Բաքուն Թեհրանից ներողություն է խնդրել Իրանի տարածքում ընկած արկերի ու հրթիռների համար
Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը:
«Ապրում ենք մի տարածաշրջանում, որում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն կա. հույս ունենք, որ սա շուտով կավարտվի, և երկու երկրների ժողովուրդները կրկին կհանդարտվեն: Հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մթնոլորտ կհաստատվի»,- նշել է նա և հավելել, որ հակամարտող երկու կողմն էլ զգուշացումից հետո ընդունել է իր սխալը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ԼՂ հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել էր, որ կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում: