Պարտքը նվազել է

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի նախօրյակին՝ Հայաստանի պետական պարտքը նվազել է։ Սեպտեմբերի վերջի դրությամբ պետության պարտավորությունները կրճատվել են շուրջ 113 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել հիմնականում կառավարության պարտքի գծով։ Թեև նվազել են նաև Կենտրոնական բանկի պարտավորությունները։

Կառավարության պարտքն անցած ամիս կրճատվել է 108 մլն դոլարով։ Այդ թվում՝ նվազել է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։

Արտաքին պարտքը սեպտեմբերին պակասել է ավելի քան 75 միլիոնով։ Գումարի մի մասն ուղղվել է վարկերի և փոխառությունների, մյուս մասը՝ արտարժութային պարտատոմսերի մարմանը։ Խոսքը  եվրոբոնդերի մասին է։ Ինչպես հայտնի է, առաջին թողարկման մարման ժամկետն ավարտվում էր այս տարվա սեպտեմբերին։ Այդ ամսին արտարժութային պարտատոմսերի գծով սպասարկումը կազմել է 39 մլն դոլար։

Սեպտեմբերին նվազել է նաև ներքին պարտքը։ Ներքին պարտքը հիմա 33 մլն դոլարով ավելի քիչ է։

Կենտրոնական բանկի պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 5 միլիոնով։

Պետական պարտքի կառուցվածքում տեղի ունեցող այս փոփոխություններն այսօր, անշուշտ, կարևոր են։ Հայտնի է, որ Հայաստանի պետական պարտքը ծանրաբեռնված է։ Այս տարվա տնտեսական զարգացումները ևս դրա օգտին չէին։ Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ կառավարությունը ստիպված եղավ լրացուցիչ պարտավորություններ վերցնել՝ պետական բյուջեի չստացված եկամուտները փակելու համար։ Դրա հետևանքով կանխատեսվում է, որ այս տարի պետական պարտքը կանցնի սահմանված չափանիշերի շեմը, ինչը թուլացնում է նոր միջոցներ ներգրավելու հնարավորությունները։ Այս առումով՝ պարտքի նվազումը, որն արձանագրվել է մինչև ադրբեջանաթուրքական ագրեսիան, շատ կարևոր է։ Դա լրացուցիչ հնարավորություն է՝ նոր միջոցներ ներգրավելու համար։

Վերջին զարգացումներից հետո սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 854 մլն դոլար։ Գումարի հիմնական մասը կառավարության պարտքն է։ Այն մոտենում է 7,4 միլիարդի։

Կենտրոնական բանկը համեմատաբար համեստ պարտավորություններ ունի։ Դրանք ոչ միայն սեպտեմբերին, այլև նախկինում էլ էին նվազում։

Տարվա ընթացքում ԿԲ պարտքը կրճատվել է ավելի քան 9 միլիոնով։ Վերջին տվյալներով՝ այն կազմում է 480 մլն դոլար։

Կառավարության պարտքի գերակշիռ մասն արտաքին պարտավորություններ են։ Պաշտոնապես դրանք մոտենում են 5,5 միլիարդի, որից 910 միլիոնը եվրոպարտատոմսերի գծով է, մնացածը՝ վարկերն են ու այլ փոխառությունները։

Ի տարբերություն Կենտրոնական բանկի, կառավարության արտաքին պարտավորություններն այս տարի ավելացել են։ 9 ամսվա տվյալներով՝ ունենք 202 մլն դոլարի աճ։

Ավելի ակտիվ է եղել ներքին պարտքի ավելացումը։ Մի բան, ինչը նշանակում է, որ կառավարությունը նախապատվություն տվել է ներքին միջոցների հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնելու քաղաքականությանը։ Խոսքը պետական պարտատոմսերի թողարկման միջոցով գումարների ներգրավման մասին է։ Օրերս կատարվեց նաև հերթական երկարաժամկետ թողարկումը։ Տեղաբաշխվեց 26 մլրդ դրամի պարտատոմս։

Ընդհանուր առմամբ, այս տարի պետական պարտատոմսերի թողարկման արդյունքում կառավարության ներքին պարտքն ավելացել է 341 մլն դոլարով։ Այն հասել է 1 մլրդ 877 մլն դոլարի։

Վերջին շրջանում կառավարությունը գերադասում է ֆինանսական միջոցների կարիքը լրացնել ոչ միայն՝ դրսի, այլև՝ ներսի հաշվին։ Ավելին, տարեսկզբի 9 ամիսների տվյալները փաստում են, որ ներքին միջավայրում ակտիվությունն ավելի մեծ է եղել։

Ներսում, անշուշտ, ազատ ֆինանսական միջոցներ կան, որոնք կառավարությունը փորձում է ներգրավել պետական բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար։ Դա մի կողմից՝ լավ է, սակայն մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ցածր է տնտեսության մեջ ուղղակի ներարկումներ կատարելու ակտիվությունը։

Պատահական չէ, որ պետական պարտատոմսերի տեղաբաշխման նկատմամբ հետաքրքրությունները շարունակում են բարձր մնալ։ Չնայած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած որոշակի ռիսկերին՝ վերջին թողարկման ժամանակ պահանջարկը 2,5 անգամ ավելի բարձր էր։

Ներքին միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորելու քաղաքականությունն ունի իր առանձնահատկությունները։ Դա ձեռնտու է այնքանով, որ այդ գումարների սպասարկումը կատարվում է ազգային արժույթով, ինչը չեզոքացնում է փոխարժեքի փոփոխության ռիսկը։ Մյուս կողմից՝ պետական բյուջեից վճարվող գումարները վերադառնում են մեր տնտեսություն։

Սակայն ներքին միջոցների ներգրավման հետ կապված՝ կան նաև խնդիրներ։ Բացի այն, որ այդ գումարները դուրս են մնում ուղղակի ներդրումների վերածվելուց, նաև անհամեմատ թանկ փողեր են պետական բյուջեի համար։ Ավելի թանկ, քան եվրոպարտատոմսերը։ Էլ չասենք՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցներն ու փոխառությունները, որոնց գինը երբեմն չի հասնում տարեկան անգամ 1 տոկոսի։

Բայց այնպես չէ, որ միշտ կարելի է օգտվել նման միջոցներից։ Հատկապես հիմա, երբ ի հայտ են եկել նոր ռիսկեր՝ կապված ոչ միայն՝ տնտեսական բուն զարգացումների, այլև պատերազմական բուռն գործընթացների հետ։

Այդ պայմաններում մեծանում է ներքին ռեսուրսների նշանակությունը։ Ենթադրվում է, որ բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար առաջիկայում ևս կառավարությունը կշարունակի մեծապես օգտվել ներքին ֆինանսական հնարավորություններից։ Այդ հնարավորություններն այս պահին կան, այլ հարց է, թե ինչի հաշվին։

Տարեվերջից 3 ամիս առաջ, երբ Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններում ակտիվ ռազմական գործողություններ են, ահա այսպիսին է պետական պարտքի վիճակագրությունը։ Սեպտեմբերին պարտքը նվազել է, ինչը մեկ քայլ առաջ է։ Բայց դեռ վաղ է ասել, թե մինչև տարեվերջ այն ինչպիսի փոփոխություններ կկրի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս