Գյուղատնտեսական կենդանիներ. արտահանում-ներմուծում
Վիճակագրական տեղեկագրերից մամուլի ուշադրությանը համարյա չի արժանանում «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները» անունը կրողը: Պատճառը երևի այն է, որ անասնապահությունը եզակի ոլորտ է: Եզակի այն իմաստով, որ զարգանում (կամ գոյատևում) է համարյա առանց պետական միջամտության:
Գյուղատնտեսական կենդանիների բազմացմամբ զբաղվող խոշոր առևտրային կազմակերպություն-տնտեսություններ չկան (բացառությամբ թռչնաբուծարանների): Առևտրային կազմակերպություններին բաժին է ընկնում խոշոր եղջերավոր անասունների 0,7 տոկոսը, ոչխարների 0,3 տոկոսը, ձիերի 0,5 տոկոսը:
Երկրում առկա խոզերի գլխաքանակի մոտ 14 տոկոսն է աճեցվում առևտրային կազմակերպություններում: Մնացած ողջ գլխաքանակը գյուղացիական տնտեսություններում են՝ անհատ գյուղացի-անասնապահների մոտ: Գյուղատնտեսական թռչունների մոտ 53 տոկոսն է առևտրային կազմակերպություններում և ածան հավերի 44 տոկոսը:
Ասել է թե՝ մեր անասնապահությունը համարյա ամբողջովին անհատ ֆերմերների հույսին է: Անցած տարի գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը հիմնականում աճել է: Օրինակ, խոշոր եղջերավորների քանակական աճը կազմել է 1.3 տոկոս, ոչխարներինը՝ 3,9 տոկոս, այծերինը՝ 1,7, ձիերինը՝ 5,8, իսկ խոզերինը՝ 12,3 տոկոս: Հետաքրքիր է, որ առևտրային տնտեսություններն ու բնակչության տնտեսությունները պարբերաբար տարբեր վերաբերմունք են ցուցաբերում կոնկրետ ոլորտին:
Օրինակ, խոշոր տնտեսություններն անցած տարի համարյա չեն ավելացրել ածան հավերի գլխաքանակը: Պատճառը հավանաբար անցած ամռան ընթացքում հավկիթի գնանկումն էր: Իսկ բնակչության տնտեսություններում ածան հավերի քանակն ավելացել է 10,4 տոկոսով: Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի փոփոխությունների նկատմամբ հետաքրքրություն համարյա չկար, որովհետև այդ կենդանիների լայնածավալ արտահանում կամ ներկրում չկար: Ձի, խոզ, կով, հավ համարյա երբեք չի արտահանվել: Ոչ էլ՝ ներմուծվել: Խոսքն այդ տեսակների կենդանի արտահանում-ներմուծումների մասին է:
Փոխարենը՝ «հեռավոր» 2008թ.-ից սկսվեց կենդանի ոչխար-այծերի մասշտաբային արտահանումներ: 2008-ին առաջին անգամ արտահանվեց մոտ 750.000 դոլար արժեքի ոչխար-այծ (կենդանի): Հետո արտահանման ծավալը թռիչքաձև աճեց: 2009-ին արտահանման արժեքն արդեն 8,5 մլն դոլարից ավելի էր, իսկ 2010-ին՝ մոտ 13,3 մլն դոլար էր: Արտահանման հիմնական ուղղություններն էին Իրանն ու արաբական որոշ երկրներ: Այդ տարիներին նման արագ տեմպերով աճող բիզնեսն օդում կախված լուրերը վերագրում էին մեկ անձի: Արտահանման ամենամեծ ծավալն արձանագրվեց 2013թ.՝ 14 մլն 172.000 դոլար: Հետագայում ծավալները նվազեցին: Իսկ երբ 2018թ․ համար արտահանման 1,1 մլն դոլարանոց ցուցանիշ արձանագրեցին, բոլորը վստահաբար խոսում էին իշխանափոխությունից հետո նախկին օլիգարխների «սև օրերի» մասին: Հետո ամեն ինչ իր տեղն ընկավ:
2019թ․ կենդանի ոչխար-այծ արտահանումների ծավալը կրկին թռիչքաձև (մոտ 3 անգամ) աճեց՝ կազմելով 3 մլն 223 դոլար: Ոչ ոք այս փաստը չէր նկատի, եթե իշխանությունները չհպարտանային այս տարվա արտահանման ցուցանիշով: 2020թ․ հունվար-հուլիսին (յոթ ամսվա ընթացքում) արտահանումների ծավալն արդեն իսկ գերազանցել է անցած տարվա ցուցանիշը»։ Այս տարվա արտահանումներն արդեն կազմել են 3 մլն 439 հազար դոլար:
Նշենք, որ կենդանի ոչխար մեր երկիր չի ներմուծվում: Չի ներմուծվում նաև ոչխարի ու այծի միս: Մեր երկրից չի արտահանվում խոզ ու խոզի միս: Փոխարենը՝ 2019-ին ներմուծվել է 8,7 հազար տոննա խոզի միս (ընդհանուր 16,1 մլն դոլար արժեքով): Տավարի մսի ներմուծումները մի փոքր պակաս են՝ մոտ 14,2 մլն դոլար արժեքի: Այս երկու տեսակների ներմուծումը վերջին երկու տարիներին նկատելի աճել է: Փոխարենը՝ կտրուկ նվազում են ընտանի թռչնամսի և ընտանի թռչունների ներկրման ծավալները: Տնտեսական վիճակագրությունը, բնականաբար, չի կարող «վերլուծել» այս գործընթացները: Փոխարենը՝ կարող է «ակնարկել», թե որ ոլորտում են «անբացատրելի» գործընթացներ սկսվել: Գործընթացներ, որ միշտ իրենց մեկնությունը (այլ կերպ ասած՝ «օդում կախված լուր»-բացատրությունը) ունեն: