդրադարձել է հեղինակավոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ՀՀ-ում կալանավորման աղմկահարույց գործին։
Իր հատուկ սյունակում Կալֆայանը նշում է, որ Հայաստանում հաջողակ գործարարներին հանդուրժում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ասում կամ չեն անում որևէ բան, որը կարող է նրանց դիտարկել որպես քաղաքական ընդդիմություն: Նրա որակմամբ՝ Սամվել Կարապետյանը, ինչպես Ռուբեն Վարդանյանը (ով ձերբակալվել և կեղծ մեղադրանքներով դատվում է Ադրբեջանում), իսկապես կենսական ներդրում են ունեցել Հայաստանի տնտեսության, սոցիալական զարգացման և մարդասիրական օգնության գործում, նրանք ոչ միայն մեծահարուստ են, այլև շատ բարձր վարկանիշ ունեն բնակչության շրջանում:
«Ամենազոր առաջնորդները, ինչպիսին վարչապետ Փաշինյանն է, չեն հանդուրժում իրենց իշխանությանը որևէ ընդդիմություն։
Ավելին, Կարապետյանը, Վարդանյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսը շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղից՝ իրենց նախնիների հողից, հարկադիր տեղահանված արցախցիների իրավունքների վերականգնման գործընթացին։ Նրանց այս կարծիքը համընկնում է հայկական սփյուռքի մեծամասնության և ՀՀ բնակչության մի մասի կարծիքի հետ։ Քանի որ Փաշինյանը ցանկանում է ցանկացած պարագայում ստորագրել, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» (չնայած բոլորը հասկանում են, որ ներկայիս պայմաններում ձեռք բերված խաղաղությունը երկար չի տևի), Եկեղեցուն ու Սամվել Կարապետյանին ստիպում են լռել՝ Ադրբեջանին և Թուրքիային համոզելու համար, որ չկա որևէ մեկը, ով կարող է հակառակվել իր կամքին։
Հայաստանում այլևս օրենքի գերակայություն չկա: Գործադիր իշխանությունը լիակատար վերահսկողություն ունի օրենսդիր և դատական իշխանությունների նկատմամբ: Փաշինյանը նաև հեռացրել է բանակից, ոստիկանությունից և հետախուզությունից բոլոր նրանց, ովքեր չեն աջակցում իր քաղաքականությանը: Հաջորդ թիրախները կլինեն Եկեղեցին և Սփյուռքը: Միջոցներ են ձեռնարկվում նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Միայն լրատվամիջոցներն են դեռևս անկախ, բայց որքա՞ն ժամանակով»,- նման տեսակետ է ներկայացրել Կալֆայանը:
Նրա որակմամբ, Փաշինյանի նշած «դեմոկրատական» Հայաստանը դիմում է հին սովետական մեթոդներին. նրանք բոլորի վերաբերյալ դոսյե են պահում և օգտագործում ըստ անհրաժեշտության: Սամվել Կարապետյանի դեպքում, սակայն, Կալֆայանի խոսքով, դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք այլ գործոններ էլ են հանգեցրել այս մեղադրանքներին:
«Ես տեսնում եմ հնարավոր 3 սցենար․
1․ Բացահայտորեն աջակցելով Եկեղեցուն՝ Սամվել Կարապետյանը խանգարում է գործող կառավարությանը, որը ցանկանում է իր վերահսկողությունը հաստատել Եկեղեցու նկատմամբ՝ սեփական հոգևոր առաջնորդին նշանակելու նպատակով։
2․ Բացի այդ, նաև տեղեկություններ կան, որ Կառավարությունը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, որը պատկանում է Կարապետյանին: Հայաստանի տնտեսության ապագան վտանգված է առևտրի ծավալների նվազման և պետական պարտքի կտրուկ աճի պատճառով: Կառավարությունը կարող է նաև որոշում կայացնել վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օտարերկրյա ներդրողներին:
3․ Երրորդ սցենարը, եթե այն հաստատվի, ավելի վտանգավոր է։ Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կապված է Ֆրանսիայի դեմ նրա հայցի հետ։ Կարապետյանն անշարժ գույք է ձեռք բերել Կոտ դ’Ազուրում, սակայն ֆրանսիական իշխանությունները համարում են, որ այդ անշարժ գույքի իրական գնորդը «Գազպրոմն» է, որի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել։ Սամվել Կարապետյանի այդ գույքի նկատմամբ կալանք է կիրառվել։
Քանի որ Հայաստանն այս պահին ակնհայտորեն գտնվում է ֆրանսիական ազդեցության տակ, նման սցենարը չի կարելի անտեսել։ Ձերբակալելով Կարապետյանին՝ Փաշինյանը, հնարավոր է՝ սպասարկում է ֆրանսիական իշխանությունների շահերը Ֆրանսիայում ռուսական ակտիվների և դրանց սեփականատերերի դեմ նրանց արշավում»,- գրել է Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը։
Հիշեցնենք, որ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը «Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում» դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ: Հայցը վերաբերում է գործարարի կողմից Կոտ դ’Ազուրում բռնագրավված 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատանը: Իրավաբանները կարծում են, որ գործարարի նկատմամբ Հայաստանում իրականացվող քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը դատարանում ֆրանսիական իշխանությունների դեմ հայցի քննման ժամանակ:
Ամփոփելով՝ միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը նշում է, որ Փաշինյանն առաջ է քաշում նոր գաղափարախոսություն, որ «իրական Հայաստանը» գտնվում է 29,800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։
«Դա մերժում է ազգային պետության հայեցակարգը։ Այս համատեքստում նա սփյուռքը (հայերի 75%-ը) չի համարում այս նոր Հայաստանի մաս։ Նա մերժում է ազգի հայեցակարգը։ Քանի որ Հայ Առաքելական եկեղեցին պատմականորեն նույնպես կողմնորոշված է եղել ազգի, նրա լեզվի, ավանդույթների, մշակույթի պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ անկախ սահմաններից, եկեղեցին նույնպես խոչընդոտ է դառնում այս նախագծի համար։ Ուստի, Կարապետյանի դեմ գործողությունները կարելի է դիտարկել՝ որպես այս քաղաքականության մարմնավորում, քաղաքականություն, որն ուղղված է հայ ազգի և դրան աջակցող բոլոր անձանց դեմ»,- այսպես է ավարտել «Russia Today»-ում հրապարակված իր սյունակը Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր Կալֆայանը։