Ավինյոնում ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մարդուն. Erop 1
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Ավինյոն քաղաքում հոկտեմբերի 29-ին ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մարդուն, որը փորձել է հարձակվել նրանց վրա: Այդ մասին հաղորդել է Europe 1 ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ տղամարդը, բացականչելով «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է»), սկսել է դանակով սպառնալ անցորդներին եւ հարձակվելու փորձ է արել մոտակայքում կանգնած իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք հարկադրված են եղել խոցման կրակ բացելու:
Ստացած վերքերից չարագործը տեղում մահացել է: Այդ հարձակումը կատարվել է տեղական ժամանակով մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), դանակով մյուս հարձակումից երկու ժամ անց, որն իրականացվել է Նիսում:
Այնտեղ անհայտ անձն սպանել է Նոտր Դամ եկեղեցու առնվազն երեք ծխականների, ինչից հետո ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Այժմ նա հոսպիտալացված է: Ահաբեկչական նպատակով սպանության կասկածանքով հետաքննությունը հանձնարարված է Փարիզի Ահաբեկչության գործերով վարչությանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչությանը: Այժմ Նիսում սպասում են հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ժամանմանը, որը պետք է իրադարձությունների վայր մեկնի ներքգործնախարարությանը կից ճգնաժամային շտաբից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: