«Գիշերային այս ժամին ծանր, դժվար և համառ մարտերը շարունակվում են. մեր զինված ուժերն ունեն հաջողություններ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները` Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ քաղաքներ, բնակավայրեր ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին, կան տուժածներ: Հստակ տվյալների մասին լրացուցիչ կասվի:

Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում կազմակերպված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամբողջ օրվա ընթացքում սահմանի երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ, ընթացել են համառ և դժվարին մարտեր: Այս պահին էլ այդ մարտերը շարունակվում են: Ճիշտ է` մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, ծանր, համառ, և, կրկնում եմ` գիշերային այս մութ ժամին դրանք շարունակվում են: Այսօր հաջողվել է մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել հակառակորդին, և հրթիռահրետանային մեր հուժկու հարվածների շնորհիվ հակառակորդը կորցրել է զգալի թվով տեխնիկա, տեսանյութեր հրապարակվեցին սոցցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդի շարասյունը գլխովի ջախջախվում և փախուստի դիմում: Նման հարվածներ հասցվել են ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հիշատակեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Պաշտպանության բանակի փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր է դարձել փրկել դիրքապահ 19 զինծառայողների կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս