«Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացնելու փայլուն գործողությունը մի քանի բաղադրիչ ունի»․ Մհեր Հակոբյան

Զրույց քաղաքագետ Մհեր Հակոբյանի հետ

-Պարոն Հակոբյան, եկեք մեր զրույցն սկսենք պատերազմի 7-րդ օրվանից, որովհետեւ առաջին երկու օրը ադրբեջանցիները կարծես թե աշխուժացել էին, հետո մենք, այսպես ասած, հավասարեցրինք հաշիվը՝ վերադառնալով մեկնարկային վիճակի, իսկ 7-րդ օրվա կատաղի մարտերը բեկումնային եղան մարտական գործողությունների ընթացքում:

-Պատերազմի 7-րդ օրվա մարտերը չափազանց ծանր էին ե´ւ ադրբեջանական, ե´ւ հայկական կողմի համար: Բավական է ասել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում այդ ծավալի բախում չէր եղել Հայրենական պատերազմից հետո: Առհասարակ, այս պատերազմը կարելի է համեմատել միայն Իրանա-իրաքյան պատերազմի եւ 1973-ին արաբական երկրների դեմ Իսրայելի «Ահեղ դատաստանի օրվա» պատերազմի հետ: Այսինքն՝ Մերձավոր, նույնիսկ Միջին Արեւելքում այս պատերազմը իր ուժգնությամբ ու ընդգրկումով 3-րդն է Հայրենական պատերազմից հետո: Եվ մենք այս պատերազմում արնաքամ ենք արել հակառակորդին: Ադրբեջանի կորուստները ահռելի են՝ ե´ւ մարդկային, ե´ւ նյութական: Ես չեմ ուզում խոսել թվերի լեզվով, դա կանի պաշտպանության նախարարությունը: Միայն կասեմ, որ Ադրբեջանի հարվածային բռունցքը լրջորեն վնասված է:

-Ե´վ Արցախի նախագահի, ե´ւ Հայաստանի պաշտպանության նախարարի՝ հակառակորդին ուղղված խոսքը կտրուկ էր, ինքնավստահ, նույնիսկ՝ սպառնալի: «Ուշքի եկեք, քանի ուշ չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Իսկ Դավիթ Տոնոյանը զգուշացրեց. «Հետեւանքները կարող են սարսափելի լինել Ադրբեջանի համար»: Մի՞թե մեր դիրքերն այդքան շահեկան են այս պահին:

-Կարելի է ենթադրել, որ պատերազմը մտնելու է վճռական փուլ: Ադրբեջանի պես ավտորիտար երկրում, երբ իշխանությունը հիմնված է բիրտ ուժի եւ կեղծիքի վրա, ռեժիմի հաղթաթուղթը տնտեսական վերելքն է, բարեկեցության մակարդակի շարունակական բարելավումը եւ ռազմական հաջողությունները: Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում՝ կապված նավթի գնի անկման եւ այլ անբարենպաստ գործոնների հետ, իսկ կարճ ու հաղթական պատերազմի խոստումը Ալիեւն ակնհայտորեն չի կատարել:

-Պատերազմի 5-րդ թե 6-րդ օրը ռուս քաղաքագետներն ասացին, որ Ալիեւը բաց է թողել «ոսկի» ժամերը:

-Պետք է արձանագրենք, որ կայծակնային-հաղթականի փոխարեն այս պատերազմը Ադրբեջանի համար եղավ երկար ու անհաջող: Եթե նույնիսկ այսօրվա իրավիճակով պատերազմն ավարտվի, ապա կարելի է համոզված ասել, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում:

-Ալիեւը կփորձի քողարկել իր հազարավոր դիակները, չի նկարագրի իր ռազմատեխնիկական կորուստների ճշգրիտ պատկերը: Կգնի ԱԹՍ-ներ, այլ զենքեր, եւ ամեն բան նորից կկրկնվի… Սա կլինի վատագույն սցենար, եթե մենք բանակցությունները սկսենք այս պահի տրամաբանության շրջանակում:

-Այո´, եթե մենք չունենանք մեր հաղթանակը փաստող եւ ամրագրող ակնառու ապացույցներ, ամեն ինչ կարող է կրկնվել: Եթե մենք մեր հաղթանակը չամրագրենք դիվանագիտական եւ քաղաքական տիրույթում, կնշանակի, որ չօգտագործեցինք բացառիկ պահը: Ուստի, մենք պետք է ունենանք մի այնպիսի ձեռքբերում, որը հնչեղ է, ակնառու, որը ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է նսեմացնել, եւ որը մեր հաղթանակի խորհրդանիշը կդառնա:

-Դուք նկատի ունեք նոր տարածքների ազատագրում, ճի՞շտ հասկացա:

-Այո´: Դա հակամարտության երկու կողմերին կստիպի բանակցություններ սկսել մի նոր հարթության վրա, որը ավելի շահեկան կլինի մեզ համար, քան հինն էր: Տարածքային ձեռքբերումը կունենա դետոնային էֆեկտ Ադրբեջանում եւ այնպիսի ծանր հարված կհասցնի Ադրբեջանի իշխանություններին, որ նրանք այլեւս ոտքի կանգնելու ուժ չեն ունենա: Ադրբեջանում ծայր կառնեն ներքաղաքական, ներէթնիկական, նույնիսկ ներէլիտային բախումները, ինչը երկիրը կքայքայի ներսից: Եվ դա արդեն կլինի մեր աներկբա հաղթանակը: Այս ամենով հանդերձ, պիտի կրկնեմ, որ այսօրվա իրավիճակը մեզ թույլ է տալիս խոսելու հաղթանակի մասին, որովհետեւ պատերազմ սանձազերծողը չի կատարել իր մարտական խնդիրը, ահռելի մարդկային ու նյութական կորուստներ է տվել եւ ոչ մի ձեռքբերում չի ունեցել:

-Որքան էլ Ադրբեջանը փորձի քողարկել իր պարտությունը, հայկական այս կամ այն բնակավայրը գրավելու մասին անապացույց, մերկապարանոց հայտարարություններ անի, ադրբեջանական մեդիա դաշտում առաջին օրերի ոգեւորությունը մարել է, այսօր արդեն տարտամ անդրադարձ կա հայկական կողմի հուժկու հարվածների եւ Ադրբեջանի կորուստների մասին:

-Մեր դիտարկմամբ՝ ադրբեջանական մեդիա դաշտի առաջին օրերի ոգեւորությունը համապատասխան արձագանք չէր ստանում սոցիալական ցանցերում, ինչը փաստում է, որ ժողովուրդը պարզապես չի հավատում իր իշխանություններին եւ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներին: Երբ սեփական բանակի հաջողությունների մասին լուրերը հետզհետե քչացան, երբ լրատվական կյանքում խանդավառությունը նվազեց, սոցիալական ցանցերում ադրբեջանցիների խուճապային տրամադրություններն ու հուսալքումը դարձավ ավելի ակնառու: Մարդիկ կարդում էին հայկական կողմի կորուստների մասին մեր պաշտոնական տեղեկությունները եւ իրավամբ պահանջում սեփական իշխանություններից իրազեկել իրենց կորուստների մասին: Իսկ Ադրբեջանի իշխանությունների լռությունը տխուր եզրահանգումների տեղիք էր տալիս, մանավանդ՝ ադրբեջանական կողմը արդեն հայտարարում է, որ մարտերը բավականին ծանր են, որովհետեւ դրանք ընթանում են լեռնային տարածքում: Արդեն խոսում են հայերի հուժկու հարվածների մասին:

-Ի՞նչ նպատակ էր հետապնդում այն ստահոդ լուրը, իբր՝ հայերը կրակել են Մինգեչաուրի եւ Ապշերոնի ուղղությամբ: Մի՞թե հող է նախապատրաստվում պատերազմը Հայաստանի տարածք տեղափոխելու համար:

-Հնարավոր է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր սադրանքի: Սակայն, չի բացառվում, որ նա ընդամենը Հայաստանի բարի համբավը միջազգային հանրության առաջ մրոտելու նպատակ ունի:

-Ինչո՞ւ Գյանջայի ռազմական օդանավակայանին հասցված հարվածը այդքան մեծ խանդավառություն առաջացրեց հայկական կողմում եւ այդքան ցավոտ ընդունվեց Ադրբեջանում:

-Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացնելու փայլուն գործողությունը մի քանի բաղադրիչ ունի: Առաջինը, անկասկած, ռազմականն է: Ռազմական օդանավակայանի ոչնչացումը ենթադրում է չարաբաստիկ F-16 կործանիչների, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ների ոչնչացում:

-Ոչ ոք չի ասել, որ Գյանջայի ռազմակայանի հետ ոչնչացել են նաեւ թուրքական F-16-ները:

-Դա ենթադրվում է, որովհետեւ հայկական կողմը իր սպառազինության ամենաթանկարժեք նմուշները չէր վատնի անտեղի:

-Ինչո՞ւ անտեղի: 60-70 կիլոմետր խորությամբ Գյանջայի օդակայանի ոչնչացումը ցնցեց Ադրբեջանի ժողովրդին ու բարոյալքեց նրա առանց այդ էլ արնաքամ բանակը:

-Դա երկրորդ բաղադրիչն է: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդին եւ աշխարհին փորձել են համոզել, որ Ղարաբաղի ազատագրումը իրենց համար մի-երկու օրվա հարց է: Իսկ հայկական բանակը ներկայացրել են որպես անկազմակերպ, վատ զինված մարդկանց խումբ: Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր իր ժողովրդի զրկանքները իմաստավորել ֆիզիկական պաշտպանվածությամբ ու ուժեղ բանակ ունենալու իրողությամբ՝ վերահաս ռազմական հաջողությունների խոստումով: Բայց, պարզվեց, որ Ալիեւը պարզապես խաբել է սեփական ժողովրդին, ու այսօր ոչ միայն ռազմաճակատն է անպաշտպան, հազարավոր զոհված զինվորներն են անպաշտպան, սպաներն են անպաշտպան՝ լեյտենանտից մինչեւ գեներալ, այլ անպաշտպան է նաեւ երկրի խոր թիկունքը: Ժողովուրդը սա չի ների Ալիեւին:

-Պարոն Հակոբյան, այն, որ Ադրբեջանը կարող է «Սմերչ» հանել անպաշտպան բնակչության դեմ, Ալիեւին ու նրա վարչակարգին հարիր է: Որ կարող է հրթիռներով օրեր շարունակ հարվածել Ստեփանակերտին, էլի ապշեցուցիչ չէ. պարտվածի թուլություն է, լրիվ անհասկանալի էր Բերձոր-Լաչին կամրջի վրա երկու հրթիռ նետելը: Այդ կամուրջը բացառիկ նշանակություն ունի՞:

-Առաջին անգամ չէ, որ երբ Ադրբեջանն սկսում է պարտվել, հիմարություններ է անում: Ինձ նույնպես անհասկանալի է Ձեր նշած կամուրջը հրթիռակոծելու դրդապատճառը, ընդ որում՝ հրթիռներից մեկը կամրջից հեռու էր ընկել, իսկ մյուսը այնքան թեթեւ էր վնասել կամուրջը, որ այն շարունակում էր ծառայել իր նպատակին: Ի դեպ, մեր հետախուզական խումբը որոշ ժամանակ անց թափանցեց թշնամու թիկունք եւ ոչնչացրեց Ստեփանակերտին հարվածող «Լոռա» կայանքը:

-«Լոռան» իսկապես, «Իսկանդերի» հզորության զե՞նք է:

-Այո´, եւ կարելի է ասել, որ Ադրբեջանն արդեն կիրառել է իր ամբողջ զինանոցը:

-Տեսե´ք, Դուք ասում եք, որ ադրբեջանական կողմը ոչ մի հաջողության չի հասել այս պատերազմում, իսկ Ալիեւը խոսում է իր բանակի գրաված 7 գյուղերի մասին:

-Ալիեւը, մեղմ ասած, չափազանց գունազարդել է իրականությունը: Այդ 7 գյուղերից մեկը՝ Թալիշը, միջդիրքային տարածք է, եւ կողմերից ոչ մեկը չի կարող ասել, որ իր տիրապետության տակ է: Երկրորդը Մատաղիսն է, որը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, վերածվեց փլատակների, եւ որի մի մասը հայկական կողմի կրակի տակ է: Մյուս հինգը փոքրիկ տարածքներ են՝ մի քանի քանդված տներով, խոտածածկ, անմարդաբնակ տարածք: Ուստի, ադրբեջանական կողմը 5 գյուղի փոխարեն պիտի ասի 5 դիրք, եւ դա ավելի մոտ կլինի ճշմարտությանը: Ի դեպ, Մատաղիսի 30 տոկոսը մեր կրակային հարվածի տակ է:

-Այդուամենայնիվ, մեր զորամասի վրա ծածանվող ադրբեջանական դրոշը տրամադրություն փչացրեց:

-Դա էժան ներկայացում էր, որ հենց տրամադրություն փչացնելու համար էլ արվել էր: Փոխարենը, բավականին ոգեւորիչ է ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտայում նշմարվող գզվռտոցը: Թուրքիայից ժամանած խորհրդականները փորձում են գլխավոր շտաբի պետ, ազգությամբ լեզգի և այդ ազգի հերոս ընկալվող Նաջմեդ Սադիկովի վրա բարդել իրենց ռազմական անհաջողությունների մեղքը: Վերջինս ակտիվ պաշտպանվում ու հակադարձում է: Իսկ Հայաստանում ե´ւ քաղաքական էլիտան, ե´ւ ռազմական էլիտան միասնաբար ու համերաշխ պայքարում են հաղթանակի համար:

-Ինչպե՞ս է արձագանքում արտերկրյա մեդիա տիրույթը սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողություններին:

-Ոչ միանշանակ՝ առաջին օրերին, իսկ ավելի ուշ արդեն միջազգային լրատվամիջոցների հրապարակումների մեծ մասը նպաստավոր էր մեզ համար: Բավական է նշել, որ BBC-ն խոսեց Ադրբեջանում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին, աշխարհով մեկ ներկայացրեց Ֆրանսիայի նախագահի եւ Ռուսաստանի պետդումայի քննադատությունը՝ կապված տեռորիստական խմբերի ներգրավվածությանը կոնֆլիկտին: Լուսաբանվեց նաեւ ռազմական հանցագործության մասին հայկական կողմի ՄԻԵԴ ներկայացրած հարցը:

-Ադրբեջանցի զինվորների գրպաններում եղած սրսկիչների մասին:

-Այդ ամենով հանդերձ, մեր գլխավոր հաղթաթուղթը մեր բանակի ռազմական հաղթանակներն են: Աշխարհը սիրում է ուժեղներին եւ հաշվի է նստում միայն ուժեղների հետ: Եթե մեր բանակը պարտվեր ճակատում, ոչ մի դիվանագիտություն մեզ չէր փրկի:

-Ինչո՞ւ ահաբեկիչների ներկայությունը ռազմաճակատում այդքան մեծ հնչեղություն ունեցավ, նրանք այդքան վտանգավո՞ր են:

-Մեր ռազմական պատմության մեջ նրանք հայտնի են բաշիբոզուկ անվամբ եւ հաճախ են հանդիպել մեր ժողովրդին թուրքական ռազմական միավորումների կազմում: Դա երկրորդային հարվածային ուժ է, որին հաստիքային ուժը մեծ կորուստներից պաշտպանելու նպատակով ուղարկում է ճակատ՝ ընդունելու առաջին եւ ամենածանր հարվածը: Այսպես եղավ, օրինակ, 1453 թվականին Կոստանդնուպոլսի պատերի տակ, այդպես եղավ այս պատերազմի ժամանակ: Մենք արժանի հակահարված տվեցինք ահաբեկչական գրոհին, մեզ չվախեցրին միջազգային մամուլում ահաբեկիչների դաժանության մասին տեսանյութերը, եզդիների սպանդի սարսռելի տեսարանները: Մեր բանակի պես լավ զինված, արհեստավարժ, խիզախ զինուժի համար ահաբեկիչները սարսափելի չեն, ու նրանք շուտով անվերադարձ կհեռանան Արցախից, ինչպես հեռացան աֆղան մոջահեդները կամ չեչեն գրոհայինները:

-Պարոն Հակոբյան, թշնամին անխնա հարվածում է մեր խաղաղ բնակավայրերին, անզեն ժողովրդին, բայց մենք նույնը չենք անում: Այդ միակողմանի գթասրտությունը ծիծաղելի չէ՞ արդյոք:

-Մենք խնայում ենք մեր զենքը եւ պաշտպանում ենք մեր միջազգային հեղինակությունը: Ադրբեջանցիները նույնիսկ սեփական ժողովրդին են դարձնում կենդանի թիրախ՝ ռազմաբազաներ տեղադրելով բնակավայրերում: Իսկ մենք այդ բազաները ոչնչացնելուց առաջ խաղաղ բնակչությանը հեռանալու ժամանակ ենք տալիս:

-Ադրբեջանի խաղաղ բնակչությունը անսաց այդ կոչին, նրանք անկանոն խմբերով փախչում էին Բաքու ու այլ ապահով բնակավայրեր:

-Մենք հայ ենք, մեր Արցախի նախագահը առաջնագծում իր զինվորների հետ սուրճ է խմում, մեր բարձրաստիճան սպաները պատերազմի ամենադաժան պահին զինվորի կողքին են՝ վտանգելով կյանքը, մեր վարչապետի ու նախարարների որդիները պատերազմական գոտում են, մեր ժողովրդին ոչ թե պարտադրաբար են ուղարկում ճակատ՝ սատարելու բանակին, այլ կամավորականների չդադարող հոսքից խնդրելով տուն են ուղարկում ծերերին ու բազմազավակ կանանց: Եվ հենց այս ամբողջ բարոյական ներուժն է, որ բազմապատկում է մեր զենքի հզորությունը:

-Եվ վերջում՝ հաղթելո՞ւ ենք, թե՞ հաղթել ենք:

-Անշուշտ՝ հաղթել ենք: Բայց պիտի մեծացնել հաշիվը ու հաղթել խոշոր հաշվով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս