«Նախ, պետք է քննարկել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, պատերազմի ավարտը և հարակից այլ հարցեր». Դավիթ Բաբայան

Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները: Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն էլ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ   ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ»,- գրել է Նաղդալյանը: Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, հոկտեմբերի 12-ին էլ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 8-ին  Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հաղորդել էր Reuters-ը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, և մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել էր Ֆրանսիացի նախարարը:

Պատերազմական իրավիճակում, մասնավորապես՝ այսօր, իրատեսակա՞ն է, որ կմեկնարկի բանակցային գործընթաց։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ պատերազմական իրավիճակում դժվար է, սակայն պետք է զգացմունքները մի կողմ դրվեն։

«Հիմա ամեն վայրկյան զոհեր ունենք, թշնամին հազար անգամ ավելի շատ է, հիմա ինչ, չպե՞տք է հանդիպենք և հարցը կարգավորենք, ոչ մի հանդիպում պետք չէ՞, հատկապես այն դեպքում, որ թշնամին ի վիճակի չէ հասնելու իր նպատակին, իսկ մենք պինդ կանգնած ենք մինչև վերջ։ Բայց երբ պատերազմը սկսվում է, նաև պետք է ավարտվի, այլ հարց է, որ քննարկումը պետք է լինի առարկայական, որ Ադրբեջանի այդ հին մուղամները, որ Արցախն իրենցն է, անհնարին է։ Իհարկե, նման հարցեր չեն կարող քննարկվել։ Հետևաբար՝ պետք է օգտագործել տարբեր խողովակներ, սա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն այնպիսի բան է, որ պատերազմը լինում է և՛ մարտի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում, և՛ աշխարհաքաղաքական, շատ բազմաշերտ երևույթ է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր, որն ունի սյուբեկտայնություն, արդեն իսկ աշխարհաքաղաքական խաղացող է, հետևաբար՝ այդ ամենը պետք է հաշվի առնել և անել հնարավորը պետության, ժողովրդի ու ապագա սերունդների համար։

Հարցին՝ փաստ է, որ հայկական կողմն այսօր պայքարում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների դեմ, հետևաբար՝ ի՞նչ օրակարգով պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և ի՞նչ դիրքերից պետք է հանդես գա, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ բանակցություններին Ալիևն այնպիսի հարված է հասցրել՝ Էրդողանի և ահաբեկիչների հետ, որ այժմ միակ խնդիրը, որը պետք է քննարկվի՝ պատերազմի ավարտն է։

«Մնացած բոլոր հարցերը ժամանակի խնդիր են, այս պահի դրությամբ խոսել ինչ-որ կարգավորման մասին՝ անիմաստ է, քանի որ առաջնայինը դա չէ, ամեն ինչ ըստ առաջնահերթության պետք է լինի։ Նախ, պետք է քննարկել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, պատերազմի ավարտը և հարակից այլ հարցեր»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին՝ արդյո՞ք հիմա ժամանակն է, որպեսզի Արցախը բարձրաձայնի բանակցություններին մասնակցելու մասին պնդումները, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այդ ամենը ցույց կտան բանակցությունները և հանդիպումները։ Հիմա ամենակարևորը՝ մենք պետք է տարանջատենք առաջին, երկրորդ, երրորդ հարցերը։ Առաջին հարցը պատերազմի ավարտն է, թե հետո ով է բանակցելու, ինչ ձևաչափով և այլն, սա արդեն ժամանակի խնդիր է»:

Անդրադառնալով թշնամու կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այն, ինչ տեղի ունեցավ՝ Շուշիի Ղազանչեցոց և Կանաչ ժամի վրա հարձակումը, պետք է դիտարկել մի շարք հարթություններում։

«Առաջինը՝ սա մշակութային ցեղասպանություն է, որովհետև հարձակում է  գործադրվում ոչ ռազմական օբյեկտների վրա։ Թշնամին, օրինակ, ժամանակին Սուրբ Ղազանչեցոցը վերածել էր պահեստի, մենք սա լավ գիտենք։ Երկրորդը՝ աստվածաբանական տիրույթն է, Աստծո վրա են հարձակվում, Աստծո տան վրա, և հետո սպասում պատասխանի, որը ստանալու են»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս