Հնագետները հին արտեֆակտներ են հայտնաբերել հալչող սառցադաշտերում
Ալպյան լեռներում սառցադաշտերի ակտիվորեն հալչելու պատճառով հնագետների խումբը կարողացել է այդ վայրերում հին արտեֆակտներ հայտնաբերել: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Հետազոտողները գտել են բուսամազիկներից պատրաստված թել, որը մոտավորապես վեց հազար տարեկան է, փայտե ֆիգուրա, քուղակապերով կոշիկ, որը թվագրված է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակ, ինչպես նաեւ այլ գանձեր:
Բոլոր առարկաները պահպանվել են հիանալի վիճակով, քանի որ սառույցը նրանց պաշտպանել է փտելուց: Գիտնականները գիտակցում են, թե ինչ կործանարար ազդեցություն է ունենում կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի վրա: Եվ, այդուհանդերձ, նրանք մի պլյուս են գտել. հալչող սառցադաշտերը փորձագետներին «հնարավորություն» են տվել զգալիորեն ընդլայնել այն մարդկանց կյանքի մասին ըմբռնումը, որոնք լեռներում ապրել են հազարամյակներ առաջ:
Գիտության մեջ նույնիսկ ի հայտ է եկել հետազոտության նոր բնագավառ՝ «սառցային հնագիտություն» անվանմամբ:
Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ նախապատմական ժամանակաշրջանի մարդիկ չեն լքել բարձր լեռները, բայց վերջերս արված մի շարք հետազոտություններ վկայում են հակառակի մասին: Անցած ամսին հնագետ Ռեգուլա Գաբլերը եւ նրա թիմը Ալպերի Շնիդեյոխի լեռնանցքում հայտնաբերել են պարան:
Գիտնականները կարծում են, որ այդ գտածոն նույնպես ավելի քան վեց հազար տարվա է: 2003 թվականին հետազոտողների արդեն մեկ այլ խումբ, որոնք պեղումներ էին անցկացնում այդ նույն շրջանում՝ ծովի մակարդակից գրեթե երեք հազար մետր բարձրության վրա, գտել են նետերով լի արկղ, որը թվագրված է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակ:
Այդ ամենը գիտնականներին թույլ է տվել այն եզրակացությունն անել, որ մարդիկ լեռներ են բարձրացել վանակն եւ տարբեր օգտակար հանածոներ գտնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: