
«Հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, մանրածախ առևտուրը և հիմնականում վերջնական սպառումը հավելյալ եկամուտ են գոյացրել». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է ստացվում, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի համավարակի պայմաններում 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են ստացվելու։
««Պետական բյուջեի մասին» օրենքով այս պահին նախատեսված է 2020 թվականին հարկային եկամուտների սպասողականը 1 տրիլիոն 320, 5 մլրդ դրամ։ Սակայն մեր կանխատեսումներով՝ այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 մլրդ դրամ և հնարավոր է՝ մի փոքր ավելին, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Կանխատեսումները համավարակի ազդեցության և վերջերս պատերազմական գործողությունների արդյունքում սպասումները մի փոքր ավելի վատն էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, և սա շատ դրական երևույթ է մեր ընդհանուր տնտեսության մեջ»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը հաշվի առնելով, կարող են ասել, որ ՀՀ-ում տնտեսության մակրոտնտեսական վիճակը կայուն է, այսինքն՝ կա կայունություն, որը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության մինիմում մակարդակ, ինչից էլ գեներացվում են հարկերը։
«2020 թվականի մարտ ամսից սկսած տնտեսության բազմաթիվ ճյուղեր պարալիզացված էին, չէին աշխատում, և այդ ազդեցությունը տնտեսության վրա մինչև այժմ զգացվում է։ Սակայն տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ հնարավոր եղավ ապահովել, գեներացնել այն հարկային պարտավորությունները և դրա կատարողականը, որը մենք այսօր ունենք։ 2020 թվականի 10 ամիսների հարկային եկամուտների հավաքագրումն արդեն իսկ կազմել է 1 տրիլիոն 134, 8 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 19 մլրդ դրամը զուտ հարկային եկամուտներն են։ Տնտեսության ճյուղերը՝ հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, մանրածախ առևտուրը և հիմնականում վերջնական սպառումը հավելյալ եկամուտ են գոյացրել, այդ ճյուղերն ակտիվությամբ աչքի են ընկել»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։
Նա նաև ընդգծեց, որ 2019 թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել, քան 2020 թվականին, և 61 մլրդ բացասական տարբերության շուրջ 58, 5 մլրդ դրամը բաժին է ընկնում տրանսպորտային միջոցների բացասական տարբերությանը։