Թուրքիան նմանատիպ բան արդեն արել է Լիբիայում՝ օգտագործելով բռնությունն արդեն իսկ վատ իրավիճակում․ Լարս Պատրիկ Բերգ
«Թուրքական ռազմավարությունն է օգտագործել սիրիացի վարձկաններին»,- այս մասին այսօր Եվրախորհրդարանում ասաց Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմից նկատել է մեծ կազմակերպվածություն և, ըստ նրա, մենք չպետք է զարմանանք, քանի որ շաբաթներ շարունակ անհանգստացնող «ձայներ» են լսել Բաքվից։
«Օգոստոս ամսին Ադրբեջանը իրականացրեց միացյալ ռազմական գործողություններ Թուրքիայի հետ, և հետո Թուրքիան աջակցեց Ադրբեջանի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Կարծես թե կասետային ականներ են օգտագործվել, և մեդիա հաղորդագրությունների համաձայն՝ Անկարան ուղարկել է ահաբեկիչներ Ադրբեջանին օգնելու համար։ Թուրքիան նմանատիպ բան արել է Լիբիայում, օգտագործելով բռնությունն արդեն իսկ վատ իրավիճակում։ Թուրքական ռազմավարությունն է՝ օգտագործել սիրիացի վարձկաններին»,- ասաց եվրոպացի պատգամավորը՝ շարունակելով, որ, եթե սիրիական-լիբիական սցենարը կրկնվի այստեղ, ապա այդ մարդիկ պետք է վճարվեն իրենց աշխատանքի դիմաց, դրանից առաջանան նոր ռիսկեր՝ կապված տարածաշրջանում էքստրեմիզմի հետ։