«Որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է հետ բերենք՝ դա արվում է թարմ շունչ հաղորդելու համար». Բաբկեն Թունյան

Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբեր ամսին պարգևավճարներ են ստացել, հրապարակումներին կից ներկայացվեց նաև պարգևավճարներ տալու վերաբերյալ փաստաթուղթը: Լուրը հրապարակելուց ժամեր անց, Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, թե գրասենյակում միայն երկու աշխատակից են ստացել պարգևավճար, որոնք Տիգրան Ավինյանի հետ պատերազմի ժամանակ գտնվել են Արցախում:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ պարգևավճարներին և պատասխանեց 168.am-ի հետևյալ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պարգևավճարներ  են բաժանում:

«Այդ մասին պարզաբանում է եղել, որ պարգևավճար ստացել են երկու հոգի, որոնք Արցախում կոնկրետ գործողությունների են մասնակցել, որոնցից մեկը դեռևս բուժման մեջ է: Եթե այդ մարդիկ ստացել են, նշանակում է՝ կոնկրետ անհրաժեշտություն է եղել: Եթե երկու հոգին, որոնք Արցախում ամբողջ օրն աշխատել են և վիրավորում ստացել, ապա չեմ կարծում, որ դա այն թեման է, որի շուրջ մենք պետք է քննարկում ծավալենք»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով կառավարության  նախաձեռնած կադրային փոփոխություններին և հարցին, թե ինչպես է վերաբերվում տարածված լուրերին, որ վարչապետը պատրաստվում է Էկոնոմիկայի նախարար նշանակել գործարարի, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ, երբ նշանակումը լինի, այն ժամանակ էլ այդ հարցին կանդրադառնա:

«Բիզնեսմեն կնշանակվի, թե գիտնական, ցանկացած թեկնածուի պարագայում քննարկումներ են իրականացվում, և որոշումներն ընդունվում են ոչ պահի տակ»,- շեշտեց նա:

168.am-ի հարցին, երբ վարչապետը կադրային փոփոխություններ է անում, դրանով երկրում ի՞նչ պետք է փոխի, Արցախի հանձնած հողերը պետք է հե՞տ բերի, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է հետ բերենք, կադրային փոփոխությունները նրա համար են, որպեսզի թարմ շունչ հաղորդվի, որովհետև Հայաստանը դեռ պետք է գոյատևի, և տնտեսությունն ու մնացած կառույցները պետք է նորմալ աշխատեն: Հիմա կային դժգոհություններ, կոնկրետ ոլորտների հետ կապված, կան ոլորտներ, որ մենք ենք կարծել, որ այնտեղ նոր շունչ է պետք: Այն վեց ամիսը, որը վարչապետը նշել է իր ճանապարհային քարտեզում, այն ժամանակահատվածն է, երբ այս կադրային փոփոխություններով մենք պետք է ցույց տանք»,- հավելեց իմքայլական պատգամավորը:

168.am-ի դիտարկմանը՝ վարչապետն ինչ հայտարարում է, անում է դրա ճիշտ հակառակը, Բաբկեն Թունյանը նկատեց՝ եթե վարչապետի նշած ճանապարհային քարտեզն իրականություն դարձած չլինի, այդ ժամանակ հասարակությունը լիարժեք հնարավորություն կստանա իր գնահատականը տալու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս