«Վրաստանը կարող է խիստ խոցելի լինել ահաբեկչության և առհասարակ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ծավալման առումով». Շիրակ Թորոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ միջազգային հանրությունը բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում այն իրադարձությունների առնչությամբ, որոնք տեղի են ունենում Արցախում, այլ հարց է, թե դրա արդյունքներն ինչպիսին են լինելու։

«Մենք տեսանք Ֆրանսիայի շատ հստակ գնահատականները, այն առումով, որ շատ հստակ նշեց, որ Թուրքիան որպես երրորդ կողմ՝ միջամտում է կոնֆլիկտին, և երկրորդ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել ահաբեկիչների, որը կրկին անընդունելի է։ Այս երկու գնահատականները շատ սկզբունքային նշանակություն ունեն կոնֆլիկտի այսօրվա և հետագա ընթացքի վրա։ Սա արդեն ցույց է տալիս, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմում, այլ սա, փաստորեն, Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչություն եռյակի դեմ է պատերազմ»,- 168.am հետ զրույցում նշեց Շիրակ Թորոսյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դիրքորոշումներին, ապա, ըստ պատգամավորի, նրանք մտածելու լուրջ առիթ ունեն, մասնավորապես՝ Իրանը, որի համար անընդունելի է սիրիական ահաբեկիչների գտնվելն իր սահմանի մոտ, որի համար էլ խիստ մտահոգություն է հայտնել։ Մտահոգիչ է նաև Ռուսաստանի համար, քանի որ վերջինը Սիրիայում և Լիբիայում մարտնչում է հենց ահաբեկիչների դեմ, որպեսզի նրանք չմոտենան  իր սահմանին, սակայն այսօր Թուրքիայի թեթև ձեռքով հայտնվել են նրա սահմանին։

«Վրաստանը կարող է  խիստ խոցելի  լինել ահաբեկչության և առհասարակ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ծավալման առումով։  Ցավով արձանագրում ենք, որ մենք որոշակի խնդիրներ ունենք Վրաստանի հետ, որովհետև Վրաստանը հայտարարեց իր չեզոքության մասին և նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար փակում է սահմանը՝ ռազմաթերքի տեղափոխումը ցամաքով և օդով։ Մենք սա նորմալ ընդունեցինք, սակայն, դժբախտաբար, մեզ հասնում են տեղեկություններ, այն էլ՝ շատ հավաստի, որ Իսրայելը և այլ երկրներ Վրաստանի օդային տարածքով ռազմատեխնիկական բնույթի բեռներ են տեղափոխում Ադրբեջան։ Ցավալիորեն մեզ նաև լուրեր են հասնում  այլ բնույթի խոչընդոտների մասին, թե որքանով են դրանք հավաստի՝ չենք կարող ասել։ Ուզում եմ հավատալ, որ նման բան չկա, ուզում եմ հավատալ, որ Վրաստանը գիտակցում է  այս ամենի վտանգավորությունը»,- հավելեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ուղիղ մեկ դար առաջ այս օրերին ընթանում էր թուրք-հայկական պատերազմը, որի հետևանքով Հայաստանը կորցրեց իր պետականությունը, հենց այդ ժամանակ Վրաստանը Թուրքիայի հանդեպ ցուցաբերեց բարյացակամություն, և այսօրվա խնդիրները, որոնք առաջանում են տարանցման հետ կապված, եղել են նաև այդ ժամանակ։

Նա նաև ընդգծեց, որ որևէ պահի, եթե տեսնի՝ ամեն ինչ օրհասական է, յուրաքանչյուրն իր հերթին՝ պատրաստ է լինելու սահման գնալու,  հայրենիքի համար նահատակվելու։

«Ես տղա երեխա ունեմ և երբեք չէի ուզենա այսպիսի ծանր բեռ թողնել իմ երեխային, այսօր ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ երեխան 10 տարի հետո ունենա խաղաղ ապրելու իրավունք և իր հայրենիքում ծաղկելու ու բարգավաճելու իրավունք»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս