Փաշինյանը «կռիվ է տվել» միայն Շուշիի համար
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպելը: Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի, դրանից առաջ չի եղել նման իրավիճակ, և մեր բանակը, Զու ԳՇ-ն, ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյանը: Ինձ ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք մենք փորձել ենք ինչ-որ ձևով լուծել:
Որն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Ուզում եմ, որ հանրությունն իմանա. Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Ես ասել եմ, որ չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»,- հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր վարչապետը:
168.am-ի մոսկովյան աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտնի փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի մոտ է եղել ստորագրելուց 5 օր առաջ:
Ըստ նույն աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանի ուշադրության կենտրոնում եղել է բացառապես Շուշին պահելու հարցը, բացի Շուշիից՝ փաստաթղթում ներառված մյուս կետերի առնչությամբ ՀՀ վարչապետը ՌԴ-ի առջև որևէ պայման չի դրել: Բացի Շուշիից, մնացած տարածքների՝ Արցախի 7 շրջանների, Հադրութի, Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու Հայաստանի կողմից երաշխավորելու հարցի համար, այսպես ասած, կռիվ չի տվել: Շուշին առանձնահատուկ նշանակություն ուներ, խորհրդանշական էր նաև Ադրբեջանի նախագահի համար: Արդյունքում, այս պայքարում վարչապետ Փաշինյանը պարտություն է կրել: