«Տարածաշրջանում արդեն իսկ հումանիտար առումով աղետալի իրավիճակ է ստեղծվել». Արաբագետ
Արցախում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց և կոչ արեց ստեղծել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա։
168.am–ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձավ Արցախի նախագահի կոչին, մասնավորապես, թե որքանո՞վ է իրատեսական այն կյանքի կոչել և որքանո՞վ արդյունավետ կարող է լինել։
«Չեմ կարծում, որ այդ հայտարարությունը գոնե այս պահին առարկայական որևէ արդյունք կարող է ապահովել։ Պատմությամբ է ապացուցված, այսպես կոչված, միջազգային հանրությունը միշտ ուշանում է՝ ոչ թե կանխում է սպառնալիքը, այլ փորձում է վերացնել դրա հետևանքները։ Դրա վառ օրինակն է 2014-2017 թվականների «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններն անգամ Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս, Իրաքում եզդիների ցեղասպանությունը, որից հետո միայն միջազգային հանրությունը նախաձեռնեց հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորումը։ Հետևաբար` ներկայում նման պայմանական միասնական գործողություններ ակնկալելը բավականաչափ բարդ է։ Որևէ միջազգային կառույց դեռևս առարկայորեն չի փորձում կանխել անգամ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող այս անհամաչափ ագրեսիան, որի հետևանքով ամեն օր նաև քաղաքացիական անձինք ու երեխաներ են զոհվում, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական արժեքներ են ոչնչանում։ Տարածաշրջանում այս պահին իսկ հումանիտար առումով աղետալի իրավիճակ է ստեղծվել։ Այս առաջնային մարտահրավերները չկանխելու պայմաններում կանխատեսել, որ միջազգային հանրությունը կարող է գնալ շատ ավելի հեռանկարային կանխիչ գործողությունների՝ կդժվարանամ»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ միջազգային հանրությունը, տարածաշրջանային երկրները հապաղում են ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում, քանի որ անձամբ լավ ուսումնասիրելով ահաբեկիչների գործելաոճը՝ հենց սկզբից ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին Արցախի դեմ գործի դնելու գործելաոճը հղի է ամբողջ կովկասյան տարածաշրջանը ահաբեկչական նոր օջախի վերածելու սպառնալիքով։ Մերօրյա միջազգային ահաբեկչության սպառնալիքի միտումները որոշակի առանձնահատկություններ ունեն, և դրանք արդեն իսկ նկատվում են, լայն առումով՝ նաև Կովկասում։
«Զուգահեռաբար նաև, տարածաշրջանային որոշ երկրների կողմից ոչ բավարար չափով իրականացվող թիրախավորված գործողությունները, անշուշտ, ևս նկատվում են, բայց դրանց արդյունավետությունը չնչին է, քանի որ հիմնականում հռետորաբանության մակարդակում է»,- ընդգծեց արաբագետը։
Անդրադառնալով հոկտեմբերի 13-ին Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչներին, որոնք Չեչնիա են ժամանել Սիրիայից, Արմեն Պետրոսյանն ասաց, որ միջադեպն իր խոսքի առարկայական օրինակ է, քանի որ ահաբեկչական սպառնալիքի ներկա միտումներն ուղղակիորեն տեղափոխվում են արդեն կովկասյան տարածաշրջան։
«Խոսքն ապակենտրոն գործելաոճի մասին է, երբ բացի Արցախ-Ադրբեջան պատերազմական գործողությունների թատերաբեմից, առաջանում են ահաբեկչական նոր օջախներ։ Մի կարևոր առանձնահատկություն էլ՝ սիրիացի արաբներից, թուրքերից, թուրքոմաններից բացի, արդեն ակտիվանում են նաև չեչենները, որոնց համար և՛ գաղափարական առումով, և՛ նեղ նյութական շահի առումով Սիրիան այլևս սպառել է իրեն։ Եվ, կկրկնեմ, այս միտումը ձնագնդի էֆեկտով է աճելու, երբ ակտիվ հակամարտությունների, արկածախնդրությունների կարոտ բազմազգ ահաբեկչական զանգվածները, արդեն իսկ գործող խմբավորումների, կամ նոր ձևավորելիք կառույցների տեսքով փորձելու են նորից ակտիվանալ և սպառնալիք ստեղծել կովկասյան տարածաշրջանում։ Իսկ տարածաշրջանային դերակատարների անվճռական վարքը՝ առնվազն ներկա իրողությունների համապատկերում և նույն տրամաբանությամբ շարունակվելու պարագայում, թույլ է տալիս կանխատեսելու, որ հերթական անգամ ոչ թե կանխվելու է սպառնալիքը, այլ փորձ է արվելու վերացնել հետևանքները, որն անհամեմատ բարդ է լինելու»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։