Եթե Շուշիի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումն ընկնի շրջափակման մեջ և ոչնչացվի, դա լրջորեն կսթափեցնի ագրեսորին․ Լեպյոխին

«Ռազմագործողությունների գոտում իրավիճակը կողմերի միջև հետզհետե հավասարվում է»,- 168am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, Շուշիի ճակատամարտի նշանակությանն ու ՌԴ դերին այս պատերազմում։

Նա նախ նշեց, որ պատերազմական գործողությունների սկզբնական փուլում Հայաստանը հայտնվեց անհարմար դրության մեջ, քանի որ ունակ չէր արդյունավետորեն ետ մղել ադրբեջանական բանակի հարձակումը։ Սակայն 40-օրյա մարտերից հետո, նրա գնահատմամբ, ռազմագործողությունների գոտում իրավիճակը հետզհետե հավասարվում է։ «Ադրբեջանական զորքերի հարձակումն այսօր գրեթե դադարեցված է, և անձամբ ես կարծում եմ, որ մի քանի շաբաթ անց բեկում կլինի՝ ագրեսորի առաջընթացը կարգելափակվի և հայկական զինած ուժերը կսկսեն անցնել հակագրոհների։ ՀՀ զինծառայողների մոտ քիչ–քիչ նոր իրավիճակում պատերազմելու փորձ է ձևավորվում, իսկ որպես նրանց աջակցություն՝ սկսում են ավելի ու ավելի ակտիվ գործել ՌԴ-ից կամավորներն ու տարատեսակ հատուկ ստորաբաժանումները»,- ասաց Լեպյոխինը։

Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրի Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ Ռուսաստանը, ով տիրապետում էր, ըստ շատերի, տարածաշրջանում բազում լծակների, նույնիսկ հակամարտության կարգավորման բանալիին, չկարողացավ դադարեցնել պատերազմը, Ռուսաստանին հարկավո՞ր է արդյոք իր ավանդական ազդեցությունն այս տարածաշրջանում, Լեպյոխինը պատասխանեց, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է։

Նրա խոսքով, փաստորեն, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ՌԴ իշխանություններին զգուշացրեց այն ռիսկերի ու խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ այն դեպքում, երբ ռուս զինվորականներն անցնեն ակտիվ գործողությունների Ղարաբաղում։

«Եվ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն արևմտյան առաջին քաղաքական գործիչներից էր, ով շնորհավորեց ռուսաֆոբ Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ ՌԴ ղեկավարության դիրքորոշման վրա ակտիվ ներգործություն ունի նաև մեր «հինգերորդ շարասյունը», որը տարբեր պատրվակներով զգուշացնում է ՌԴ զինվորականներին Հարավային Կովկասում Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հրահրած պատերազմում ներքաշվելու բացասական հետևանքների մասին։ Այս իրավիճակում Կրեմլը դեռ հույս ունի մաքսիմալ օգտագործել դիվանագիտական միջոցները ղարաբաղյան խնդրի լուծման համար, իսկ ռազմական աջակցությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է ղարաբաղյան զինվորականներին, ռուսական կողմը մտադրված կերպով չի հանրայնացնում»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

Խոսելով այս պատերազմում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ ռուսական կողմի փաստերից՝ վերլուծաբանն ասաց, որ Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, պատրաստ չէին Արցախի դեմ պատերազմին, և ներկայումս հարկավոր է ժամանակ բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը կշեռքի նժարին դնելու համար և նաև, որպեսզի վերաբաշխվեն ռազմական ռեսուրսները նման դժվարամատչելի տարածաշրջանում։

«Ի դեպ, Արցախի դեմ պատերազմում արաբ մեծաթիվ վարձկանների մասնակցությունը կդառնա Հարավային Կովկասում ռուս զինվորականների ակտիվացման գլխավոր փաստարկը։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ում Ջո Բայդենի հաթանակը՝ անկախ նրանից, թե Ռուսաստանի համար ինչպիսի հետևանքներ կունենա, խոչընդոտ չի լինի արցախյան ուղղությամբ ռուս զինվորականների ակտիվացման հարցում»,- ասաց Լեպյոխինը։

Ըստ Լեպյոխինի, Հարավային Կովկասում ուժերի դասավորության հարցում որոշիչ դեր կարող է ունենալ մեկ հաջող հակաօպերացիան Արցախում հայկական զինված ուժերի կողմից։

«Ադրբեջանական ԶՈՒ-ն չափազանց շատ է խրվել Շուշիի ուղղությամբ դեպի հայկական պաշտպանություն, ձգտելով ամեն գնով գրավել այդ քաղաքը, Ալիևի առջև սեփական հաջողությունները զեկուցելու համար։ Բայց եթե, օրինակ, հենց այս կամ որևէ այլ ադրբեջանական զինված ուժերի խմբավորում ընկնի շրջափակման մեջ և ոչնչացվի, ինչպես դա տեղի ունեցավ Դոնբասում Իլովայսկ քաղաքի տակ Ուկրաինայի ԶՈՒ պատժիչ ուժերի հետ, դա կարող է լրջորեն սթափեցնել ագրեսորին։ Երկրորդ նման իրադարձությունը, միանշանակ կարող է լինել ռազմական գործողությունների գոտի պաշտոնապես ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայումը։ Բայց դա, ինչպես ենթադրում եմ, կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը դադարեցնեն ադրբեջանական զինված ուժերի առաջընթացը»,- ասաց Լեպյոխինը։

Տեսանյութեր

Լրահոս