Բաժիններ՝

«Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով». փոխքաղաքապետ

Պատերազմի հենց առաջին օրերից ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի մայրաքաղաքը: Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այսօր ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ այս օրերին արդեն ուսումնասիրվում են մայրաքաղաքի ավերածություններն ու որոշվում է վնասների  աստիճանը:

«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, խուճապի խնդիր չկա: Եթե տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել կրած վնասները և ապահվել քաղաքի բնականոն կյանքը»,- ասաց Թամրազյանը:

Ենթակառուցվածքների վնասման պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ միայն գազի անջատումներ են եղել:

«Էլեկտրականության հետ կապված գրեթե բոլոր խափանումները վերացվել են, այս պահին աշխատանքներ են տարվում, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում անջատումներ չեն լինելու: Ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա, միանշանակ չի խափանվելու»,- ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետը:

Սուրեն Թամրազյանը նշեց, որ մայրաքաղաքը թիրախավորելու արդյունքում վնասվել են տասնյակ բնակելի և բազմաբնակարան շենքեր, կան վնասված ճանապարհներ:

««Արցախէներգո»-ի մասնաճյուղն էր տուժել, բայց վերանորոգվել է, վերականգնվում է, այսօր էլ գործում է: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վարչական շենքն է տուժել, ինչպես նաև ենթակառուցվածքներ, բայց կապն անխափան է եղել»,- ասաց նա:

Թամրազյանը վստահեցրեց՝ իրենց աշխատանքային  խմբերն ամեն ինչ անում են, որ գործեն բոլոր ծառայությունները: Սա վերաբերում է նաև քաղաքի մաքրությանը:

«Սանմաքրման աշխատողները վաղ առավոտյան՝ անգամ ռումբերի տակ, դուրս են գալիս, բերում են քաղաքն այն վիճակին, որ պետք է լինի թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ այս պահին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ապաստարաններին, Սուրեն Թամրազյանն ասաց, որ ունեն ապաստարաններ, որոնք կահավորված են և պատրաստ են եղել այս օրերի համար: Ստեփանակերտի փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ ունեն թեժ գիծ, որին կարող են զանգահարել բնակիչները:

«Մենք փորձում ենք ժողովրդին երկու-երեք օրվա ռեզերվով ապահովել սնունդով, տաք հագուստ ու վերմակներ ենք տանում: Ապահովում ենք բոլոր այն պարագաներով, որոնք պետք են»,- ասաց Թամրազյանը:

Ռուս լրագրողի հարցին, թե բնակչության քանի՞ տակոսն է մնացել Ստեփանակերտում, փոխքաղաքապետը պատասխանեց.

«Ստեփանակերտի բնակչության 50-60 տոկոսը քաղաքում է: Հիմնականում գնացել են այն ընտանիքները, որոնք ունեն հիվանդներ, երեխաներ, ծեր մարդիկ: Բայց բնակչության հիմնական մասը, որն այստեղ ապրում է և պայքար է մղում այն բանի համար, որ այս հողը մերն է, այստեղ է: Բնակչության միայն 30-40 տոկոսն է լքել քաղաքը»:

Սուրեն Թամրազյանը նաև նշեց, որ Ստեփանակերտ են եկել Արցախի այն հատվածներից, որտեղ այժմ պատերազմական գործողություններ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս