ԱՄՆ-ի իշխանությունները պատմել են COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումների մասին
Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի դոզավորումը, որը մեծ արդյունավետություն (90 տոկոս) է ցուցաբերել, փորձարկվել է 55-ից ոչ բարձր տարիքի կամավորների վրա՝ ի տարբերություն փոքր արդյունավետությամբ դոզավորումից: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին: Նոյեմբերի 23-ին հետազոտողները հրապարակել են Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca-ի մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները:
Հետազոտողները պատվաստման միջին արդյունավետությունը գնահատել են 70,4 տոկոս: Պատրաստուկի մշակող Էնդրյու Փոլարդի խոսքով՝ գիտնականներին ավելի շատ զարմացրել է այն, որ պատվաստանյութի արդյունավետությունը բարձր է եղել այն դեպքում, երբ հիվանդներին սկզբում ներարկել են չափաբաժնի կեսը, իսկ հետո պատվաստանյութի լրիվ չափաբաժինը:
Այս դեպքում մշակողները արդյունավետությունը գնահատել են 90 տոկոս: Սլաուին լրագրողներին հայտարարել է, որ դոզավորման ռեժիմը, որի դեպքում կամավորներն սկզբում ստացել են չափաբաժնի կեսը, իսկ հետո լրիվ չափաբաժինը, կիրառվել է 55-ից ոչ բարձր տարիք ունեցող խմբի համար: Դրա հետ մեկտեղ այն խմբում, որտեղ կամավորներն ստացել են երկու լրիվ չափաբաժին եւ որտեղ պատվաստանյութի արդյունավետությունը եղել է 62 տոկոսի մակարդակի վրա, եղել են նաեւ 55-ից բարձր տարիքի մարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: