«Կարծում եմ՝ վարչապետն արդեն արտահայտել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը»․ Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումն աստիճանաբար մեծանում է, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու և շարունակելու է ռազմական ագրեսիան:
«Որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Բաքվում, պետք է հասկանանք, որ այն, ինչ ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է այս ընթացքում, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիևի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Նա շեշտեց, որ պետք է հասկանալ, որ հայկական կողմը գործ ունի բռնապետական երկրի հետ, որտեղ ցանկացած բողոքի ակցիա կասեցնում են, նույնիսկ մարդկանց տանում ազգային անվտանգություն: Հետևաբար, այս պահին Ադրբեջանում բողոքի ակցիա սկսելու համար տեղի հասարակությունը պետք է գիտակցի այն բոլոր ձախողումները, որոնք կրում են սահմանին:
«Կարծում եմ՝ Ալիևը միտումնավոր չի գնում անգամ հումանիտար հրադադարի՝ շատ լավ հասկանալով, թե դրանից հետո իրենց ինչ է սպասվելու: Աշխարհում չգիտեմ նման մեկ դեպք, որ 11 օր շարունակ սեփական հասարակությունից թաքցնեն, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից ներկայացրած դիմումին՝ Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ գործուն քայլեր, որոնք այս պահին տեղի են ունենում, իրականացվում են Պաշտպանական բանակի կողմից, կան բազմաթիվ հայտարարություններ, և շատ կարևոր է այն ֆոնը, որը ստեղծում են արձագանքները:
«ՄԻԵԴ վճիռը հստակ արձանագրում է Թուրքիայի ներգրավվածության մասին, հետագայում սա գնում է Նախարարների կոմիտե և ընթացք է ստանում»,- նշեց Տ. Հայրապետյանը:
Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ խոսակցություններին, պատգամավորն ասաց, որ այդ խոսակցությունները նոր չեն, նման խոսակցություններ կան 90-ականներից սկսած:
«Կարծում եմ՝ վարչապետն արդեն արտահայտել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, դրան հավելելու բան չունեմ: Ռուսական կողմը հստակ արձանագրել է, որ Հայաստանի սահմանի ուղղությամբ հնարավոր ագրեսիայի դեպքում ՌԴ-ն պատրաստ է կատարել իր պարտավորությունները»,- ընդգծեց նա:
Իսկ խաղաղապահների տեղակայման մասին հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր օրեր առաջ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի հարցին, թե՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում