Մենք չենք կարող հանդուրժել երրորդ երկրներից միջամտություն ԼՂ հակամարտությանը․ Իզաբել Սանտոշ
«Թուրքիան հրահրում է հակամարտություններ և անկայունություն»,- այս մասին Եվրախորհրդարանում ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոշը՝ մասնակցելով այսօր ԵԽ լիագումար նիստում Արցախյան հակամարտությանը նվիրված քննարկմանը։
Նա նշեց, որ անհապաղ հրադադարի կարիք կա առանց նախապայմանների, որպեսզի ունենանք բանակցություններ և խստորեն հարգենք Հելսինկյան եզրափակիչ ակտը և վեց սկզբունքները, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
«Մենք չենք կարող հանդուրժել երրորդ երկրներից միջամտություն, քանի որ Թուրքիայից ականատես ենք եղել այնպիսի վերաբերմունքի, որը բացարձակապես անընդունելի է, և դա մի երկիր է, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, Թուրքիան հրահրում է հակամարտություններ և անկայունություն»,- ասաց Սանտոշը, շարունակելով դիմել ԵՄ Բարձր ներկայացուցչին, որ ԵՄ-ն պետք է ներգրավված լինի այս և այլ սառեցված հակամարտություններին անկայունությունը վերացնելու նպատակով։