Ո՞ւր մնացին լավ ապրելու հույսերը
Չնայած ժամանակին հնչեցված խոստումներին՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում կյանքի որակն այդպես էլ չբարելավվեց։ Առաջիկայում ևս բարելավվելու ոչ մի հույս չկա։ Դեռ մի բան էլ կվատանա։
Երկիրը հայտնվել է ծանր տնտեսական իրավիճակում, ինչը բերել է բյուջեի եկամուտների էական կրճատման։ Բյուջեում փող չկա սոցիալական խնդիրների համար։
Հաջորդ տարի կառավարությունը սոցիալական ոլորտում որևէ առաջընթաց չի նախատեսում։ Չի սպասվում՝ ինչպես աշխատավարձերի, այնպես էլ՝ սոցիալական մյուս վճարների, մասնավորապես՝ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում։ Դրանք կշարունակեն մնալ այնքան, որքան կային այս տարի։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենալու մարդկանց կյանքի որակի վատացում։ Միայն գնաճը բավարար է դրա համար։
Որքան էլ միջին գնաճը Հայաստանում ցածր է՝ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ սոցիալական իրավիճակի վրա։ Հատկապես որ, գնաճն արտահայտվում է հիմնականում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների շուկաներում։ Այստեղ գների բարձրացումը սովորաբար մի քանի անգամ ավելի մեծ է, քան միջին գնաճը։ Թերևս, դա է պատճառը, որ մարդիկ թանկացումների ազդեցությունը շատ ավելի մեծ չափով են զգում իրենց գրպանի պարունակության վրա, քան միջին գնաճն է։ Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերն ավելանում են՝ գների բարձրացման հաշվին։ Ու դա բերում է սոցիալական լարվածության խորացման, որից չենք խուսափի նաև հաջորդ տարի։
Հաջորդ տարի սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերը մի փոքր կավելանան, բայց ոչ՝ կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հաշվին։
«Կենսաթոշակային ապահովության բնագավառում պահպանվելու են 2020 թվականի համար սահմանված պետական կենսաթոշակների չափերը»,- արձանագրված է 2021թ. պետական բյուջեի ուղերձում։
Կենսաթոշակներին հատկացվող գումարները հաջորդ տարի նույնիսկ կկրճատվեն։ Այդ նպատակի համար կառավարությունը պատրաստվում է ուղղել 245,3 մլրդ դրամ, ինչն ավելի քան 1,1 միլիարդով պակաս կլինի այս տարվանից։
««Աշխատանքային կենսաթոշակներ» միջոցառմամբ նախատեսվում է 245 315.9 մլն դրամի չափով ծախս (2020 թվականին` 246 472.0 մլն դրամ): Ծախսերի նվազումը 1 156.1 մլն դրամով պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխությամբ` 2021 թվականին կանխատեսվում է միջին տարեկան 467 151 շահառու՝ 2020 թվականի 468 761 շահառուի դիմաց՝ կենսաթոշակի միջին ամսական չափի պահպանման պայմաններում»,- ասվում է բյուջեի ուղերձում։
Թե ինչի՞ց է վերցրել կառավարությունը, որ հաջորդ տարի կենսաթոշակառուների թիվը պետք է նվազի, հայտնի չէ։ Գուցե սկսել է զգացնել տալ համավարակի ուղղակի ազդեցությունը, ինչի հետևանքով արդեն հասցրել ենք մեծ քանակությամբ քաղաքացիների կորցնել։ Համավարակի հետևանքով մահացածների թիվը մոտենում է 2,5 հազարի։ Իսկ նրանց գերակշիռ մասը կենսաթոշակային տարիքի քաղաքացիներն են։
Կենսաթոշակային ապահովության ոլորտում հաջորդ տարի շահառուների թվի նվազում է սպասում, բայց ոչ՝ կենսաթոշակների բարձրացում։ Թե դա ինչ է նշանակում այս խմբի քաղաքացիների համար, դժվար չէ ենթադրել։
Կենսաթոշակառուները մեր հասարակության սոցիալական ամենախոցելի խմբերից մեկն է, որը հաջորդ տարի ևս զրկված կլինի իր եկամուտների ավելացումից։ Նույնիսկ գնաճի ազդեցությունը չի նախատեսվում փոխհատուցել։ Անցած տարի կառավարությունը մի քանի հազար դրամով ավելացրեց կենսաթոշակները ու հավանաբար դա բավարար է համարում ևս մի քանի տարի դրանք չբարձրացնելու համար։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո միայն երրորդ բյուջետային տարում որոշվեց բարձրացնել կենսաթոշակները։ Այն էլ ընդամենը 10 տոկոսով, որը համարժեք էր հազիվ 3-4 հազար դրամի։
Եթե իրականանան առաջիկա 3 տարիների կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագրի դիրեկտիվները, ապա կենսաթոշակների բարձրացում չի սպասվում ոչ միայն 2021թ., այլև հաջորդ 2 տարիներին։ Ու սա լինելու է կենսաթոշակառուների համար այն իշխանության առաքելությունը, որը եկել էր բարելավելու այս մարդկանց կյանքը։ Նրանք ստիպված կլինեն բավարարվել 3-4 հազար դրամ հավելումով, որը 5-6 տարվա ընթացքում պիտի ստանան՝ ի հավելում իրենց խղճուկ կենսաթոշակներին։
Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ պետական կառավարման ապարատի բարձրաստիճան պաշտոնյաները պիտի շարունակեն վայելել իրենց բարձր պարգևավճարները, որոնք վայելում են վերջին տարիներին, ու պատրաստվում են նույնն անել նաև հաջորդ տարի։ Չնայած կառավարությունը 2021թ. բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսում, ինչպես վերջին մի քանի տարիներին, այնուհանդերձ, նույնիսկ առկա տնտեսական իրավիճակում ու պետական բյուջեի եկամուտների կրճատման պայմաններում, հակված չէ հրաժարվել պարգևավճարներից։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում այդ նպատակի համար հատկացված է ավելի քան 18,8 մլրդ դրամ։ Ի դեպ, սա բավական է կենսաթոշակառուների կենսաթոշակը ևս շուրջ 2,5-3 հազար դրամով ավելացնելու համար։ Բայց նման գումար կենսաթոշակների համար նախատեսված չէ։
Փոփոխություններ չեն սպասվում նաև սոցիալական նպաստների ոլորտում։ Հաջորդ տարի դրանք կշարունակեն մնալ նույնպիսին, ինչպիսին էին այս տարի։
Ահա սա է լինելու հաջորդ տարվա այն սոցիալական քաղաքականությունը, որը կառավարությունը պատրաստվում է իրականացնել մեր երկրում։ Դա սոցիալական իրավիճակի որևէ բարելավում չի ենթադրում։ Ընդհակառակը՝ սոցիալական իրավիճակը մի բան էլ կվատանա։
Տնտեսության այս տարվա զարգացումները, հաջորդ տարվա սպասումներն ու մի շարք գործոններով թելադրված բացասական ազդեցություններն առաջիկայում շարունակելու են զգացնել տալ մարդկանց եկամուտների վրա։ Չհաշված այն ռիսկերը, որոնք ի հայտ են եկել ղարաբաղյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Մեր երկիրը հայտնվել է ներքաղաքական ցնցումների մեջ, որից դուրս գալու ելքերն առայժմ խիստ մշուշոտ են։ Ու դրանք, ուզած թե չուզած, ազդելու են այն տնտեսական ու սոցիալական միջավայրի վրա, որում հայտնվել ենք այս իշխանության ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ